Մատչելիության հղումներ

Լյուքս Ստեփանյանի հետ ծանր վիրավորված զինծառայողի ընտանիքն արձագանքում է դատավճռին


«Դավիթ Խաչատրյանի ՝ բանտում գտնվելու տարիների քանակը չի մեղմի մեր ցավը», - 20-ամյա զինծառայող Խաչատրյանին 17 տարվա ազատազրկման դատապարտելու՝ Տավուշի մարզի դատարանի ուրբաթ օրվա վճռին «Ազատության» հետ զրույցում այսպես արձագանքեց երիտասարդի կրակոցի հետևանքով առաջին կարգի հաշմանդամ դարձած Հրաչյա Սարգսյանի հայրը՝ Վաղինակ Սարգսյանը։

Դատարանը Դավիթ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ծառայակիցներ Լյուքս Ստեփանյանին դիտավորյալ սպանելու և Հրաչյա Սարգսյանին կյանքի համար վտանգավոր վնասվածք հասցնելու մեջ։

Լյուքս Ստեփանյանի ծնողները շարունակ բարձրաձայնում են, որ պատժաչափը մեղմ է, որ պետք է իրենց որդուն սպանողը դատապարտվեր ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման։ Վիրավոր Հրաչյա Սարգսյանի հարազատների համար (ովքեր չեն մասնակցել որևէ դատական նիստի) այսօր առաջնահերթը նրա առողջությունն է:

«Լյուքսի ծնողների իրավունքն է, թե ինչ են ուզում, ինչ են պահանջում։ Դավիթի ազատազրկման տարիները ո'չ իմ հոգսը կթեթևացնեն, ո'չ իմ վիշտը։ Ինձ համար Դավիթը քանի տարի կնստի, էական չի։ Ուրիշի ցավը իմ ցավը չի մեղմի», - ասաց Վաղինակ Սարգսյանը։

Մեղադրական եզրակացության համաձայն, անցած տարվա մայիսի 15-ի ցերեկը Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին իպատասխան է կրակոց արձակել նրա ուղղությամբ, ինչի հետևանքով Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ Հրաչյա Սարգսյանը` վիրավորվել։

Ուղեղի վնասվածք ստացած Հրաչյան դեպքից հետո մոտ մեկ ամիս անգիտակից պառկած էր հիվանդանոցում, վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Գիտակցության գալուց ի վեր երիտասարդը պնդում է, որ դեպքից ոչինչ չի հիշում, նույնը ասել է նախաքննական ցուցմունքում: Բժիշկներն օրինաչափ են համարում ուղեղի վնասումից հետո հիշողության մասնակի կորուստը։ Հիմա, չնայած ձախ կողմի շարժումները պարալիզացված են, բայց արդեն կարողանում է քայլել, ձեռքը, սակայն, չի աշխատում:

«Վնասվածքը շատ լուրջ էր, շատ լուրջ։ Եվ փառք Աստծո, որ այդքան մեծ վնասվածքից հետո Հրաչյան ապաքինվում է, կազդուրվում է։ Զարմանալի երևույթ, մինչև անգամ բժիշկներն են զարմանում օրգանիզմի վրա», - նշեց հայրը։

«Առաջվա վրա լավ եմ, ահագին փոփոխություն կա, բայց դեռ շատ բաներ կան, որ չեմ կարողանում անեմ, օրինակ՝ ձախ ձեռքով կարողանայի բաժակ վերցնել, գոնե այդքանը լիներ՝ լավ կլիներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց վիրավոր երիտասարդը: - «Տան մեջ առանց օգնության շարժվում եմ, բայց դուրսն արդեն ֆիքսատորի օգնությամբ, առանց ֆիքսատորի չեմ կարողանում դուրս գալ»։

Հրաչյան ասաց, որ դեպքի օրվա հետ կապված ոչինչ չի հիշում, բայց և' նա, և' հայրը կարծում են, որ Դավիթը դիտավորյալ չէր կարող իր մտերիմ ընկերների վրա կրակել, կատարվածը պատահականություն է։ «17 տարվա ազատազրկումը շատ էր», - համոզված է երիտասարդը: - «Դեպքից, ցավոք, բան չեմ հիշում, բայց չեմ կարողանում հավատալ, որ կարող է պատահական չլիներ, չէր կարող ուրիշ ձև լիներ։ Որովհետև երեքս իրար հետ մոտ էինք, չէր կարող ուղղակի էդպես լիներ։ Հնարավոր է՝ չմտածված զենքը լիցքավորեր, բայց չէր կարող դիտավորյալ կրակեր»։

«Առաջին օրվանից ասում եմ՝ դիտավորյալ զենքը գոտկատեղից չեն կրակում», - հավելեց հայրը՝ Վաղինակ Սարգսյանը: - «Բնականաբար, մարդը եթե հանցագործություն է գործում, պետք է իր պատիժը կրի, բայց ցանկալի չէ 30-ական թվականների նման չարածի համար պատասխան տալ։ Էդ ձևով ոչ մեկիս վիշտը չի փարատվի, էդ ձևով ոչ մեկիս հոգսը չի թեթևանա»։

Հարցին, թե չմասնակցեցին դատական նիստերին, վիրավորի հայրը արձագանքեց. - «Իմ ներկայությունը ոչ մի բան չէր փոխի էնտեղ։ Ես չէի գոռգոռա, ես պետք է գնայի, խելոք նստեի, ուրիշների գոռգոռոցը լսեի, գայի։ Ավելի լավ չէ՞ր դրա փոխարեն զբաղվեի իմ որդու առողջությամբ։ Ավելի նպատակահարմար գտա թե' Իջևան գնալ-գալու ծախսերը, թե' ժամանակը ուղղել Հրաչյայի վերականգնմանը»։

Դատապարտված Դավիթ Խաչատրյանի ընտանիքը «վիրավորական» է համարում «դիտավորյալ» սպանություն ձևակերպումը։ Եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասում էր՝ թող այլ հոդվածներով մեղադրանք առաջադրեն ու էլի 15 տարուց ավելի ազատազրկում տան Դավիթին: Իրենք չեն ասում, թե նա անմեղ է, բայց ընկերների վրա դիտավորյալ կրակելու պիտակ չկպցնեն, որը Դավիթի ճակատին կմնա ողջ կյանքում. - «Եթե ինքն իրականում դիտավորյալ արած լիներ, ես իմ ամոթը կառնեի, գլուխս կպարտակեի, կասեի՝ լավ, եղել եղել է, թողենք մի քանի տարի կանցնի, մի բան կանենք։ Բայց ահագին ապացույցներ կան, որ անփութություն է եղել, անզգուշություն է եղել, պատի միջոցով է կպել պատրոնը... Այսինքն պիտի մարդ առնվազն կույր լինի, որ չտեսնի այս ամեն ինչը... Խստագույնս թող դատապարտեն, համաձայն եմ, որովհետև զոհ է եել, ջահել երեխա է մահացել, մյուսն էլ պրոբլեմներ ունի առողջական։ Ես համաձայն եմ, թե մի բառ խոսեմ, թե մեր ընտանիքից մի բառ դուրս գա.... բայց ոչ թե դիտավորյալ սպանությունով, այն էլ՝ իր ընկերների նկատմամբ»։

«Օրինական ձևով բոլոր ատյաններում բողոքարկելու ենք, մինչև Եվրադատարան բողոքելու ենք», - հավելեց նա։

XS
SM
MD
LG