Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանը հերքում է Աֆրիկյանների շենքի հետ իր առնչությունը


Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ հարցազրույցում հերքում է իր ու իր ընտանիքի կապերը Աֆրիկյանների ակումբի շենքի հետ։

««Մոցարտը», Աֆրիկյանները, «Երևան մոլը» էդ բոլորը նույն շարքից են, ուրիշ էլ ի՞նչ կա․․․ Իմ հայտարարագիրը դուք բարձրացրեք և կարդացեք: Էն, ինչ ինձ վերագրում են, իրականությունից դուրս են, ինչ որ իրականությանը բռնում է, իմ հայտարարագրում նշված է»,- ասաց ֆինանսների նախարարը:

«Հետք» էլեկտրոնային պարբերականը լայնածավալ հետաքննության արդյունքում գրել էր, որ Աֆրիկյանների ակումբի շենքը Գագիկ Խաչատրյանի ու որդիների բիզնեսի շղթայի մի օղակն է։ Խաչատրյանը, սակայն, հակառակն է պնդում և լրագրողներից մեկի այն հարցին, թե կո՞ղմ է, որ հուշարձանը տեղափոխվի, նշում է, որ քանի որ մանրամասների չի տիրապետում, ոչինչ չի կարող ասել։

Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, այժմ ֆինանսների նախարար Խաչատրյանը, անդրադառնալով իր ունեցվածքին, կրկին պնդեց, որ դրանք ձեռք են բերվել երկար տարիների աշխատանքի շնորհիվ, և որ ինքն ունի այն, ինչ մատնանշված է հայտարարագրում, լրատվամիջոցների էջերում պարբերաբար հայտնված այլ բիզնեսների հետ կապ չունի:

«Աշխատանքով, երկար տարիների չարչարանքով և հիմնավոր, հայտարարագիրը նայեք, կգտնեք: Ուրեմն իմ հարստությունը այն, ինչ որ կա, գրված է և ձեռքբերումները և հիմնավոր ձևով․․․ էն, ինչ որ հորինված է, իրականությանը չի համապատասխանում և դուք եթե ուշադիր որևիցե մեկ անգամ չեն գրում, որ իմ բարեկամները, իմ մտերիմները, իմ ընկերները իրենց հարկային պարտավորությունները և օրենքից դուրս գործողություններ են անում: Եթե դուք ուշադիր նայեք, կտեսնեք: Եթե դա լիներ, կգրեին չէ»,- ասաց նա:

Հիշեցնեմ, որ նախորդ տարի Խաչատրյանի դեմ բողոք էր ներկայացվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը՝ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով: Հանձնաժողովը, սակայն, եզրակացրել էր, որ շահերի բախում չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG