Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 70 տոկոսը ողջունում է Եվրասիական միության ստեղծումը


Եվրասիական տնտեսական միության առաջնորդները և Հայաստանի նախագահը Աստանայում համերգ են ունկնդրում, 29-ը մայիսի, 2014թ․:
Եվրասիական տնտեսական միության առաջնորդները և Հայաստանի նախագահը Աստանայում համերգ են ունկնդրում, 29-ը մայիսի, 2014թ․:

Հարցվածների 45 տոկոսը բացի Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից միության կազմում ցանկացել է տեսնել Հայաստանին:

Ռուսաստանցիների 70 տոկոսը Եվրասիական միության ստեղծումը ողջունում է․ սա է վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (Всероссийский центр изучения общественного мнения-ВЦИОМ) նոր հրապարակումը:

Եվրասիական միությունը, որը ստեղծելու գաղափարը դեռ 20 տարի առաջ առաջարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, նախատեսվում է գործարկել 2015 թվականի հունվարի 1-ից: Հայաստանը ևս ցանկություն է հայտնել դառնալ այդ միության անդամ:

Ներկայումս միայն հարցվածների 4 տոկոսն է դեմ արտահայտվել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից նոր միություն ստեղծելու գաղափարին, իսկ 25 տոկոսը դժվարացել է իր վերաբերմունքը ձևակերպել:

ВЦИОМ-ը պարզել է, որ հարցվածների 41 տոկոսը կցանկանար, որ Եվրասիական տնտեսական միությունը լիներ բոլորովին նոր մի միավորում` աշխատանքի իր ուրույն ձևաչափով: Նման տեսակետ առավելապես արտահայտել են հարցմանը մասնակցած բարձրագույն կրթությամբ անձինք: Յուրաքանչյուր չորրորդը կողմ է արտահայտվել, որ Եվրասիական միությունը դառնա ԽՍՀՄ նորացված տարբերակը` անդամ երկրների քաղաքական անկախության պահպանմամբ: Եվ միայն 10 տոկոսն է կարծիք հայտնել, որ նոր միությունը կլինի Եվրամիության իրենց տարբերակը:

Ո՞ր քաղաքը պետք է լինի Եվրասիական միության մայրաքաղաք հարցին մեկ երրորդը առաջարկել է Եկատերինբուրգը, Մոսկվայի օգտին են արտահայտվել հարցվածների 22 տոկոսը: Ղազախստանի մայրաքաղաք Աստանան հարցվածների 16 տոկոսն է հարմար համարել Եվրասիական միության մայրաքաղաքի համար, 5 տոկոսը նշել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկը:

Բացի Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից ուրիշ ի՞նչ պետություն կցանկանայիք տեսնել Եվրասիական միության կազմում հարցին առավել հաճախ հնչել է «Հայաստան» պատասխանը․ այդպես է պատասխանել հարցվածների 45 տոկոսը:

Ադրբեջանը Եվրասիական միության կազմում տեսնել ցանկացողները կազմել են 23 տոկոս, Ղրղըզստանը, Մոլդովան նոր միության կազմում ցանկանում է տեսնել հարցվածների 1/5-ը, 14 տոկոսը` պատասխանել է Վրաստան, իսկ ամենաքիչը հնչել է Ուկրաինա պատասխանը. իրենց հարևան երկիրը նշել է միայն հարցվածների 10 տոկոսը:

Հարցվածների 13 տոկոսն էլ ասել է, որ Եվրասիական միությունն ընդհանրապես պետք չէ ընդլայնել:

XS
SM
MD
LG