Մատչելիության հղումներ

Մայր Աթոռում վերաբացվել է Հին Վեհարանը


Վերաբացված Հին Վեհարանի ցուցասրահներից մեկը

Վերաբացված Հին Վեհարանի ցուցասրահներից մեկը

Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղի է ունեցել Հին Վեհարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ պատմական կառույցը հիմնանորոգվել ու բարեկարգվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և տիկին Վերա Սեդրակյանի բարերարությամբ:

Բացման արարողությանը ներկա էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Մայր Աթոռի միաբաններ, Հին Վեհարանի բարերարները և ՀԲԸՄ-ի անդամներ, ինչպես նաև կրթության ու մշակույթի գործիչներ:

Ղազար առաջին Ջահկեցի Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության շրջանում`1738-1751 թվականներին, Հայոց կաթողիկոսարանը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի արևմտյան կողմից փոխադրվում և հաստատվում է դեռևս Սուրբ Մովսես երրորդ Տաթևացի հայրապետի շրջանում (1629-1632 թվականներ) կառուցված երկհարկանի շենքի վերին հարկում: Մինչև 1962 թվականը Ամենայն Հայոց հայրապետները բնակվել և իրենց գործունեությունն իրականացնել են Հին Վեհարանի շենքում: 1968 թվականին, պայմանավորված նոր Վեհարանի հիմնադրմամբ, Վազգեն առաջին հայրապետի նախաձեռնությամբ և ազգային բարերար Ալեք Մանուկյանի աջակցությամբ Հին Վեհարանը նորոգվում է և սկսում գործել որպես թանգարան:

2010-14 թվականների հիմնանորոգությունից հետո Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց հայրապետի օրհնությամբ Հին Վեհարանում հաստատվում են Հայոց հայրապետներին և արքաներին նվիրված ցուցասրահներ, որտեղ զետեղված են նրանց գեղանկարները, նվիրական առարկաներ և անձնական իրեր: Հովնաթանյանների ձեռքով նկարազարդված գահասրահում` «Ծաղկյա դահլիճում», ցուցադրվում է 400 տարվա հնություն ունեցող Սրբալույս Մյուռոն: Այստեղ է նաև 1837 թվականին Մադրասում պատրաստված Հայոց հայրապետների պատմական գահը և Հայրապետական արծիվը, որ պատկանել է Փիլիպոս առաջին Աղբակեցի Ամենայն Հայոց կաթողիկոսին (1632-1655 թվականներ): Սրահներից մեկում ցուցադրության են դրված նաև Կոմիտաս վարդապետին պատկանած իրեր, ներկայացված են հայկական արծաթագործության և ասեղնագործության եզակի ստեղծագործություններ, ծիսական պարագաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG