Մատչելիության հղումներ

Նախագահը մաղթում է, որ «Սահմանադրությունն ամեն օր իրականացվի սրբությամբ և անշեղորեն ծառայի քաղաքակիրթ ապրելակերպի ու զարգացման նպատակներին»:

Հուլիսի 5-ին Հայաստանը տոնում է Սահմանադրության օրը:

Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձով է հանդես եկել նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր երկրի Մայր օրենքն արտահայտիչն է մեր ժողովրդի ընտրած ուղու՝ ազատ, ժողովրդավարական հասարակություն և սոցիալական ու իրավական պետություն կառուցելու ճանապարհի: Անկախության ձեռքբերումից ի վեր կատարվել է հսկայական աշխատանք, մենք հասունացել ենք որպես հասարակություն, ամրացել որպես պետություն», - ասված է ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Երկրի քաղաքական կյանքում եղել են նույնիսկ ճգնաժամային իրավիճակներ, բայց անգամ այդ դեպքերում Սահմանադրությունը դրսևորել է իր կենսունակությունը և բացահայտել մարտահրավերները հաղթահարելու հնարավորությունները», - իր ուղերձում նշում է Սերժ Սարգսյանը:

«Այս ընթացքում հասունացել է նաև երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Առանց սահմանադրական նոր բարեփոխումների դրանք չեն կարող լինել ամբողջական և համընդգրկուն: Այսօր սահմանադրական բարեփոխումների նոր առաջարկներն ակտիվորեն քննարկվում են մասնագետների և շահագրգիռ անհատների ու կազմակերպությունների կողմից», - ասված է ուղերձում:

Նախագահը մաղթում է, «որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամեն օր իրականացվի սրբությամբ և անշեղորեն ծառայի քաղաքակիրթ ապրելակերպի ու զարգացման նպատակներին»:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը իր տոնական ուղերձում, մասնավորապես, գրում է․ - «Իրավունքների, պարտականությունների ու ազատությունների օբյեկտիվ ըմբռնումը, սեփական գործողությունների նկատմամբ քաղաքացու, պետության ու հասարակության պատասխանատու և գիտակցված վերաբերմունքը Հայաստանի առաջընթացի կարևոր գրավական են: Համոզված եմ, որ, հավատարիմ մնալով մեր ժողովրդի շահերին համապատասխանող իրական ժողովրդավարության սկզբունքներին, միասին մեր երկիրը կդարձնենք ավելի ուժեղ, մրցունակ ու բարեկեցիկ»:

Գործող Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեով: 2005 թվականին, կրկին հանրաքվեով, այն փոփոխվել և լրացվել է:

Այժմ նոր փոփոխություններ են պատրաստվում Հիմնական օրենքում, դրանք մշակում է երկրի նախագահի հրամանագրով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG