Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը այցելել է Քեսաբ


Սիրիա - Հայկական եկեղեցի Քեսաբում

Սիրիա - Հայկական եկեղեցի Քեսաբում

Հուլիսի 1-3-ը Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի և Դամասկոսի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել է Լաթաքիա նահանգ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Լաթաքիայի նահանգապետ Ահմադ Շեյխ Աբդուլքադերը ներկայացրել է նահանգի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է Լաթաքիայի, ինչպես նաև քեսաբահայության ավանդական ծանրակշիռ դերը նահանգի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում, մտքեր են փոխանակվել ներկայումս նրանց առջև ծառացած հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում նահանգապետը և դեսպանն անդրադարձել են վերջերս սիրիական բանակի կողմից ազատագրված հայաբնակ Քեսաբում այժմ տիրող իրադրությանը:

Այցի շրջանակներում Փոլադյանն այցելել է Քեսաբ, ուր քաղաքապետ Վազգեն Չափարյանի և շտապօգնության մարմնի հետ քննարկել է քեսաբահայերի՝ հայրենի քաղաք վերադարձի և նոր կյանք սկսելու հետ կապված դժվարություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Դեսպանն այցելել է նաև Քեսաբի ռազմական ընդհարումների ընթացքում տուժած հայկական եկեղեցիներն ու մշակութային կենտրոնները:

Այնուհետև Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացու անձնագրերի հանձնման արարողությունը: Հանդիսավոր պայմաններում Հայաստանի քաղաքացու անձնագրեր են ստացել մի քանի տասնյակ լաթաքիահայեր, որոնց շնորհավորելով` դեսպանն ընդգծել է, որ յուրաքանչյուր հայի կյանքում մեծ և հիշարժան իրադարձություն է Հայաստանի քաղաքացի դառնալը, և հույս է հայտնել, որ իրենց գործունեությամբ նրանք մշտապես բարձր կպահեն Հայաստանի քաղաքացու պատիվը:

Հայ համայնքի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի ղեկավարության դերակատարությունը թե՛ քեսաբահայության, թե՛ առհասարակ սրիահայության խնդիրներին լուծումներ գտնելու հարցում, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG