Մատչելիության հղումներ

Հարությունյանը ստանձնում է տեղի ունեցածի բարոյական պատասխանատվությունը


Նոյեմբերի 5-ի գործով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանության մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանն այսօր դատարանում հանդես եկավ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ Ղազախստանի արտգործնախարարի նշած ժամկետին ու դրա կապակցությամբ Հայաստանի իշխանության լռությանը:

«Ասենք ղազախները չպիտի որոշեն Հայաստանը հոկտեմբերին կլինի, թե դեկտեմբերին: Բոլոր նրանք, ովքեր ունեն էնքան արժանապատվության զգացում, որ իրանց համար վիրավորական ա, որ ղազախը որոշի Հայաստանի տեղը ԵվրԱզԷս-ում ա, թե Եվրամիությունում, եթե չեն վիրավորվում, թող էթան Սերժի հետ հարմարվեն, ապրեն»,- հայտարարեց Հարությունյանը:

Նա կասկածեց՝ Սերժ Սարգսյանը մի քանի տարի էլ կկարողանա՞ մնալ պաշտոնում.- «Ասում եմ, լավ դու անինքնասեր ես, քո ճակատագիրը տվել ես միշտ իրանք են որոշել, թող որոշեն, խի՞ ես Հայաստանի ճակատագիրը․․․ վաբշե դու ի՞նչ իրավունք ունես Հայաստանում պրեզիդենտ լինես․․․»:

Նոյեմբերի 5-ին տեղի ունեցածը, ըստ Շանթ Հարությունյանի, իր և ընկերների մտադրությունների մեջ չի եղել: Նա ասաց՝ իրեն բազմիցս զգուշացրել են սադրիչների մասին, նաև ասել են, թե հնարավոր է՝ դիպուկահարները կրակեն: Ինչ վերաբերում է ոստիկանին հարվածելու մեղադրանքին․- «Խփելով նրա գլխին՝ Հայաստանի քաղաքացու պրիստիժն եմ բարձրացնում, ժողովուրդ ջան, Հայաստանի քաղաքացու իրավունքները ամրագրում եմ: Իշխանության հավատարիմ շունը ոստիկանն ա, իշխանությունը ոչինչ չունի ընդդիմախոսներին․․․ բանավիճի հետս, քարոզի, թերթ տպի, իրա միակ պատասխանը բռնությունն ա»:

Շանթ Հարությունյանը, բացատրելով իր և ընկերների արածը նոյեմբերի 5-ին, հայտարարեց, որ ստանձնում է տեղի ունեցածի բարոյական, իսկ եթե հնարավոր է՝ նաև իրավական պատասխանատվությունը․ - «Մարդիկ Նժդեհ են կարդացել, Սպարտայի մասին կինո են նայել, մենք սենց ենք դաստիարակվել: Երեխա վախտվանից էդ տղեքը իմ հետ են եղել․․․ 25 տարի անընդմեջ որոշում ես կայացնում՝ լավ իմանալով, որ ընկերներդ բերդերում են լինելու կամ զոհվելու են: Էս ձևի տղերքը Հայաստանում միշտ եղել են հազվագյուտ քիչ, դրա համար էլ հայ ժողովուրդը միշտ եղել ա սենց ողորմելի ու թշվառ»:

Շանթ Հարությունյանը հակադրեց իշխանությունների և հիմա իր հետ ամբաստանյալի աթոռին հայտնված համախոհների գործունեությունը․- «Դատարանում ես արդարանալու խնդիր չունեմ, ոչ էլ իմ ընկերներին արդարացնելու, ես ստեղ հանդես եմ գալու որպես մեղադրող իշխանություններին: Մեղադրելու եմ, որ իրանք հայրենասեր տղերքին էն վիճակում են դնում, որ նրանք ստիպված են կամ կոտրվել իրանց արժանապատվությամբ, կամ պաշտպանել իրանց արժանապատվությունը բռունցքներով: Ես երբեք չեմ կասկածել, մի անգամ ևս համոզվել եմ, որ էդ արժանապատվությունն ունեցող տղերքը ստեղ էլ պաշտպանեցին իրանց արժանապատվությունը»:

Կարապներ և տրամվայի գծեր

Անդրադառնալով վերջին շրջանում ակտիվություն դրսևորող քաղաքացիներին՝ Շանթ Հարությունյանը հանդես եկավ քննադատությամբ՝ բողոքի ակցիաները որակելով նյութական և ոչ թե արժեքային համակարգի պայքարի արտահայտություն: Նա, մասնավորապես, առաջարկեց կարմիր գծանշումների, կուտակային կենսաթոշակային համակարգի, հոսանքի թանկացման դեմ պայքարի փոխարեն բողոքի ակցիաներ անել, օրինակ, Կարապի լճում գոյություն չունեցող կարապների կամ տրամվայի գծերի համար:

Շանթ Հարությունյանն այս հայտարարություններն արեց՝ դատարանում երեք ժամ տեսանյութերի զննությունից հետո: Նոյեմբերի 5-ի գործով մյուս մեղադրյալները հայտարարություններով հանդես կգան հաջորդ չորեքշաբթի:

XS
SM
MD
LG