Մատչելիության հղումներ

logo-print

Պրահա-Երևան չվերթի ուղևորներին ՌԴ միգրացիոն թերթիկներ են բաժանել


Չնայած Հայաստանը դեռ պաշտոնապես ոչ Մաքսային միության, ոչ էլ Եվրասիական տնտեսական միության անդամ է, այդուամենայնիվ, Հայաստան մտնելուց առաջ ինքնաթիռում օտարերկրացիներին արդեն առաջարկում են Ռուսաստանի կառավարության կողմից հաստատված և Ռուսաստանի ու Բելառուսի տարածքում գործող միգրացիոն քարտեր լրացնել:

Այս մասին «Ազատությանը» պատմեց այս շաբաթ իրականացված Պրահա-Երևան չվերթի ուղևորներից մեկը՝ չներկայանալու պայմանով: Ինքնաթիռում բաժանված այդ փաստաթուղթը կարելի է գտնել Ռուսաստանի միգրացիոն ծառայության պաշտոնական էջում, հարցաթերթիկում ռուսերեն և անգլերեն տասը հարցը կա, որոնցից մեկն, օրինակ, փորձում է պարզել՝ ո՞րն է օտարերկրացու այցի նպատակը։

«Ասացին՝ պետք է լրացնեք, այլապես ձեզ չեն թողնի իջնեք օդանավից։ Ես ասացի՝ ես հրաժարվում եմ, ոչինչ, թող չթողնեն։ Այդ օդանավում մոտ 40 օտարերկրացի կար, որոնք գաղափար չունեն՝ ինչ թուղթ է, իրենց տվել են, անգլերեն գրված է, պատրաստվում էին լրացնել, և մի մասը արդեն լրացրել էր»,- պատմեց մեր զրուցակիցը։

Բարձրացված աղմուկից հետո ուղեկցորդուհին ետ է վերցրել թերթիկը, թեև օդանավում գտնվող օտարերկրյա մյուս քաղաքացիները լրացրել են այն։ Պրահա-Երևան ավիաչվերթից հաճախ օգտվող մեր զրուցակիցը պատմեց, որ առաջին անգամ է նման միջադեպի հանդիպել, իսկ հարցին, թե ինչո՞ւ Հայաստան ուղևորվելիս ինքը պետք է լրացնի այդ թերթիկը, չեխ ուղեկցորդուհին պատասխանել է՝ կարգն է այդպես։

«Հարցրեցի՝ ո՞վ է պնդում, որ մենք լրացնենք, ասաց՝ կարգն է այդպես, պետք է լրացնենք։ Ասացի՝ ես կարգը չեմ ընդունում, որովհետև ես գնում եմ Հայաստան»։

«Չեխական ավիաուղիներ»-ից չհերքեցին, որ նման դեպք կարող է լինել։ Ընկերության երևանյան գրասենյակից միաժամանակ «Ազատությանը» փոխանցեցին, թե տեղի ունեցածը զուտ թյուրիմացության արդյունք է։

Մինչդեռ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը վստահ է՝ սա ոչ թե սխալմունք է, այլ հստակ պահանջ՝ ռուսական հատուկ ծառայությունների կողմից։ Քաղավիացիայի ոլորտում բազմամյա փորձ ունեցող Պետրոսյանը հիշում է՝ այսպիսի թերթիկներ օգտագործում էին խորհրդային ժամանակաշրջանում, անկախացումից հետո դրանք վերացել էին։ Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստան ժամանող օտարերկրացիների մասին այս նոր թերթիկների տվյալները գնում են ոչ թե հայկական, այլ ռուսական հատուկ ծառայություններ։

«Սա նշանակում է, որ Հայաստանը վերջնականապես Ռուսաստանի կամ Բելառուսի գուբերնիան կամ անկլավն է դառնում։ Ստորաքարշության կամ ստրկամտության ինչ աստիճան պետք է լինի... այսինքն Հայաստանը իշխանություն չունի, սա է նշանակում»,- ասաց Պետրոսյանը։

Հայաստանի ավիացիոն իշխանությունները օտարերկրացիներին ինքնաթիռում բաժանված այս թերթիկների մասին տեղյակ չէին։ «Ազատության» հարցմանը ի պատասխան՝ Քաղավիացիայի վարչության աշխատակազմի ղեկավարը ասաց, որ հետաքննություն են անցկացրել և խիստ նկատողություն հայտարարել «Չեխական ավիաուղիներ» ընկերությանը, որը խոստացել է, որ նման բան այլևս չի կրկնվի։

Ի դեպ, Պրահա-Երևան չվերթով Հայաստան ժամանած մեր զրուցակիցը ևս մեկ ուշագրավ դեպք պատմեց. պարզվում է Պրահայի օդանավակայանում Հայաստան ժամանող ուղևորները առանձնացված են և սպասարկվում են Ռուսաստան և Ղազախստան ուղղությամբ թռիչքների համար նախատեսված մուտքով։

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի կարծիքով՝ այս դեպքերը ցույց են տալիս, որ Հայաստանը Եվրոպայում արդեն դիտարկում են որպես Եվրասիական միության մաս։

XS
SM
MD
LG