Մատչելիության հղումներ

Լյուքս Ստեփանյանի մահվան գործով մեղադրյալը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման


Լյուքս Ստեփանյանի մահվան գործով մեղադրյալը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 17 տարվա ազատազրկման դատապարտեց բանակում մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ, զինվոր Դավիթ Խաչատրյանին։

17 տարվա մեծ մասը՝ 13-ը վերաբերում է Լյուքս Ստեփանյանի սպանությանը, իսկ մնացած 4 տարին՝ մեկ այլ զինվորի` Հրաչյա Սարգսյանին հրազենային ծանր վնասվածք հասցնելու համար։

Մինչև վճռի հրապարակումը ընկերոջ սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը պաշտպանական ճառում դատարանին խնդրեց սառնասրտորեն որոշում կայացնել։ Նա ցավ հայտնեց տեղի ունեցածի համար, նշեց, որ արդեն պատժվել է իր արարքի համար՝ «ընկերներիցս մեկի կյանքն եմ կործանել, մյուսի առողջությունը». - «Հարգելի դատարան, խնդրում եմ ձեզ, որ առաջնորդվեք օրենքով, լինեք հնարավորին չափ սառնասիրտ»:

Դավիթ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և պնդում է, որ ընկերոջը կյանքից դիտավորյալ չի զրկել, այլ կատարվածը եղել է պատահականության հետևանք։

Պաշտպանական ճառում ևս պնդեց, որ սպանության մեջ իրեն մեղավոր չի ճանաչում։ «Ես մարդասպան չեմ ու չեմ կարող կյանքում դիտավորյալ ինչ-որ մեկին վնաս տալ։ Դուք ինձ մեղադրում եք դիտավորյալ իմ ընկերներից մեկին վնասելու, իսկ մյուսին սպանելու մեջ։ Նման բան չի կարող լինել, իմ ընկերներից երկուսն էլ չեն կիսում ձեր կարծիքը, հիմա իմ մահացած ընկերը վերևից նայում է ու մեղադրում է ձեզ, նրանք գիտեն, որ էս ամեն ինչում դիտավորություն չի եղել, եղել է ընդամենը կատակ, որի հետևանքով էլ անդառնալի կորուստ եղավ», - հայտարարեց նա:

Դավիթ Խաչատրյանը նշեց, որ պատրաստ է պատիժ կրել իր արարքների համար, բայց չարածի համար չի պատրաստվում պատիժ կրել։ Մեղադրող դատախազ Արթուր Զաքարյանը կրկին պնդեց, որ նախաքննությունը ընթացել է օրենքի սահմաններում, քննիչները հիմնավոր ու բազմակողմանի քննություն են տարել։

Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, սակայն, հակառակ կարծիքը հայտնեց նախաքննության վերաբերյալ, նշեց, որ դատարանում ևս մեղադրող կողմը չկարողացավ հիմնավորել այն, որ Դավիթ Խաչատրյանը սպանություն է կատարել։ Պաշտպանը պնդեց, որ կրակոցը իրականում պատահական է եղել, Դավիթը Լյուքսին սպանելու նպատակ չի ունեցել, հետևաբար պետք է պատժվի զենքի օգտագործման կանոնները խախտելու պատճառով ընկերոջը մահվան հասցնելու համար։

Պաշտպանները բողոքարկելու են առաջին ատյանի դատարանի վճիռը։

Լյուքս Ստեփանյանի հարազատները, մինչդեռ, ավելին էին սպասում դատարանից. նրանք պահանջում էին ցմահ ազատազրկել երիտասարդին կյանքից զրկած Դավիթ Խաչատրյանին։

XS
SM
MD
LG