Մատչելիության հղումներ

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը «տապալված է»


Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը «տապալված է»
please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը թերահավատ է, որ Հայաստանը ի վերջո կդառնա Եվրասիական միության լիիրավ անդամ:

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը ներկայումս կարելի է տապալված համարել, և երեկ վարչապետ Աբրահամյանն այս մասին հրապարակավ խոստովանեց, այսօր «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի երեկվա աղմկահարույց հայտարարությանը:

Երեկ երեկոյան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետն ասաց, որ պատճառներն անհայտ են, թե ինչու է ձգձգվում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը՝ հավելելով, որ հարցի վերաբերյալ նախագահների մակարդակով հուլիսի 3-ին նախատեսված հանդիպումը հետաձգվել է:

«Պայմանավորվածություն եղել էր, հուլիսի 3-ին պետք է հանդիպեին նախագահները, բայց հանդիպումը չի լինելու, և ես համոզված եմ, որ մինչև տարվա վերջ այդ խնդիրը լուծում կստանա։ Պատճառները դեռ հայտնի չեն, բայց որևէ խնդիր չունենք, մենք մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք»,- ասել էր վարչապետը։

Ռիչարդ Կիրակոսյանը թերահավատ է, որ Հայաստանը ի վերջո կդառնա Եվրասիական միության լիիրավ անդամ:

«Խոչընդոտները և ճնշումը, որոնք կանխում են [Եվրասիական միությանը] Հայաստանի արագ անդամակցությունը, ինչպես ծրագրված էր, Մոսկվայից չեն: Դրանք արդյունք են այն բանի, որ Ռուսաստանը թերագնահատել էր այն ընդդիմությունը, որը ցուցաբերեցին Ղազախստանն ու Բելառուսը՝ Հայաստանին առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելու հարցում: Չեմ կարծում, որ Հայաստանն ի վերջո կդառնա Եվրասիական միության լիիրավ անդամ: Բայց պարզ է նաև, որ առանց Ուկրաինայի Ռուսաստանի գերակայության ներքո գտնվող այդ նախագիծը այժմ ավելի դժվար է կյանքի կոչել, քան նախկինում ծրագրվում էր»,- ասաց վերլուծաբանը:

Մայիսի 29-ի Աստանայի գագաթնաժողովին նախագահ Սերժ Սարգսյանը խնդրեց հունիսի 15-ը վերջնաժամկետ սահմանել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման համար: Այդ վերջնաժամկետը չսահմանվեց, գագաթնաժողովը ընդամենը որոշեց մինչև հուլիսի 1-ը նախապատրաստել այդ պայմանագիրը, բայց այն ե՞րբ է ստորագրվելու՝ շարունակում է անհայտ մնալ:

Հուլիսի 2-ին Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովն արտգործնախարարության «Թվիթեր»-ի էջում գրեց, թե Հայաստանը փաստաթուղթը կարող է ստորագրել այս հոկտեմբերին՝ Մինսկում նախատեսված Եվրասիական միության գագաթնաժողովի ընթացքում: Ուշագրավ է, որ մինչ օրս ո՛չ Հայաստանի նախագահի աշխատակազմից, ո՛չ արտգործնախարարությունից չեն արձագանքել Իդրիսովի այս հայտարարությանը: Պակաս ուշագրավ չէր այն, որ մեր երկրի համար կարևոր հարցի վերաբերյալ նորությունը հերթական անգամ առաջինն իմացանք այլ երկրի պաշտոնյայից:

Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի ներկայացմամբ, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը լուրջ խոչընդոտ է այն, որ մեր երկիրը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է: 2003-ից լինելով ԱՀԿ-ի անդամ՝ Հայաստանը պարտավորվել է ունենալ ցածր մաքսատուրքեր, մինչդեռ Եվրասիական միությունում այդ մաքսատուրքերը անհամեմատ բարձր են:

«Դա ենթադրում է, որ Հայաստանը կամ այն միությունը, որի անդամ Հայաստանը դառնում է, խախտելով իր իսկ պայմանավորվածությունները ԱՀԿ-ի հետ, պիտի փոխհատուցեն այն կորուստները, որոնք ունենալու են տարիֆների բարձրացման արդյունքում ԱՀԿ անդամ բոլոր երկրները։ Դա բավականին լուրջ գումար է։ Եվ չգիտեմ՝ ինչքանով պատրաստ կլինի, ինչքանով է Հայաստանը կամ Եվրասիական տնտեսական միությունը տիրապետում ռեսուրսների, որպեսզի այդ փոխհատուցումները ապահովվեն»,- ասաց Նավասարդյանը։

Այն, որ այս խնդիրը կա, հունիսի 23-ին բարձրաձայնեց Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ հայտարարելով․- «Եթե Հայաստանը հաջող կերպով միանա մեր ձևաչափին, ստորագրի համաձայնագիրը և այն վավերացվի, այդ դեպքում փոխհատուցումների վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ»:

XS
SM
MD
LG