Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը՝ ընդդեմ Աֆրիկյանների տան և մյուս հուշարձանների ապամոնտաժման


Աֆրիկյանների շենքը Երևանում, արխիվ
Աֆրիկյանների շենքը Երևանում, արխիվ

Քաղաքաշինական նպատակով հուշարձանի տեղափոխումը հակասում է Գրանադայի կոնվենցիային, քանի որ Կոնվենցիայով նախատեսված բացառիկ դեպքերը, որոնք «հրամայաբար պահանջում են» հուշարձանի տեղափոխում, վերաբերում են միայն «հուշարձանի նյութական պահպանությանը»: Այս մասին ասված է այսօր Հայաստանի մարդու իրավունքերի պաշտպան Կարեն Անդրեասյանի տարածած հաղորդագրությունում։

«Հայաստանի օրենսդրությունը լիարժեք համապատասխանեցված չէ Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին Գրանադայի կոնվենցիայի սկզբունքներին՝ չնայած այդ Կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվել է 2008 թվականի նոյեմբերի 21-ին: Մասնավորապես, մեր օրենսդրության մեջ թերի են պատմամշակութային հուշարձանների տեղափոխմանը վերաբերող կարգավորումները», - նշել է օմբուդսմենը՝ մեջբերելով պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին օրենքի 21-րդ հոդվածը, ըստ որի՝ հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում` Կառավարության թույլտվությամբ։ «Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման հավելվածով թույլատրվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը բացառիկ դեպքերում` տարածքի բնակլիմայական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ և այլն) հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու և (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարևորություն ունեցող քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում», - հավելել է Անդրեասյանը։

Օմբուդսմենը Աֆրիկյանների տան և այլ պատմամշակութային հուշարձանների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտություն է համարել հրատապ կարգով փոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին օրենքը և դրա հիման վրա Կառավարության ընդունած համապատասխան որոշումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG