Մատչելիության հղումներ

Սարգսյանը այցելել է ԱՄՆ դեսպանի նստավայր, շնորհավորական ուղերձ հղել Օբամային


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆերնին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին:

Հայաստանի նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, որում, մասնավորապես, ասված է. - «Մեծարգո պարոն Նախագահ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում: Խորապես արժևորում ենք Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամությունը և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով երկկողմ գործընկերությունը բարձրացրել ենք որակապես նոր մակարդակի: Կարևորում ենք հայ - ամերիկյան բազմոլորտ համագործակցության խորացումը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարության կայացմանը ձեր կողմից ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներգրավման ընդլայնումը»:

«Շեշտադրելով ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ներգրավվածության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ ակնկալում ենք միջնորդական ակտիվ գործունեության շարունակում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության», - Բարաք Օբամային ուղղված շնորհավորական ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG