Մատչելիության հղումներ

Եվրասիականին միանալու խնդիրը «մինչև տարեվերջ լուծում կստանա»


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու խնդիրը մինչև տարեվերջ լուծում կստանա, և Հայաստանը կունենա արդյունք։

«Ազատության» այն դիտարկմանը, թե մեկ շաբաթ առաջ վարչապետն այլ ժամկետ էր նշել խնդիրների լուծման հետ կապված, մասնավորապես, ասել էր, թե Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու հարցը պարզ կլինի հուլիսի 3-ին, բայց փաստորեն հուլիսի 3-ն անցավ, ու որևէ բան տեղի չունեցավ, վարչապետը պատասխանեց.- «Պայմանավորվածություն եղել էր, հուլիսի 3-ին պետք է հանդիպեին նախագահները, բայց հանդիպումը չի լինելու, և ես համոզված եմ, որ մինչև տարվա վերջ այդ խնդիրը լուծում կստանա։ Պատճառները դեռ հայտնի չեն, բայց որևէ խնդիր չունենք, մենք մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք»։

Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամներից Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը ասել էր, թե Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա հոկտեմբերին:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում այս գործընթացը, Հայաստանի վարչապետը հավաստիացրեց, որ խնդիրները զուտ կազմակերպչական են, ոչ թե քաղաքական.- «Ես որևէ քաղաքական խնդիր չեմ տեսնում»։

Աբրահամյանը հավելեց, որ ինքը հուլիսի 11-ին հանդիպելու է Ռուսաստանի վարչապետին, քննարկելու են նաև Եվրասիականին Հայաստանի միանալու հարցը.- «Որ վերադառնամ, մենք արդեն պատասխանը կունենանք։ Նաև տեղյակ եմ, որ ապագայում հանդիպելու են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները, ամեն դեպքում ես որևէ քաղաքական խնդիր չեմ տեսնում, չկա։ Քիչ սպասենք, մենք արդեն ավելի վստահ կասենք մեր տեսակետները և մեր պատկերացումները, թե երբ կստորագրվի... որ այս տարվա մեջ, ես դրանում ուղղակի համոզված եմ»։

«Իշխանությունները մազոխիստ չեն»

Վարչապետը անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի թանկացմանը։ Կառավարության որոշմամբ՝ 105 հազար անապահով ընտանիքի ամսական 1000-ական դրամ կտրամադրվի՝ փոխհատուցելու օգոստոսի 1-ից թանկացող էլեկտրաէներգիայի հավելյալ ծախսը։

Վարչապետը նշեց, որ այդ ընտանիքները նպաստառուների ցուցակում ներառվածներն են։ Աբրահամյան ընդգծեց, որ Կառավարությունն ի վիճակի է փոխհատուցել ընդամենը 105 հազար ընտանիքի, հնարավորությունները սահմանափակ են։ Նա թվարկեց այլ ոլորտների խնդիրներ, որոնց լուծման համար ևս գումար է հարկավոր։

«Ազատության» այն դիտարկմանը, թե պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատ է բնակչության 1/3-ը, այսինքն 1 միլիոն մարդ, իրենք ինչպե՞ս են որոշել ընդառաջ գնալ էլեկտրաէներգիա մատակարարող մասնավոր ընկերությանը, պաշտպանել նրա, այլ ոչ թե հանրության շահը, վարչապետը պատասխանեց.- «Մամուլում լսում և տեսնում եմ, որ քաղաքական երանգներ են տրվում այդ որոշմանը, բայց կարող եմ ասել, որ ուղղակի հաշվարկներ են, մեթոդիկա է, բանաձև է, որը որևէ կապ չունի քաղաքական հանձնարարության հետ։ Սա զուտ թվերի հետ է կապված, քառյակը նույնպես մասնակցել է, թափանցիկ, բաց են աշխատել։ Ոչ մի կառավարություն չի ցանկանա, որ որևէ սակագին բարձրանա, դա ուղղակիորեն բացասաբար է անդրադառնում գործող իշխանությունների վրա։ Մենք փորձելու ենք մեր մասնակցությամբ, օժանդակությամբ մեղմել այդ բեռը»։

Իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս անդրադարձավ էլեկտրաէներգիայի թանկացման հարցին։ «Ազատության» այն դիտարկմանը, թե ինչո՞ւ իշխող քաղաքական ուժը հանրության շահը պաշտպանելու փոխարեն պաշտպանեց մասնավոր ընկերության շահը, հավատաց այն դիտարկումներին, որ այդ ընկերությունում ֆինանսական ճեղքվածք կա, և որ սակագինը բարձրացնելուն այլընտրանք չկար, նա այսպես արձագանքեց.- «Հավատացած եղեք, որ մենք ոչ պակաս մտահոգված ենք։ Հայաստանի իշխանությունները մազոխիստ չեն, որ ինքնանպատակ բարձրացնեն էլեկտրաէներգիայի սակագինը։ Բնականաբար, ցանկացած թանկացում դժգոհություն կարող է առաջացնել և ծանր բեռ լինել մեր հանրության համար։ Բայց եթե մենք ուզում ենք ունենալ կայուն էլեկտրամատակարարում, մենք պետք է գնանք այդ քայլին։ Դրա այլընտրանքը հովհարային անջատումներն են»։

Շարմազանովը նաև անդրադարձավ ղարաբաղյան խնդրին, սահմանագծում վերջին շրջանում լարված իրավիճակին՝ հայտարարելով, թե հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, բայց բանակցությունների վերսկսման համար Ադրբեջանը պետք է ցուցաբերի կառուցողական քաղաքականություն և դիրքորոշում։

«Միջազգային կառույցները պետք է դատապարտեն Ադրբեջանին՝ հակահայկական քարոզչության համար»,- ամփոփեց Շարմազանովը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG