Մատչելիության հղումներ

logo-print

Գլխավոր դատախազը «խախտել է անմեղության կանխավարկածը»


Զինվոր Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպանները պնդում են, որ Հայաստանի գլխավոր դատախազը խախտել է անմեղության կանխավարկածն ու կաշկանդել դատարանին արդար վճիռ կայացնելու հարցում։

«Հիմա եթե գլխավոր դատախազը, ով այս պահին բավական հեղինակություն ունի, ի՞նչ են կարծում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ի՞նչ է անելու, ասել է, որ չէ՝ գլխավոր դատախազը շփոթվել է, սխալվել է, անհերքելի ապացույցներ ձեռք չի բերվել մեղադրանքը հաստատող, այլ ապացույցներ են ձեռք բերվել։ Ես շատ կասկածում եմ, որ մեր երկրում դատարանը կարող է այնքան անկախ լինել, որ գլխավոր դատախազի այս հայտարարությանը հակառակվի»,- ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Արմնյուզ»ի «Բանաձև» հաղորդաշարի ընթացքում՝ գլխավոր դատախազն ասել էր.- «Ես կարծում եմ, որ մեղադրանքը բացարձակ հիմնավորված է, կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները և ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ մեղադրանքը, մեղավորությունը հիմնավորելու համար և մենք, ինչպես գիտեք, ունեցանք մեղադրական դատավճիռ»։

Գևորգ Կոստանյանը հետագայում հերքել է դատավճռի մասով իր տեսակետը, ասել, որ մեկ ուրիշ գործի հետ է շփոթել, փաստորեն՝ ուժի մեջ թողնելով իր մյուս հայտարարությունն այն մասին, որ «մեղադրանքը բացարձակ հիմնավորված է և ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ մեղադրանքը հիմնավորելու համար»։

Դավիթ Խաչատրյանի պաշտպաններն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ գլխավոր դատախազն իրավունք չուներ դատաքննության ավարտից առաջ անմեղության կանխավարկածը խախտող նման դիրքորոշում հայտնել։ Նրանք վստահ են, որ գլխավոր դատախազի որակումները անհետևանք չեն մնա ու ի վերջո կազդեն դատարանի վճռի վրա։

Պաշտպանները վկայակոչում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներն այն մասին, որ պաշտոնյաները, այդ թվում՝ դատախազները, չեն կարող նման հայտարարություններ անել։

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս հարցին կանդրադառնան ավելի ուշ։

Գևորգ Կոստանյանից բացի, այս գործի վերաբերյալ տեսակետներ էր հնչեցրել նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա զինվորի հարազատներին վստահեցրել էր, որ ամեն ինչ կանեն հանուն արդարության: Դատարանում նաև ներկայացվել էր զինվորի մոր նամակը ուղղված նախարարին, որտեղ նա խնդրել էր խիստ պատժել Լյուքս Ստեփանյանի մահվան մեջ մեղադրվողին։ Պաշտպանները նշում են, որ թե՛ գլխավոր դատախազի, թե՛ նախարարի միջամտությունները նպատակ ունեն հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե իրենք հետևողական են բանակում կատարվող հանցագործությունների բացահայտման հարցում։

«Ստացվում է, որ Դավիթ Խաչատրյանին զոհաբերում են, որպեսզի իրենց այլ նպատակներին հասնեն»։

Դավիթ Խաչատրյանը դատարանում պնդել է, թե իրականում սպանելու նպատակ չի ունեցել, պատահական է կրակել ընկերների ուղղությամբ ու պետք է պատժվի զենքի կանոնները խախտելու պատճառով ընկերոջը մահվան հասցնելու համար։

Դատարանում վկա զինվորները ցուցմունք են տվել, պնդելով, թե ընկերները կատակել են և որ մթնոլորտը ոչ թե շիկացած է եղել, այլ բարիդրացիական, և որ Լյուքս Ստեփանյանը մինչև վերջին պահը ժպտում էր, այլ ոչ թե նյարդայնացած վիճում էր Դավիթի հետ։ Նախաքննական մարմինը, մինչդեռ, պնդում է, որ ամեն ինչ սկսվելու է միմյանց հայհոյելուց։

Լյուքս Ստեփանյանի հարազատներն ու իրավահաջորդը չեն կիսում Խաչատրյանի ու նրա պաշտպանների տեսակետները։ Պնդում են, որ նա դիտավորյալ է կյանքից զրկել երիտասարդին։

Մեղադրողը դատարանում Դավիթ Խաչատրյանի համար 18 տարվա ազատազրկում է պահանջել։ Խաչատրյանն ի նշան բողոքի, կարել էր բերանը։ Վաղը նախատեսվում է, որ նա հանդես գա պաշտպանական ճառով։

XS
SM
MD
LG