Մատչելիության հղումներ

Պատգամավորները արդարացնում են իրենց «լռության քաղաքականությունը» ԵԽԽՎ-ում


Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյան

Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյան

«Մեր դիրքորոշումը ԵԽԽՎ-ում եվրոպացի շատ գործընկերների կողմից շատ ընկալելի էր, բոլորը հասկանում ու գնահատում էին այն վարքագիծը, որը ընտրեց հայկական կողմը վեհաժողովում», - ասում է Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը։

Պատգամավորը սակայն լավ տեղյակ էր, որ ԵԽԽՎ-ում պատվիրակության որդեգրած, հենց իրենց խոսքով «լռության քաղաքականությունը» խիստ քննադատության արժանացավ Հայաստանում, քննադատվեց անգամ հանրապետական պատգամավորի կողմից։

«Չափազանց նուրբ պահվածք, վարքագիծ էր, որն առաջին հայացքից ինչպես տեսանք ներքին լսարանում այնքան էլ ընկալելի չէր, բայց ԵԽԽՎ-ում, լինելով այդ միջավայրում, տեսնելով այն ամենն, ինչ կատարվում է, միանշանակ համոզվեցինք, որ ընտրված քաղաքականությունը ճիշտ է եղել», - ասաց Հովհաննիսյանը։

Պատվիրակության ղեկավար հանրապետական Հերմինե Նաղդալյանն էլ ասաց, որ իրենց քաղաքականությունը ճիշտ էր՝ ավելացնելով, որ Ադրբեջանի նպատակն էր հարցերն իջեցնել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք, իսկ հայերը թույլ չտվեցին։

«Բոլորիս համաձայնությունը եղել է այն վերաբերյալ, որ հարց տալը կնշանակեր հնարավորություն տալ հակահայկական պրոպագանդայի մի նոր արարի», - ասաց հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը։

Հունիս 24-ին ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով իր ելույթի զգալի հատվածը նվիրեց հայերի փնովելու գործին։ Ստասբուրգում մոտ մեկ ժամանոց ելույթում Ալիևն ասաց, որ Ղարաբաղն Ադրբեջանի պատմական տարածքն է ու անբաժանելի մասը, իսկ հայկական զավթիչ բանակը գրավել է այն ու վերացրել է ադրբեջանական պատմական հուշարձանները։

Այս ելույթից հետո հայ պատվիրակները հարց չհնչեցրին նաև այն պատճառաբանությամբ, որ հարցից հետո վերջին խոսքն Ադրբեջանի նախագահինն էր լինելու, ինչից հետո իրենք ռեպլիկի իրավունք էլ չէին ունենա։ Մամուլը գրեց՝ եթե հարց չէին ցանկանում տալ, ապա կարող էին իրենց ելույթների ժամանակ անդրադառնալ Ալիևի ճառին՝ շեղվելով նախօրոք հայտարարված թեմայից։

Նաղդալյանը հակադարձում է՝ իրենք լավ պատրաստված էին, կարող էին խոսել ցանկացած թեմայով, պատվիրակության անդամներն էլ մի քանի օտար լեզուների են տիրապետում։

Իսկ Արփինե Հովհաննիսյանն ավելացնում է, որ ինքը վստահ է՝ եթե թեմայից շեղվեր, խոսափողը կանջատեին։

Հարցին, թե արդյոք առաջիկայում նույնպես ԵԽԽՎ-ում շարունակելո՞ւ են գործել իրենց նշած հաջողված լռության քաղաքականությամբ, Նաղդալյանը պատասխանեց. - «Լռության քաղաքականությունը այս պահին ընտրված քաղաքականություն էր, հնարվոր է, որ ուրիշ ժամանակ, դա չլինի մեր նպատակը»։

XS
SM
MD
LG