Մատչելիության հղումներ

Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու կարգը հեշտացվում է


Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել Միգրացիոն ծառայության առաջարկած երկու փաստաթղթերը, որոնց համաձայն Հայաստանում և Ռուսաստանում հեշտացվելու է երկու երկրների քաղաքացիների գտնվելու կարգը:

Առաջին համաձայնագրով՝ կողմերի՝ տարածք մուտք գործելուց հետո քաղաքացիները գործող կարգով պահանջվող 7 օրվա փոխարեն կարող են հաշվառման կանգնել 30 օրվա ընթացքում:

«Եվ եթե այդ ժամկետը խախտվում է, առաջանում են անցանկալի հետևանքներ՝ ընդհուպ մինչև նրա մուտքի արգելանք երեք տարի ժամկետով», - ասաց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Այսօրվա գործող կարգով, այն ՀՀ քաղաքացին, ով ցանկանում է Ռուսաստանում որևէ գործունեություն ծավալել, դիմում է համապատասխան մարմիններին՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր, որից հետո միայն կարող է ստանալ դրական կամ բացասական պատասխան:

Եգանյանի խոսքով՝ իրենց առաջարկած երկրորդ համաձայնագրով վերացվում է այդ լրացուցիչ թույլտվության անհրաժեշտությունը:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Եգանյանը նշեց, որ հայկական և ռուսական կողմերը դեռևս տարեսկզբից են աշխատել այս համաձայնագրի տեքստի վրա: Սակայն, ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանում դեռ չի ավարտվել նշված փաստաթղթերի ներպետական համաձայնեցման փուլը: Այս համաձայնագրերով, փաստորեն, աշխատաշուկան դառնում է միասնական․ - «Հաշվի առնելով, որ Հայաստան-Ռուսաստան միգրացիոն շրջանառությունը գերակա նշանակություն ունի մեր երկրի համար, այս նպաստավոր պայմանները մեր քաղաքացիների համար շատ դյուրություններ կբերեն»:

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ հատկապես Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների համար է սա բարի լուր: Վերջիններս, սակայն, այլընտրանք չունեն ու թեև ստիպված, բայց հաճույքով մեկնում են: Փաստորեն, ըստ Բադալյանի՝ Կառավարությունն այսպիսով հավանության է արժանացրել երկրի անվտանգությանը սպառնացող մի փաստաթուղթ:

«Տարօրինակ վիճակ է ստեղծվում, երբ ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանում, երբ ամեն մի քաղաքացին է ըստ էության կարևոր, մենք էսպիսի վերտառությամբ լուրեր կարող ենք կարդալ: Ռազմավարական իմաստով էս խնդրի լուծումը պիտի լինի Հայաստանում աշխատողների համար նպաստավոր պայամններ ստեղծելը», - ասաց Բադալյանը:

Վերլուծաբանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Հայաստանում որոշակի բարեփոխումներ իրականացնելն առավել կարևոր քայլ կլիներ, քան նմանօրինակ փաստաթղթերը հավանության արժանացնելը.- «Երբ որ այդ արդիականացումը «էլիտայից» պահանջում է ինչ-որ առումով զոհաբերություն սեփական ունեցվածքի, իշխանական սեփական անսասան դիրքերի, բնականաբար, նրանք ավելի շատ գերադասում են նման լուծումները՝ թեկուզ ժամանակ առ ժամանակ զիջումների գնով միգրանտների հարց լուծել՝ ինչքան հնարավոր է, թող գնան, միայն թե սեփական երկրի ներսում իշխանության և կապիտալի խնդիրներ չծագեն և դիրքերի սասանվելու խնդիր չառաջանա»:

«Երկիրն այդպես ավելի արագ կդատարկվի», - մտահոգված պնդում էին հատկապես երիտասարդ անցորդները, որոնց կարծիքը չէին կիսում ավագ սերնդի ներկայացուցիչները՝ նշելով, որ աշխատանքն է կարևոր, թե որ երկրում՝ էական չէ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG