Մատչելիության հղումներ

Կառավարությունը նվազեցնում է ՀԴՄ-ների գինը


Փոքր ու միջին բիզնեսի համար Կառավարությունն այսօր նվազեցրեց նոր սերնդի ՀԴՄ-ների գինը և հետաձգեց այդ մեքենաների տեղադրման վերջնաժամկետը:

Ըստ «ՀԴՄ-ների մասին» օրենքի, նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրումը պետք է ավարտվի 2015 թվականի հունվարի 1-ին, սակայն Կառավարությունը որոշել էր գործընթացը ավարտել ավելի վաղ՝ այս հուլիսի 1-ին, և մինչև հուլիսի 1-ը նաև փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է վճարեին առնվազն 150 հազար դրամ ու տեղադրեին նոր ՀԴՄ-ներ:

Գործադիրի այսօրվա որոշմամբ փոքր ու միջին ձեռնարկությունները բաժանվեցին չորս խմբի: 30-58.35 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունների համար նոր ՀԴՄ-ները կվաճառվեն 150 հազար դրամով, ինչպես նախկինում, սակայն տեղադրման վերջնաժամկետ սահմանվեց այս տարվա օգոստոսի 1-ը: 10-30 միլիոն դրամ դրամ տարեկան շրջանառություն ունեցողները այդ մեքենանարը կարող են ձեռք բերել 120 հազար դրամով և պետք է տեղադրեն մինչև հոկտեմբերի 1-ը: 5-10 միլիոն շրջանառություն ունեցողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների գինը սահմանվեց 80 հազար դրամ, իսկ տեղադրման վերջնաժամկետ՝ 2015-ի հունվարի 1-ը: Մինչև 5 միլիոն շրջանառություն ունեցողները ՀԴՄ-ների համար կվճարեն 60 հազար դրամ, իսկ վերջնաժամկետ հաստատվեց գալիք տարվա հունվարի 11-ը:

Թեև Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով Կառավարության նիստում ներկայացնում էր որոշման նախագիծը, ասաց, որ մոտ 37.5 հազար կազմող այս վերջին խմբի ձեռնարկությունների համար սա էլ վերջնական որոշումը չէ, աշխատանքները շարունակվում են և Կառավարությունը «կկարողանա առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել»:

Բացի այդ սահմանամերձ գյուղերում նոր ՀԴՄ-ները կտրվեն անվճար, իսկ որոշ գյուղերում` 75 հազար դրամով:

Այն, որ Կառավարությունը փաստորեն հրաժարվում է իր նախորդ որոշումից, ինչպես տեղեկացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պետբյուջեին որոշակի գումար է արժեցել. - «Սա հարկավոր է հանրությանը ներկայացնել, որ 4 միլիարդ 300 միլիոն բեռ է ավելանում Կառավարության վրա»:

Իշխանությունների նախաձեռնությունը՝ պարտադրել նոր հսկիչ-դրամարկղային մեքենաներ, դժգոհության ալիք բարձրացրեց փոքր ու միջին ձեռներեցների շրջանում, իսկ լրատվամիջոցներով հարցեր էին հնչում մեքենաների հատկապես բարձր գնի հետ կապված:

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը ասաց որ նոր ՀԴՄ-ների ինքնարժեքը 463 ԱՄՆ դոլար է, կամ այսօրվա փոխարժեքով մոտ 190 հազար դրամ, և այդ մեքենենարի դիմաց փոքր ու միջին բիզնեսից պահանջելով 150 հազար դրամ՝ կառավարությունը դեռ մի բան էլ ցածր գնով էր դրանք վաճառում:

«Ազատության» հարցին, թե այնուամենայնիվ, կառավարությունը ինչո՞ւ որոշեց հետքայլ անել՝ իջեցնել ՀԴՄ-ների գինն ու հետաձգել դրանց տեղադրման ժամկետը, փոխնախախաարը արձագանքեց. - «Ակնհայտորեն աջակցելու համար մեր ՓՄՁ-ին: Նաև մենք բոլոր հասարակական կազմակերպությունների հետ աշխատում էինք այս ընթացքում, երբ որ աշխատում էինք այս փաթեթի վրա: Հասարակական կազմակերպությունները, բնականաբար, ավելի մոտ են ՓՄՁ-ին, այդ շունչը մեզ հաղորդել են»:

Ալավերդյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 23.2% է, և նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրման նպատակը հարկերի հավաքման ծավալը մեծացնելն է: Դեռ ավելին, Ֆինանսների փոխնախախարն ասաց, որ ինքը համոզված է՝ դա իրենց կհաջողի, և այն խոշոր գործարարները, ովքեր կշրջանցեն կարգը, կտուգանվեն:

Անմիջապես հարց հնչեց՝ օրինակ, խոշոր գործարար համարվող Սամվել Ալեքսանյանը երբևէ տուգանվե՞լ է. - «Ես Սամվել Ալեքսանյան բիզնեսմեն չեմ ճանաչում: Հետաքրքիր մարդ եք... անընդհատ տանում եք ուրիշ դաշտ: Ես լուրջ մասնագիտական ձևով ուզում եմ ձեզ պատասխանեմ: Այս գործընթացում ամենաքիչը ինքն ա ինձ հետաքրքրում»:

«Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, ՀԴՄ-ների հարցում կառավարությունը ստիպված էր գնալ զիջումների՝ փոքր ու միջին ձեռներցների շրջանում «բունտից» խուսափելու համար:

Ինչ վերաբերում է հարկերի հավաքման մեծացմանը կամ ստվերի դեմ պայքարին, Գևորգյանը նշեց. - «Չեմ կարծում, որ այդ դրակոնյան մեթոդները, որոնք շատ ավելի թանկ են, շատ ավելի ջանքեր են պահանջում, կտան համապատասխան արդյունք: Որովհետև ստվերի գոյությունը Հայաստանում դա, այսպես ասենք` քաղաքական իրողություն է: Մենք գիտենք, որ պաշտոնյաները, որոնք ստանում են 600-700 հազար դրամ աշխատավարձ ամսական, իրենք ունեն մի քանի միլիոն դոլարի ունեցվածք»:

XS
SM
MD
LG