Մատչելիության հղումներ

ՄԽ համանախագահ երկու երկրները կոչ են անում զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքի, արխիվ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքի, արխիվ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը և Ֆրանսիայի արտգործնախարարությունն անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճին:

Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, հանձնառու է օգնելու երկու կողմերին՝ հասնելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին:

«Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն հնարավորինս շուտ Փարիզում գագաթնաժողով անցկացնելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը և կհամաձայնեն կառուցվածքային բանակցությունների, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնության», - ասել է Փսաքին:

Ադրբեջանում վերջին շրջանում հակահայկական հռետորության ահագնացման, Հայաստանի՝ «Ադրբեջանի պատմական հող» լինելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության, վերջին շաբաթներին ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների, այդ թվում՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, Հայաստանի հյուսիսարևելյան գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ հարցին ի պատասխան Պետդեպարտամենտի խոսնակը նաև հայտարարել է․ - «Մենք կոչ ենք անում երկու կողմերին կրկնապատկել իրենց ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ և կենտրոնանալ այն օգուտների վրա, որ խաղաղությունը կբերի մարդկանց ամբողջ տարածաշրջանում»:

«Ակնհայտորեն, բորբոքիչ հռետորությունը և հայտարարությունները հակասում են լարվածության նվազեցման սկզբունքին, և մենք անշուշտ կարծում ենք, որ դա վնասում է խաղաղ գործընթացը, և մենք խրախուսում ենք նրանց՝ կրկնապատկելու ջանքերը», - ընդգծել է Ջեն Փսաքին:

Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի գնդակոծությունների վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ Պետդեպարտամենտի խոսնակը ասել է․ - «Ես չունեմ կոնկրետ այդ հաղորդումների որևէ հաստատում, բայց, հստակաբար, խաղաղ կարգավորումը բխում է երկու երկրների շահերից»:

Նույն օրը խնդրին անդրադարձել է նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ ևս մեկ պետության՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը:

Ի պատասխան Nouvelles d’Arménie պարբերականի հարցի, թե ի՞նչ նախաձեռնություններով է պատրաստվում հանդես գալ Ֆրանսիան՝ կանխելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ահագնացումը, «հատկապես հունիսի 5-ին հայ երկու զինվորների մահից հետո, որոնք սպանվեցին Հայաստանի հարավարևմտյան սահմանին՝ Նախիջևանում ադրբեջանական բանակի դիպուկահարի կողմից», Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը հայտարարել է․ - «Ֆրանսիան կոչ է անում կողմերին զերծ մնալ վստահության մթնոլորտի հաստատմանը հակասող հայտարարություններից և նրանց հրավիրում է ակտիվորեն նպաստելու դրան»:

Խոսնակը հիշեցրել է, որ մայիսի 11-13-ը Հարավային Կովկաս այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «նախագահներ Ալիևի և Սարգսյանի հետ քննարկել է բանակցությունները խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջ մղելու միջոցները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG