Մատչելիության հղումներ

«Էրդողանի գրասենյակի տեսուչը» Հայոց պատրիարքի փոխանորդից կաշառք է պահանջել


Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյան

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյան

Արամ Աթեշյանը դատական հայց է ներկայացրել, 36-ամյա Քեմալ Թայֆուն Նարգինին սպառնում է 7 տարվա ազատազրկում:

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը դատական հայց է ներկայացրել մի անձնավորության դեմ, ով ներկայացել է որպես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գրասենյակի տեսուչ և իր ծառայությունների համար 6 հազար լիրա կաշառք պահանջել:

Այս մասին գրում է Hurriyet Daily News-ը՝ տեղեկացնելով, որ 36-ամյա Քեմալ Թայֆուն Նարգինը մեղադրվում է խաբեության և պետական ինստիտուտները վարկաբեկելու մեջ: Նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում: Այս հայցի դատական լսումներին կասկածյալը ներկա չի գտնվել:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մասնակցել է դատական նիստին և պնդել է, որ կասկածյալը, ժամանելով Պատրիարքարան, նվեր է պահանջել՝ ավարտին հասցնելու համար Ստամբուլում գտնվող պատմական Սանսարյան Հան կոչվող շենքը հայկական համայնքին վերադարձնելու փաստաթղթային ձևակերպումները:

Թուրքիայի իշխանությունները շարունակում են ազգային ու կրոնական փոքրամասնությունների ունեցվածքը վերադարձնելու գործընթացը, բայց ընդամենը մի քանի մարդ գիտեր, որ այդ շենքը վերադարձվելու է հայկական համայնքին:

Քեմալ Նարգինը Հայոց պատրիարքի փոխանորդի հետ հանդիպում է նշանակել, որի ընթացքում վարչապետի գրասենյակի տարբերանշանով բլանկ է լրացվել, իսկ հետո նա նվեր է պահանջել: Արամ Աթեշյանի պատմելով՝ ինքը 3 հազար լիրա է վճարել, բայց Նարգինը պնդել է, որ դա բավարար չէ՝ պահանջելով հետագայում ևս 3 հազար լիրա վճարել:

Սակայն հետո Արամ Աթեշյանը, տեսնելով, որ փաստաթուղթը կեղծ է, զանգահարել է Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղիշին ու պատմել կատարվածը:

Պատրիարքի փոխանորդի փաստաբան Ալի Էլբեյօղլին ասել է, որ կասկածները առաջացել են, որովհետև Սանսարյան Հանը հայկական համայնքին վերադարձնելու որոշման մասին գիտեին միայն Արամ Աթեշյանը, Ռեջեփ Էրդողանը և Էգեմեն Բաղիշը:

«Մենք ոչինչ չգիտեինք Սանսարյան Հանը վերադարձնելու մասին: Այդ մասին ընդամենը երեք մարդ գիտեր, բայց մի անձնավորություն է ներկայանում Պատրիարքարան և ասում, որ շենքը վերադարձվելու է, ասում է, որ դա հեշտ գործ չէ, 3 կամ 6 հազար լիրան մեծ գումար չէ, ու որ գործարքը պետք է գաղտնի մնա», - պատմել է Հայոց պատրիարքի փոխանորդի փաստաբանը:

XS
SM
MD
LG