Մատչելիության հղումներ

Ռուսաստանում պատրաստվում են արգելել գովազդը վճարովի հեռուստաալիքներով


Ռուսաստան - «Дождь» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նատալյա Սիդնեևան ասուլիսի ժամանակ, արխիվ

Ռուսաստան - «Дождь» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նատալյա Սիդնեևան ասուլիսի ժամանակ, արխիվ

Կաբելային խոշոր հեռուստաընկերությունների ղեկավարների պնդմամբ՝ օրինագիծը վտանգի տակ է դնում իրենց հետագա գործունեությունը։

Հապշտապ կերպով Ռուսաստանի Պետդումայի օրակարգում հայտնված օրինագիծը, որը, հեռարձակողների պնդմամբ, պատրաստվել է առանց համապատասխան մասնագետների հետ խորհրդակցելու, նախատեսում է արգելել վճարովի հեռուստաալիքներով գովազդի ցուցադրությունը։

Այս օրինագծի հեղինակները համարում են, որ վճարովի հեռուստաընկերությունները գտնվում են շատ ավելի շահեկան վիճակում, քան դրանց մրցակիցները, օրինակ՝ կենտրոնական դաշնային ալիքները, քանի որ կաբելային հեռուստաալիքները փող են ստանում միաժամանակ երկու աղբյուրից՝ հեռուստադիտողներից և գովազդատուներից: Մինչդեռ կաբելային խոշոր հեռուստաընկերությունների ղեկավարները հակառակն են պնդում՝ օրինագիծը վտանգի տակ է դնում իրենց հետագա գործունեությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հղած նամակում ռուսաստանյան հեռարձակողները խնդրում են հետաձգել օրենքի ընդունումը՝ մտավախություն հայտնելով, որ գովազդի արգելքը այս դեպքում սպառնում է հեռուստաընկերությունների տնտեսական ապագային։

«Բացարձակապես անհասկանալի է, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել օրենսդրական կարգով հեռուստաընկերությունների վզին փաթաթել շուկայում աշխատելու այս կամ այն մոդելը։ Մենք կարծում ենք, որ ցանկացած հեռուստատեսային ալիք ինքը պետք է ընտրի՝ գովազդային տարբերակը, թե՝ վճարովի, կամ միգուցե երկուսը միասին», - ասվում է Ռուսաստանի իշխանություններին ուղղված նամակում։

Այս կամ այն գործելաոճի ընտրությունը պետք է որոշվի բացառապես շուկայական մեխանիզմով, այլ ոչ թե օրենսդրական դրույթներով, նշում են հեռարձակողները՝ հավելելով, որ գովազդի արգելքը կհանգեցնի փոքր և միջին բիզնեսի անկմանը, ինչը հակասում է պետական քաղաքականությանը։

Ռուսաստանում բազմակարծություն ապահովել ձգտող կաբելային ալիքների ղեկավարները Պուտինին և Մեդվեդևին հիշեցնում են՝ կենտրոնական դաշնային ալիքների եթերներում գովազդ ունենալը «թանկ հաճույք է», ինչն իրենց կարող են թույլ տալ խոշոր բիզնեսների ներկայացուցիչները, որը, սակայն, անհասանելի է միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար։

Ամիսներ շարունակ Կրեմլի կողմից պարբերական ճնշումների ենթարկվող «Дождь» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նատալյա Սիդնեևան ասում է, որ այս օրինագիծը անհավասար պայմաններ է ստեղծում կաբելային և ոչ կաբելային ալիքների համարЖ

«Օրինակ՝ պետական ալիքները կունենան լավագույն պայմանները, քանի որ ֆինանսավորվելու են թե՛ մեր՝ հեռուստադիտողներիս հաշվին, թե՛ գովազդ են վաճառելու։ Սա շատ մեծ տնտեսական սխալ է, այս օրենքը ոչնչացնում է վճարովի ալիքների բիզնեսը, մինչդեռ ամբողջ աշխարհում հեռուստաալիքները ավանդաբար եկամուտ են ստանում գովազդի վաճառքից և բաժանորդավճարներից», - ասում է Սիդնեևան:

«Այս իրավիճակում մեզ մի քանի ելք է մնում՝ կամ փակվել, կամ բարձրացնել բովանդակության որակն ու համապատասխանաբար արժեքը, ինչը բացասաբար կարտացոլվի բաժանորդավճարների վրա, կամ էլ՝ հրաժարվել բովանդակության բարձր որակից», - ընդգծել է «Дождь» հեռուստաընկերության գործադիր տնօրենը:

XS
SM
MD
LG