Մատչելիության հղումներ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը կարող է երկրորդ անգամ վիճարկվել ՍԴ-ում


«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը կարող է երկրորդ անգամ վիճարկվել ՍԴ-ում
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

Ոչ իշխանական քառյակը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը Սահմանադրական դատարանում երկրորդ անգամ վիճարկելու հարցը:

Գագիկ Հարությունյանի ղեկավարած դատարանը, հիշեցնենք, այս տարի արդեն մեկ անգամ բավարարել է նրանց դիմումը և Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանաչել նախկին օրենքի մի շարք դրույթներ` ներառյալ պարտադիր բաղադրիչը: ՍԴ-ն Ազգային ժողովին ու Կառավարությանը հնարավորություն էր տվել մինչև սեպտեմբերի 30-ը մշակել Սահմանադրությանը համապատասխան օրենք: Կառավարությունը նորը մշակել է, և այն երեկվանից արդեն ուժի մեջ է: Քառյակը, սակայն, դա էլ հակասահմանադրական է համարում:

«Ես վստահ եմ, որ, ինչպես որ նախորդ անգամ, այս անգամ ևս մենք կունենաք դրական որոշում», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ)` հավելելով, որ նախ նամակով կդիմեն Ազգային ժողովի ղեկավարությանը: Արձագանք չլինելու դեպքում կգնան Սահմանադրական դատարան. - «Նախագիծը հետևյալն է ենթադրում` պահանջ Ազգային ժողովի ղեկավարությունից և մեծամասնությունից, որպեսզի ներկայացնեն հակասահմանադրական օրենքի չգործադրման մեխանիզմները: Սկսած նրանից, որ կասեցման մասին օրենք ընդունվի, ավարտած նրանով, որ հայտարարվի ընթացակարգային խախտումների առկայությունը և Սահմանադրական դատարանում վիճարկվի, թեկուզ իրենց համար ճշմարտությունը բացահայտելու առումով, օրենքի հակասահմանադրականությանը հարցը»:

«Մենք հասկանում ենք, որ սա Ազգային ժողովի ղեկավարությունը կարող է ի վիճակի չլինել կամք դրսևորել և իրականացնել, բայց մեզ համար շատ կարևոր է, որ մենք հիմնավորապես սահմանադրականության հարցի վիճարկման ժամանակ ցույց տանք, թե որքան արատավոր համակարգ է գործում», - շարունակեց Մինասյանը:

Նրա կարծիքով, մի քանի օր առաջ ընդունված օրենքը հակասահմանադրական ճանաչվածի կրկնությունն է` «մեկ-երկու տեխնիկական վերանայումներով»: Հիմնական մտահոգությունը` պարտադիրը, ըստ պատգամավորի, պահպանվել է:

Սահմանադրությանը հակասող ճանաչված պարտադիր կուտակային վճարները Կառավարությունը նոր օրենքում փոխարինել է սոցիալական վճարով: Պարտադրանքը, սակայն, չի վերացրել. սոցիալական վճար կատարելը երեկվանից պարտադիր է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված պետական ծառայողների, իսկ 2017-ի հուլիսի 1-ից`մասնավոր հիմնարկներում զբաղվածների համար:

«Սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը երաշխավորվում է, և որևէ հիմնավորումով հիմնավորումով հնարավոր չէ շրջանցել սահմանադրական այս նորմը: Մինչդեռ փոխելով պարտադիր կուտակային վճար հասկացությունը սոցիալական նպատակային վճար հասկացությամբ` այդ կոնֆլիկտը չի վերանում: Հակառակը` է’լ ավելի է ամրապնդվում, որ նպատակը ոչ թե մարդու, քաղաքացու սեփականությունը պաշտպանելն է, այլ ամեն գնով սեփականությունը սահմանափակելն ու տանելն է»:

ՍԴ-ն այս օրենքի սահմանադրականության հարցը քննելիս Կառավարությանը խորհուրդ էր տվել կուտակային վճարների գանձելիս մասնակից դարձնել նաև գործատուին: Նոր օրենքով ևս Կառավարությունն աշխատողի բեռն այդպես էլ չի կիսել գործատուի հետ: Քառյակը մտադիր է այս հարցը նույնպես բարձրացնել:

Մյուս խնդիրը խտրականությունն է: «Չնայած օպոնենտները մեր ներկայացնում են, թե Սահմանադրական դատարանը տարիքային խտրականությանը չի անդրադարձել, դա այդպես չէ: Որովհետև շատ հստակ Սահմանադրական դատարանը օրենքի 5-րդ հոդվածն է ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր, որով նախատեսված է տարիքային սահմանափակումը», - նշեց Արծվիկ Մինասյանը:

Սահմանադրական դատարանը դիմելու դեպքում Քառյակը նաև օրինազանցներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացնելու: «Իրավաբանական ուժ չունեցող ակտի կիրառումը առաջացնում է քրեական պատասխանատվություն` ընդհուպ մինչև 15 տարի ազատազրկում: Դատվողը լինելու են բոլոր այն անձինք, ովքեր կփորձեն գործադրել հակասահմանադրական օրենքի դրույթները, կամ իրավաբանական ուժ չունեցող ակտի դրույթները: Ինչպես նաև բոլոր այն անձինք, ովքեր արհամարհելով Հայաստանի սահմանադրությունը, Սահմանադրական դատարանի դիրքորոշումները և որոշումը` գործել են ի վնաս Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահի»:

XS
SM
MD
LG