Մատչելիության հղումներ

Նորակոչիկները շարունակում են պատվաստումները ստանալ զինվորական հավաքակայաններում


Դեռ այս տարվա ապրիլին Առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե այսուհետ զորակոչիկները կպատվաստվեն ոչ թե զինվորական հավաքակայաններում՝ այսինքն անմիջականորեն ծառայությունը ստանձնելու պահին, այլ պոլիկլինիկաներում՝ 2-3 ամիս առաջ:

Այս փոփոխության նպատակը այն է, որ վերջնական բուժզննման արդյունքում հնարավոր լինի տեսնել պատվաստման հետևանքներն ու խուսափել հնարավոր բարդացումներից:

Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը այն ժամանակ նշել էր, որ դա վերաբերելու է նաև ընթացիկ ամառային զորակոչին, բայց փաստորեն, հիմա զորակոչիկներին շարունակում են պատվաստել զինվորական հավաքակայաններում ու անմիջապես տեղափոխում զորամաս:

«Ազատության» հարցին, թե ինչու որոշումը չի գործում, առողջապահության փոխնախարարն արձագանքեց, թե պատվաստանյութ գնելու և նորակոչիկներին պատվաստելու գործառույթը անցել է իրենց նախարարությանը, և այս անցումային փուլում տեխնիկական խնդիրներ են ծագել:

«Փորձել ենք նույնը ձեռք բերել, որ որևիցե մի խնդիր չլինի և էդ նույնը ձեռք բերելու ճանապարհին ձգձգվեց էդ ամեն ինչը», - հավելեց Պողոսյանը:

Վահան Պողոսյանը համաձայն է, որ ծառայությունից անմիջապես առաջ կատարված պատվաստումները կարող են խնդրահարույց լինել․ - «Մեր հայկական սովորությամբ, էդ նախազորահավաքակայան գնալու ժամանակ առիթներ ա լինում, խնջույքներ, էդ ժամանակ կարող ա երեխան որոշակի ալկոհոլ էլ օգտագործի և էդպես գալիս ա էնտեղ: Բնականաբար, հարցումներ ա լինում՝ դուք օգտագործել եք, թե չեք օգտագործել: Մի երեխա ասում ա, մեկը չի ասում: Չեն կարող էդ անալիզները էդտեղ անեն, իմանան նա ինչ-որ բան օգտագործել ա, թե չէ»:

Փոխնախարարի համոզմամբ, սակայն, մոտ 2 շաբաթ առաջ զորակոչված 18-ամյա Իշխան Սարգսյանը պատվաստումների պատճառով չէ, որ զորամասից զինվորական հոսպիտալ է տեղափոխվել, ինչպես պնդում են նորակոչիկի հարազատները. - «Էդ խնդիրը դեռ ուսումնասիրում են, դա պատվաստումի հետ կապել չի կարելի, որովհետև հետպատվաստումային ռեակցիաների մեջ նման երևույթներ չեն լինում, այլ երևույթներ, այլ կլինիկաներ են լինում»:

Առողջապահության փոխնախարարը խոստանում է, որ առաջիկա զորակոչին մասնակցող տղաների պատվաստումը կսկսեն իրականացնել օգոստոսից:

XS
SM
MD
LG