Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսահայ մեծահարուստ գործարարն ամուսնացել է հանրահայտ մոդելի հետ


Նորապսակներին շնորհավորել է Շառլ Ազնավուրը։

Ֆրանսահայ մեծահարուստ գործարար Արամ Օհանյանն ամուսնացել է ֆրանսիացի հանրահայտ թոփ մոդել Ադրիանա Կարեմբոյի հետ։

Օհանյանը ծնվել է Երևանում, հետո տեղափոխվել Մարսել, որից հետո էլ՝ Մարաքեշ (Մարոկո)։ Նրան է պատկանում բազմաթիվ հայտնի և ազդեցիկ մարդկանց կողմից գնահատված Մարաքեշի «Ջադ - Մահալ» ռեստորան - դղյակն ու քաղաքի գիշերային ակումբներից մեկը։

Ըստ ֆրանսիական «Գալա» պարբերականի՝ Արամ կամ Անդրե Օհանյանի և հեռուստատեսային շոուներում հանդես եկող և մարդասիրական ձեռնարկներին իր մասնակցությունը բերող գեղեցկուհու քաղաքացիական ամուսնությունը կատարվել է Մոնակոյում, թեև ըստ այլ աղբյուրի, սիրահարները նախ գաղտնի ամուսնացել են Փարիզում, հետո մեկնել Մարաքեշ՝ հրավիրված 120 մերձավորների ու բարեկամների հետ տոնելու իրադարձությունը։

«Գալայի» փոխանցմամբ՝ նորապսակներին հեռախոսազանգով շնորհավորել է Շարլ Ազնավուրը։ Վերջինս Արամին ասել է.- «Մենք ունենք առնվազն երկու ընդհանրություն՝ երկուսս էլ հայ ենք, և երկուսս էլ ամուսնացած ենք բարձրահասակ և շիկահեր կանանց հետ»։

Պարբերականի փոխանցմամբ՝ Արամի ու Ադրիանայի արևելյան ոգով ներշնչված հարսանիքը եղել է շատ ջերմ և շատ շքեղ՝ զարդարված սպիտակ ծաղիկների հսկա փնջերով ու ջահերով, ծառերի մեջ՝ բյուրեղապակիներով, որոնք ստեղծել են, ինչպես ասել է ինքը՝ Ադրիանան «Հազար ու մի գիշեր» պատմությունների մթնոլորտ։ Հենց այդ մթնոլորտում է, որ մոր հետ թևանցուկ, ընդունելության սրահ է մուտք գործել Ադրիանան։

Սա Ադրիանայի երկրորդ ամուսնությունն է։ Նա ծագումով սլովակ է և ֆրանսիա է եկել 1994 թվականին, ամուսնացել՝ աշխարհի 1998 թվականի ֆուտբոլի առաջնությունը նվաճած խմբի անդամներից Քրիստիան Կարամբոյի հետ, իսկ 2011 թվականին պաշտոնապես բաժանվել է նրանից։

Ադրիանան, ով Արամին հանդիպել է երեք տարի առաջ, ամենից առաջ բարձր է գնահատում նրա քաջությունը, իր տեսակետներն ու մտքերը անվախ արտահայտելու բնավորությունը։ Նա հույս է հայտնում, որ Արամի հետ իսկական ընտանիք կկազմի։ Իսկ վերջինս կարևորում է Ադրիանայի խելացիությունը։

«Ես չէի կարողանա սիրել մեկին միայն նրա գեղեցկության համար»,- ասել է Արամ Օհանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG