Մատչելիության հղումներ

logo-print

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը


Մարդիկ խորհրդարանի շենքի մոտ ուղիղ հեռարձակմամբ հետևում են ասոցացման համաձայնագրի վավերացմանը:

Մարդիկ խորհրդարանի շենքի մոտ ուղիղ հեռարձակմամբ հետևում են ասոցացման համաձայնագրի վավերացմանը:

Մոլդովայի խորհրդարանն այսօր 59 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրել է Եվրամիության հետ օրեր առաջ կնքված ասոցացման համաձայնագիրը: Կոմունիստներն ի նշան բողոքի լքել են դահլիճը:

«Անկախ մեր քաղաքական հայացքներից՝ բոլորիս նպատակն է ավելի բարգավաճ դարձնել մեր երկիրը, և Եվրամիության հետ կնքված համաձայնագրերը հենց այդ հնարավորությունն են մեզ տալիս», - հայտարարել է նախագահ Նիկոլա Տիմոֆտին՝ ընդգծելով, որ հաջորդ փուլում Քիշնևը նպատակ է դնում հասնել Եվրամիության լիիրավ անդամակցության:

«Եկել է ժամանակը, որ Մոլդովայի ժողովուրդն ապրի ոչ թե այլոց գրած սցենարով, այլ այնպես, ինչպես ինքն է ուզում: Մենք լի ենք դեպի Եվրոպա մեր ճանապարհը շարունակելու հաստատակամությամբ, քանի որ մեր ժողովուրդն արժանի է ապրել Եվրոպայի մյուս ազգերի նման», - հայտարարել է երկրի նախագահը:

Այս հարցում իշխանությունների դիրքորոշումը ողջունելու համար այսօր խորհրդարանի շենքի մոտ են հավաքվել հազարավոր մոլդովացիներ, որոնք հնարավորություն ունեին ուղիղ հեռարձակմամբ հետևել եվրոպական համաձայնագրերի վավերացմանը:

Խորհրդարանի որոշումը ողջունել է նաև Եվրահանձնաժողովը: «Դա հնարավորություն կտա արդեն այս տարվա աշնանը առևտրային արտոնությունների նախնական ռեժիմ մտցնել Մոլդովայի համար», - հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Տոդդը:

Ռուսաստանն ևս չի հապաղել «արձագանքել». Россельхознадзор-ը հայտարարել է, թե հուլիսի 5-ից արդեն մոլդովական մսամթերքը չի կարող անարգել հատել Ռուսաստանի սահմանը, քանի որ ծառայությունը կոպիտ խախտումներ է հայտնաբերել մինչև այդ ներկրված խմբաքանակում:

Իսկ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մեկնել է Մոլդովայից անջատված Մերձդնեստր ու այսօր տարբեր ոլորտներում համագործակցության հուշագրեր ստորագրել չճանաչված այդ հանրապետության հետ:

«Ռուսաստանը պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել դժվարին իրավիճակում հայտնված Մերձդնեստրին», - հայտարարել է Ռուսաստանի կառավարության երկրորդ դեմքն ու ընդգծել, որ Ռուսաստանի նախագահն ու Կառավարությունը ելնում են Մերձդնեստրի առջև ստանձնած Ռուսաստանի միջազգային պարտավորություններից՝ որպես այս տարածաշրջանում կայունության ու անվտանգության երաշխավոր:

XS
SM
MD
LG