Մատչելիության հղումներ

Ձեռնարկատերերը չեն շտապում ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ


Փոքր և միջին ձեռնարկատիրությամբ (ՓՄՁ) զբաղվող տնտեսվարողների մի մասը դեռևս չի շտապում ձեռք բերել նոր տեխնիկական չափանիշներով հսկիչ-դրամարկղային մեքենաները:

«Ազատության» հետ զրույցներում տնտեսվարողները դժգոհում են, որ նոր սերնդի ՀԴՄ-ները թանկ են ու հավելյալ ծախս իրենց համար:

«Ընդհանրապես ձեռնտու չէ, բայց հարկայինն է պարտադրում, որ դա դնենք: Գինը բավականին թանկ է: Ամեն անգամ հարկայինը մի բան մտածում է, որ գումար ավելի շատ վճարվի այնտեղ», - ասաց նրանցից մեկը:

Ոչ բոլոր տնտեսվարողները համաձայնեցին խոսել տեսախցիկի առջև. Նոր տեսակի ՀԴՄ-ներ ձեռք չէին բերել ու վախենում էին խնդիրներ ունենալ հարկային մարմինների հետ:

«Երեք հատ փոքր խանութ ունենք: Արենդայով իհարկե: Պատկերացրեք` երեք հատ 150 հազար դրամ… Նպատակն այն է, որ ինչ-որ մեկը ուզում է իր գրպանը լավ լցնի: Ուրիշ ձև չունեն էլ փող աշխատելու, հիմա ընկել են այս խեղճ ժողովրդի հետևից: Դա է իրենց նպատակը: Բայց չեն մտածում, որ պիտի թողնեն մի քիչ մենք ոտքի կանգնենք, որ կարողանանք մուծումներ անենք, իրենց օգուտ տանք», - ասաց միջին տարիքի մի ձեռնարկատեր:

Նոր ՀԴՄ-ների կիրառումը օրենքով պարտադիր է 2013թ. հունվարի 1-ից: Դրանք ներդրվեցին փուլ առ փուլ, նախ խոշոր տնտեսվարողների համար, հետո՝ ավելացված արժեքի հարկ վճարողների, այնուհետև՝ փոքր ու միջին բիզնեսի համար:

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկել էին տարեկան մինչև 100 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողներին ազատել նոր սերնդի ՀԴՄ-ներ տեղադրելու պարտավորությունից, սակայն գործադիրը համարում է, որ դա ճիշտ մոտեցում չէ:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի պարզաբանումը. - «Բացի նրանից, որ դա դժվար վերահսկելու առումով դժվար խնդիր է, նաև Կառավարությունը գտնում է, որ ճիշտ չէ այժմ այդպիսի հարց դնել: Այժմ ավելի ճիշտ է, որ մենք խնդիրները կարգավորենք ՓՄՁ-ին աջակցելով այդպիսի ՀԴՄ-ներ ձեռք բերելու համար, փորձենք եղանակներ գտնել փոխհատուցումով, զեղչային համակարգերով ՓՄՁ-ների կողմից այդպիսի ՀԴՄ-ներ ձեռք բերելու գործընթացում, քան վերցնել ու ազատել»:

XS
SM
MD
LG