Մատչելիության հղումներ

Ռուսաստանն «այլևս շահագրգռված չէ» ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե անդամակցության խնդրանքով դիմելով Եվրասիական միությանը` Սերժ Սարգսյանը ընդամենը լուծեց սեփական իշխանության պահպանման հարցը, իսկ Կրեմլը նպատակ ուներ հետ պահել Հայաստանին Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի կնքումից, և այժմ, երբ Ռուսաստանը հասել է իր նպատակին, այլևս շահագրգռված չէ Հայաստանի անդամակցությամբ:

Մարտիրոսյանի կարծիքով, վերջին շրջանի ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները ցույց տվեցին նաև, որ Մոսկվան ձգձգում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը, քանզի ցանկանում է պայմանավորվել Ադրբեջանի հետ, որպեսզի այդ երկիրը ևս անդամակցի միությանը, և Բաքվին շահագրգռելու համար Կրեմլը պատրաստ է զիջումներ խոստանալ ղարաբաղյան հարցում:

«Հայաստանի շահերի հաշվին (ոչ մեկ անգամ մենք, ցավոք սրտի, ունեցել են)` ռուս- խոշոր հաշվով` թուրքական մերձեցում: Մենք ունեցել ենք նմանատիպ մոտեցում 19-րդ դարի վերջին, երբ հայկական հողերը փոխվեցին բալկանյան հողերի հետ ռուս-թուրքական պատերազմից հետո: Այն դեպքում, երբ կովկասյան ճակատում հայերի օգնությամբ էին հաղթանակ տարել: Եվ դրանից հետո մենք ունեցան Աբդուլ Համիդի հայկական ջարդերը: Մենք ունեցանք նմանատիպ իրավիճակ 20-րդ դարի սկզբին, երբ Նախիջևանը և Ղարաբաղը տրվեցին Ադրբեջանին ադրբեջանական «կարմիր բոլշևիզմի» համար», - հիշեցրեց ընդդիմադիր գործիչը:

Չնայած մայիսի 29-ի Աստանայի գագաթնաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խնդրեց մինչև հունիսի 15-ը վերջնաժամկետ սահմանել՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման համար, սակայն մինչև օրս հայտնի չէ՝ ի վերջո ե՞րբ է կնքվելու փաստաթուղթը:

Ավելի ուշ հրապարակված Աստանայի գագաթնաժողովի որոշման մեջ ընդամենը ասված էր, որ մինչև հուլիսի 1-ը պետք է նախապատրաստել այդ պայմանագիրը, բայց այն ե՞րբ է ստորագրվելու՝ ոչ մի խոսք:

Թեև պայմանագիրն արդեն պատրաստ է, ինչի մասին երեկ լրագորղներին հայտնեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ նշելով, թե «ներպետական համաձայնեցման համար» այն հունիսի 30-ին ուղարկվել է Հայաստանին և միության անդամ երեք երկրներին, սակայն Հայաստանի իշխանությունները չեն կարողանում հստակություն մտցնել անդամակցության հարցում:

Այսօր էլ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները խուսափեցին մեկնաբանություն տալ հարցի հետ կապված:

Հունիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ է ուշանում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի կնքումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր. - «Հուլիսի 3-ի հանդիպումից պարզ կլինի: Ամեն դեպքում, ես գտնում եմ, այդ գործընթացը կկայանա: Ժամկետի առումով կարող են լինել փոփոխություններ»:

Միությանը մեր երկրի անդամակցությանը երեկ անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահը, սակայն դարձյալ առանց որևէ հստակության. - «Եվրասիական գործընթացի շարժիչ ուժը Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան եռյակն է։ Եվրասիական միությունն այնքան հրապուրիչ է, որ նրան են ձգտում ԱՊՀ-ի մյուս անդամ երկրները։ Հուսով եմ, որ ամենամոտ ապագայում դրա անդամ կդառնա նաև Հայաստանը»:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները պարզապես տեղյակ չեն անդամակցության գործընթացից. - «Հենց Մաքսային միության անդամ, հիմնադիր երեք երկրների միջև կան այնպիսի հակասություններ, որ շտկման կարիք ունեն: Ինչ վերաբերում է պարոն Պուտինի հույսին, ես նույնպես հույս եմ հայտնում, որ Հայաստանը չի անդամագրվում Եվրասիական միությանը»:

Ի դեպ, Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովն «Թվիթեր»-ի իր էջում այսօր գրել է, թե Հայաստանը կարող է ստորագրել Եվրասիական միության անդամակցության պայմանագիրն այս հոկտմբերին՝ Մինսկում նախատեսված Եվրասիական միության գագաթնաժողովի ընթացքում:

Հայաստանի արտգործնախարարությունը դեռ չի արձագանքում, սակայն ուշագրավ է, որ մեր երկրի համար կարևոր հարցի վերաբերյալ նորությունը հերթական անգամ առաջինն իմանում ենք այլ երկրի պաշտոնյայից:

XS
SM
MD
LG