Մատչելիության հղումներ

Ուսուցիչները վրդովված են՝ նրանց աշխատավարձերը չնչին չափով են աճել


Ամենաքիչը բարձրացել է կրթության ոլորտի աշխատավարձերը
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00

Ընդդիմադիր գործիչը քաղաքացիներին խորհուրդ է տալիս հումորով վերաբերվել իշխանությունների խոստումներին:

Անցած տարեվերջին Ազգային ժողովի կողմից ընդունված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով հուլիսի 1-ից գործում է նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման և պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգ։

Այդ համակարգով նախատեսվում էր առողջապահության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում 21․5 տոկոսով, կրթության ոլորտի աշխատակիցներինը՝ 14, մշակույթինը՝ 29․6, սոցիալական պաշտպանության համակարգինը՝ 21․6, պետական կառավարման ոլորտինը՝ 47, քաղաքացիական ծառայողներինը՝ 68 տոկոսով: Նկատենք, որ ամենաքիչը բարձրանում են կրթության ոլորտի աշխատավարձերը:

Այսօր երկրի 1400-ից ավելի դպրոցներում աշխատում են 44 հազար ուսուցիչներ, որոնց աշխատավարձերը, ի դեպ, աշակերտների թվի կրճատմանը զուգահեռ տարեցտարի նվազում են։

Երևանի թիվ 50 դպրոցի հաշվապահ Շողակաթ Բաբայանն ասում է, որ իրենց դպրոցի ուսուցիչների աշխատավարձը նույնիսկ նշված 14-ով չի բարձրացել, և դա այն դեպքում, երբ աշնանը խոստանում էին բարձրացնել 40-60 տոկոսով:

«Դպրոցի բոլոր աշխատողներինը՝ ուսուցիչ, սպասարկող անձնակազմ, բոլորինը նույն տեմպով է բարձրանում։ Ընդհանուր դպրոցում բարձրանում է 8-10 տոկոս, սակայն հրապարակվում է, որ աշխատավարձը բարձրանում է մոտ 40-60 տոկոս։ Այդպիսի թիվ գոյություն չունի։ Էդ տոկոսները բարձրանում են նախարարություններում ու ավելի բարձր պաշտոնով մարդկանց՝ մինչև 300-ից ավելի տոկոս բարձրացում կա աշխատավարձի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը։

Հաշվապահն ասում է, որ դպրոցի 22 ուսուցիչներից միայն երկուսն են մեկ դրույքաչափով աշխատում և ստանում 74 հազար դրամ (մոտ 183 դոլար), իսկ մնացածը կես դրույքով են աշխատում և ստանում են 30-40 հազար դրամ:

«Եթե հաշվի առնենք, որ այսօրվանից պետական աշխատողների աշխատավարձից պետք է պահվի նաև 5 տոկոս սոցիալական վճար, ստացվում է, որ ուսուցիչների գերակշիռ մասի աշխատավարձը բարձրացել է չնչին տոկոսով, այսինքն՝ ընդամենը 900 դրամի բարձրացում», - ընդգծեց Բաբայանը։

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանի համոզմամբ, իշխանություններն այս քայլով հերթական անգամ ծաղրել են մանկավարժներին՝ բարձրացման արդյունքում իր 40 հազար աշխատավարձին ավելացել է ընդամենը 1900 դրամ:

«Պարզապես գոյատևել անգամ հնարավոր չէ, ոչ մի վերահսկողություն գոյություն չունի էս երկրում, այսինքն՝ իրենք անում են էնպես, ինչպես ուզում են, իսկ մենք ապրենք էնպես, ինչպես կարող ենք։ Մանկավարժի աշխատավարձն այսօր կենսաթոշակ ստացողի աշխատավարձին ոչ մի ձևով չի զիջում», - ասաց Հովսեփյանը։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս հումորով վերաբերվել իշխանությունների խոստումներին, որպեսզի հետագայում նման հիասթափություններից էլ զերծ մնան։

«Իհարկե չնչին գումար է կազմում և ընդհանրապես բարձրացում չէ, եթե հաշվի ենք առնում, որ դրա կողքին մենք ունենք, ասենք, հոսանքի գնի թանկացում, նաև այլ թանկացում, որոնք կհաջորդեն բնականաբար։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության իշխանություններն առաջին անգամ չէ, որ կեղծ խոստումներ են տալիս՝ խոստանալով բարձրացնել, բայց չբարձրացնելով, խոստանալով չթանկացնել, բայց թանկացնելով։ Եթե չենք պայքարում, գոնե առնվազն պետք է հումորով վերաբերվենք դրանց։ Եթե ես, օրինակ, լինեի մանկավարժների փոխարեն, բոլորին կոչ կանեի հավաքել այդ գումարն ու ուղարկել Բաղրամյան 26 [նախագահական նստավայր]», - ասաց Սաֆարյանը։

Հարցին, թե ինչ սկզբունքով է հաշվարկը կատարվել ու ինչու են ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել 8-9 տոկոսով, Ֆինանսների նախարարությունից պատասխանեցին, որ աշխատավարձի առավելագույն և նվազագույն չափեր ուսուցիչների և բուժաշխատողների համար չեն սահմանվում, քանի որ վերջիններս իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների աշխատողներ են, որոնք ինքնուրույն են որոշում իրենց աշխատողների աշխատավարձերի չափերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG