Մատչելիության հղումներ

Կարկուտը մինչև 100 տոկոսի վնաս է պատճառել գյուղացիներին


Կարկտահարված գյուղերը կանգնած են սովի առաջ
please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00

Երեկ Շիրակի մարզում շուրջ 40 րոպե տեղացած ուժեղ կարկուտը լուրջ վնասներ է հասցրել մարզի 14 համայնքի ցորենի ու գարու ցանքատարածություններին:

Եվս 15-20 օր և Շիրակի մարզում սկսվելու է հացահատիկի բերքահավաքը: Սակայն երեկ շուրջ 40 րոպե տեղացած ուժեղ կարկուտը լուրջ վնասներ է հասցրել մարզի 14 համայնքի ցորենի ու գարու ցանքատարածություններին:

Հայկասարում գյուղացին դաշտից ոչինչ չունի ամբարելու: Ցանքատարածություններին հասցված վնասը 100 տոկոս է: Տեղացած կարկուտն այնքան ուժեղ ու չափերով մեծ է եղել, որ մինչ այսօր կեսօր դաշտերում դեռ այն պահպանավել էր․ - «Ըսոնց մի հատն եղել է 50-60 գրամ», - ցույց տալով սառույցի կտորները՝ պատմում էին գյուղացիները:

Հայկասարցիներն ասում են, որ եթե կառավարությունը գյուղացուն չօգնի՝ վարկերն ու սերմացուի պարտքերը մի որոշ ժամանակով չհետաձգի, գյուղը կամ սովի կմատնվի, կամ կդատարկվի:

«Էս ցորենը պիտի 55-60 ցենտներ բերք տար, հիմի զրոյական է: Վնասները ահավոր չափերի են, ոչինչ չունենք տանելու», - ասաց գյուղացիներից մեկը:

«Ակնկալում էի մոտավորապես 20 տոննա, սերմը վերցրել ցանել եմ՝ հետ տալու ակնկալիքով, որտեղից պիտի տամ՝ չգիտեմ: Ոչ գումարը կարանք տանք, ոչ էլ․․․ բան չենք քաղել, ի՞նչ տանք, տեղն էլ կարկուտ չեն վերցնի», - ասաց Հայկասարի գյուղացիներից մյուսը:

«Համայնքը 150-180 մլն դրամի վնաս է տարել ամբողջ Հայկաասարը: Ցանելու ոչինչ չունեն, դաժը ուտելու խնդիր կա էսօր»:

Շիրակի մարզպետարանի ձևավորած հանձնաժողովը եղավ գյուղեր՝ հաշվարկելու վնասի չափերը: Մարզի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն ասում է, որ վնասը տատանվում է 30-ից մինչև 100 տոկոսի շրջանակներում․ - «Մոտ 1500-2000 հա վնասված ցանքատարածություններ կան: Հայկասարում, Հայրենյացում, Տուֆաշենում վնասները հասնում են 100 տոկոսի»:

Պարզվեց կարկուտը տեղացել ու վնասներ է հասցրել այն համայնքներին, որտեղ հակակարկտային կայաններ տեղադրված չեն։

Վնասի չափերի հաշվարկն ավարտելուց հետո այն կուղարկվի կառավարություն: Կլինի վնասի փոխհատուցում, թե ոչ, պարզ չէ: Սա մարզում այս տարվա գրանցված երկրորդ կարկտահարությունն էր, որի հասցրած վնասներն ավելի մեծ էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG