Մատչելիության հղումներ

logo-print

Դատախազության տոնը նշվեց գովասանքի տարափով և շքեղ նվերներով


Հայաստանի գլխավոր դատախազությունն այսօր իր 96-ամյակը նշեց ուժային կառույցների ղեկավարների շքեղ նվերներով, գովասանքի խոսքերի տարափի տակ:

Սերժ Սարգսյանի ուղերձում նշված էր․- «Գոհունակությամբ պետք է նկատել, որ դուք ինքներդ եք բացահայտում համակարգում առկա թերություններն ու բացթողումները և հրապարակայնորեն խոսում դրանց վերացման անհրաժեշտության մասին»:

Նախքան հանդիսությունը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին խնդրեցինք արձագանքել Նուբարաշենի մեկուսարանում 29 դատապարտյալի հայտարարած հացադուլին և քրեական գործերը վերանայելու՝ նրանց պահանջներին: Դատախազը միայն ասաց՝ «ամեն օր էլ ցույց են անում, էլի»:

Գլխավոր դատախազն արդեն հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարեց․ - «Ուղղակի ցանկանում եմ յուրաքանչյուրիս, որպեսզի մենք՝ ամեն մեկս կարողանանք գնահատել մեր իսկ կատարած աշխատանքի արդյունավետությունը»:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գնահատեց դատախազության գործունեությունը․ - «Մեր դատախազությունը մշտապես հավատարիմ է մնացել լավագույն ավանդույթներին»: Սահակյանը ԱԺ Պատվո մեդալով պարգևատրեց դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանին:

Վարչապետն այս հանդիսությանը մասնակցելու պատիվը վերապահել էր իր տեղակալ Արմեն Գևորգյանին: Վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով պարգևատրվեց Աջափնյակի դատախազը, խրախուսական պարգև ստացավ Տավուշի դատախազը:

Թեև Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի զեկույցում դատախազության թերությունների նկարագրությունը գրավել է 13 տպագիր էջ, և մասնավորապես նշվել է, որ արձանագրվել են հետաքննության և նախաքննության մարմինների նկատմամբ դատախազական հսկողության թերացման դեպքեր, դատախազությանը գովասանքի խոսքերի արժանացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը: Նա ոսկեփայլ՝ արժեքավոր նվերով պարգևատրեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Ելույթով հանդես եկավ նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա Գևորգ Կոստանյանին պարգևատրեց համագործակցության ամրապնդման մեդալով:

Թեև երեկ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարել էր, որ պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը մոտ են շատ բարձրին, և այդ պայմաններում դատախազությունը հրապարակավ հանդես չի գալիս կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար, դատախազությանն այսօր շնորհավորեց նաև պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի վերջին զեկույցում նշված էր.- «Խաղաղ պայմաններում բանակում մահացած անձանց քրեական գործերը շարունակվել են մնալ չբացահայտված կամ չավարտված, քանի որ Դատախազությունը չի ապահովել այդ գործերով անհրաժեշտ հարցաքննություններ, առերեսումներ և այլ քննչական գործողություններ»:

Իսկ Պաշտպանության նախարարության շնորհավորանքում ասված էր. - «ՀՀ Դատախազությունը կայացած համակարգ է և ջանք ու եռանդ չի խնայում իր առջև դրած խնդիրների կատարման համար»:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պաշտպանության փոխնախարարին հանձնեց դատախազության նվերը՝ թռչնի թևերով խորհրդանշական արձան: Պաշտպանության նախարարի հրամանով «Գարեգին Նժդեհի» մեդալով պարգևատրվեց զինդատախազի տեղակալը:

Դատախազության տոնի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հայտարարեց․ - «Օրինականության ապահովման ու իրավակարգի ամրապնդման այն նշաձողը, որը դրվել է ՀՀ Դատախազության աշխատակիցների և իրավապահ բոլոր մարմինների առջև երկրի ղեկավարի առաջադրած պահանջների համարժեք արձագանքն է»:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նվերներ հանձնելու փոխարեն միջնադարյան առասպել պատմեց՝ հասարակ գյուղացու և մեծահարուստ իշխանի վեճի մասին․ - «Առասպելի իմաստն այն է, որ դատարանը վեճը լուծում է ի օգուտ այդ հասարակ գյուղացու և նա դուրս գալով դատարանի դահլիճից հպարտորեն հայտարարում է, թե կեցցե Գերմանիան, վերջապես մեր երկրում կա արդար դատարան»:

Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների պաշտպանը դատական համակարգի վերաբերյալ արտահերթ զեկույցում գրել էր․- «Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, «Հարսնաքար»-ում Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը՝ կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երևանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի ՀԷԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում: Եթե Վճռաբեկ դատարանի և նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ»:

XS
SM
MD
LG