Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը չերկարագձեց հրադադարը


Հակաահաբեկչական գործողության քարտեզն արտացոլում է իրավիճակն Ուկրաինայի արևելքում հուլիսի 1-ի դրությունը, Կիև, 1 հուլիսի, 2014թ.
Հակաահաբեկչական գործողության քարտեզն արտացոլում է իրավիճակն Ուկրաինայի արևելքում հուլիսի 1-ի դրությունը, Կիև, 1 հուլիսի, 2014թ.

Մոսկվան անկարկում է, թե Ուկրաինան Արևմուտքի համար քաղաքական մանրադրամ է։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամայել է բանակին վերսկսել հակաահաբեկչական գործողությունը երկրի արևելյան շրջաններում։

«Մենք կգրոհենք և կազատենք մեր հողերը։ Հրադադարը չերկարաձգելը մեր պատասխանն է ահաբեկիչներին, ապստամբներին և դիակապուտներին, բոլոր նրանց, ովքեր բռնություն են գործադրում խաղաղ մարդկանց նկատմամբ, կաթվածահար են անում շրջանների տնտեսությունը, խափանում են աշխատավարձերի և թոշակների վճարումը, պայթեցնում են երկաթուղին, ջրատարները, մարդկանց զրկում են նորմալ, խաղաղ կյանքից»,- անցած գիշեր ասել է Պորոշենկոն։

Ուկրաինայի նախագահի առաջարկած խաղաղության հաստատման ծրագիրը ենթադրել է իշխանության ապակենտրոնացում, արտահերթ խորհրդարանական և տեղական ընտրություններ, մեկ տասնյակից ավելի այլ կետեր, իսկ հրադադարը դրա իրագործման անհրաժեշտ հիմքն էր։

Պորոշենկոն այն 7 օրից հասցրել էր 10-ի, բայց, ինչպես Կիևն է պնդում, ռուս անջատականներն այդպես էլ չեն դադարեցրել սադրիչ գործողությունները և վայր չեն դրել զենքը։

Մայրաքաղաք Կիևում հազարավոր ցուցարարներ շաբաթավերջին հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ և պահանջել անհապաղ դադարեցնել հրադադարը, ռազմական դրություն մտցնել արևելքում և զենք տալ այնտեղ անջատականների դեմ կռվելու ցանկություն հայտնող կամավորներին, քանի որ, ըստ նրանց, հրադադարի ընթացքում անջատականները շարունակել են սպանել ուկրաինացի զինվորներին, այն ոչինչ չի տվել և ձեռնտու է միայն անջատականներին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր «խորը ափսոսանք» է հայտնել հրադադարը չերկարացնելու Կիևի որոշման կապակցությամբ և ակնարկել, թե խաղաղության գործընթացը դրսի ուժերն են խափանում։

«Մենք նորից հորդորում ենք մեր գործընկերներին Ուկրաինան չօգտագործել որպես մանրադրամ իրենց աշխարհաքաղաքական խաղերում»,- ասվում է Սերգեյ Լավրովի ղեկավարած գերատեսչության հայտարարությունում։

Այսօր Մոսկվայում գումարվել է տարբեր երկրներում հավատարմագրված ռուսաստանցի դեսպանների համաժողովը, որի ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե «ավելանում է եվրոպացի քաղաքական գործիչների և գործարարների թիվը, ովքեր սկսում են ըմբռնել, որ Եվրոպան օգտագործվում է մեկ այլ կողմի շահերի համար և դառնում է գաղափարախոսական կարճատես մոտեցման պատանդ»։

Հրադադարը չերկարացնելու վերաբերյալ անհանգստություն է հայտնել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

«Երեկ երեկոյան դեռ ժամը 10-ին մենք մոտ էինք ընդհանուր համաձայնության, բայց այն չստացվեց, համաձայնությունն ինքնին չէր լուծի Ուկրաինայի խնդիրը, սակայն շունչ քաշելու ժամանակ կտար, ուստի, ես որոշ չափով հիասթափված եմ հրադադարը չերկարաձգելու Պորոշենկոյի վճռից»,- ասել է Շտայնմայերը։

XS
SM
MD
LG