Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ նիստն ուղեկցվեց բողոքի ակցիայով


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ և պահանջում էին, որ նիստին թույլատրվի նաև իրենց՝ թվով 10 ներկայացուցիչների մասնակցությունը:

Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանն ասաց, որ դահլիճում ներկա են բազմաթիվ ՀԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, պատգամավորներ, և լրացուցիչ տասը հոգու համար տեղ չկա:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանակցություններից հետո երկու ակտիվիստ, այնուամենայնիվ, ներս մտան ու մասնակցեցին նիստին: Նիստի սկզբից մինչև ավարտը Երևանի փոխոստիկանապետ Օսիպյանը բանակցություններ էր վարում հանձնաժողովի աշխատակիցների և քաղաքացիների միջև, որպեսզի վերջիններս կարողանան ներս մտնել: «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը դիտավորյալ է ձգձգում ժամանակը, որպեսզի նիստն ավարտվի:

«Ոստիկանությունը ակնհայտորեն խաղում է ժամանակի վրա՝ փորձելով ուղղակի շրջափակված պահել, փորձելով նաև, այսպես ասած, «Կոլցո» օպերացիաներով մեկուսացնել իրենց զբաղեցրած դիրքերից քաղաքացիական ակտիվիստներին, փորձում է ուղղակի ապահովել, որ նիստն ավարտվի և որոշումը կայացվի»,- ասաց Սաֆարյանը:

Վաղ առավոտից ոստիկանությունը մի քանի շարքով շրջափակել էր դեպի հանձնաժողովի շենք տանող բոլոր ճանապարհները: Երբ հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ դահլիճում տեղ չկա, ցուցարարներից մի քանիսը, ի նշան բողոքի, փակեցին Սարյան փողոցը ողջ երկայնքով՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Ոստիկանները ցուցարարներին, ուժ գործադրելով, տեղափոխեցին մայթ: Մի քանի ոստիկան փորձեցին ոստիկանական մեքենային մոտեցնել ակցիայի ներկայացուցիչներից մեկին, երբ հնչեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի անսպասելի հրահանգը՝ «այսօր բաժին տանել չլինի»:

Նշենք, որ Օսիպյանն այսօր ցուցարարների նկատմամբ հանդուրժող ու մեղմ էր: Անգամ թեժ կետերում ոստիկաններին հրահանգում էր ուժ չգործադրել, պարբերաբար կրկնում էր․- «Մենք ձեր վիճակի մեջ մտնում ենք, մենք ձեզ հասկանում ենք, բայց մենք հասարակական կարգն ենք պահպանում։ Խնդրում եմ, հավատացե՛ք, անկե՛ղծ եմ ասում՝ մենք կոնֆլիկտի չենք ուզում գնալ»:

Եվ չնայած Օսիպյանի այս ջանքերին, «Ժառագությունից» Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ոստիկաններն, այնուամենայնիվ, ուժ են գործադրել ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Այսօրվա բողոքի ակցիային մասնակցում էր նաև նախորդ ակցիայի ժամանակ ձեռքի կոտրվածք ստացած տարեց մի կին, ով պատմեց, որ ձեռքը կոտրվել է ոստիկանի հետ քաշքշուկից հետո:

Բողոքի ցույցի մասնակիցները զայրացած պահանջում էին, որ նիստն ընդհատվի կամ շարունակվի բացօթյա: Որոշ ժամանակ անց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դուրս եկավ ու ասաց, որ որոշումն արդեն կայացված է, և էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից 4 դրամով կթանկանա:

«Ոչ մի հակադարձ փաստարկ ամբողջ հանձնաժողովի նիստի ժամանակ չի եղել․ քարի նման, փայտի նման նստած՝ ոչ մի ծպտուն ոչ մի հանձնաժողովի անդամի կողմից, ովքեր քվեարկել են, չի եղել: Էս հանձնաժողովի նիստին չէր մասնակցում ոչ ֆինանսների նախարարը, ոչ էկոնոմիկայի, ոչ էներգետիկայի նախարարը, թքած ունեն: Վիրավորում եմ իրենց՝ հինգ հատ կոճակ քվեարկեց, և ամսի 1-ից հոսանքը թանկանում է 4 դրամով: Ձեզ «աչքալուսանք»», - ասաց Մանուկյանը:

Արամ Մանուկյանի հաղորդած տեղեկությունից հետո ցուցարարները վստահեցնում էին, որ չեն հնազանդվելու այս որոշմանն ու դիմելու են արմատական քայլերի:

XS
SM
MD
LG