Մատչելիության հղումներ

Պետական հատվածի աշխատողներն այլևս չեն կարող հրաժարվել պարտադիրից


Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքով պետական հիմնարկներում աշխատող շուրջ 65 հազար քաղաքացիներ այլևս չեն կարող հրաժարվել պարտադիր պահումներից:

Արդեն հուլիսի աշխատավարձից նրանք ստիպված կլինեն փոխանցումներ կատարել, որը օրենսդրական փոփոխություններով ձևակերպվեց որպես սոցիալական վճար: Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասում էր խորհրդարանի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ իրականություն դարձավ այն, ինչի մասին իրենք զգուշացնում էին՝ իշխանությունները չեն հրաժարվելու թալանից:

«Իշխանությունները զբաղված են խաբեությամբ: Միակ բանը, որ իրենք արեցին դա քաղաքացիների գրպանը մտնելն է․ մինչև հիմա մտնում էին Սահմանադրությանը հակասող եղանակով, հիմա մտնելու են սահմանադրական եղանակով: Ոչ մի բան չի փոխվել»,- ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, չի բացառում, որ ոչ իշխանական քառյակն, այնուամենայնիվ, կդիմի Սահմանադրական դատարան․ այս հարցով քննարկումները Կոնգրեսը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և Դաշնակցությունը առայժմ շարունակում են:

«Մի խնդիրը լուծել են, որ Սահմանադրությանը հակասում էր: Այսինքն՝ հակասահմանադրական էր պարտադիր վճարումը հիմնադրամներին: Հիմա էդ նույն բանը կատարում են պարտադրելով բյուջեի միջոցով: Այսինքն՝ սկզբից բյուջե ես վճարում, բյուջեից գնում է հիմնադրամներ, բայց խտրականության խնդիրները մնացել են, ընդ որում՝ ավելի խորացել են, որովհետև մի քանի խմբեր են ստեղծել, որոնք տարբեր վիճակներում են հայտնվել, ասենք՝ պետական և մասնավոր զանգվածը»,- ասաց Զուրաբյանը:

Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ քառյակի 12 կետերից մեկը հենց պարտադիրի վերացման պահանջն է, որի համար իշխանությունը աշնանը պետք է պատասխան տա:

«Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ, օր առաջ է պետք դիմել Սահմանադրական դատարան, փոփոխված օրենքով մարդկանց եկամուտները, նրանց կամքին հակառակ, շարունակվում են տնօրինվել, ընդամենը անունն է փոխվել․ - «Ցավոք սրտի, շարունակվում են դեռևս կարծիքներ հնչել նույն ընդդիմադիր դաշտերից թե ՍԴ-ն լավ որոշում է կայացրել, բայց Կառավարությունն է աղավաղել այն: Ինձ թվում է՝ սա ավելի շատ արդարացում է՝ ՍԴ չդիմելու համար, այլապես պիտի հասկանային, որ ի սկզբանե ՍԴ-ն պարզապես կեղծիք է արել և սրիկայություն»:

Ավելին, բարձր դատարանը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, իր անպատվաբեր դերն է խաղացել նախապես ծրագրված քաղաքական կեղտոտ խաղում, ու հիմա համընդհանուր գործազրկության պայմաններում պետական համակարգում աշխատանք ունեցողները իշխանությունների պատանդը դարձան․- «Իշխանությանը կարող է թվալ, թե մոլորեցրել է, այսպես ասած՝ հարիֆացրել է ժողովրդին և արել է իր ուզածը, բայց մի բան թող հրաշալի հասկանան, որ իրենց այս քայլով ավելի են մեծացրել անվստահությունը, որովհետև քաղաքացիական հասարակությունը և այս շարժումը հայտնվեց խաբված վիճակում»:

«Դ!եմ եմ» նախաձեռնությունում, մինչդեռ, շարժմանը նոր թափ հաղորդելու տրամադրություններ են: Սրբուհի Ղազարյանը հույս ունի՝ պետական աշխատողները կսթափվեն, դուրս կգան ստրկական վիճակից: Երիտասարդները նախաձեռնելու են փողոցային ակցիաներ, առաջիկայում կհանդիպեն քառյակի հետ՝ քննարկելու Սահմանադրական դատարան դիմելու նպատակահարմարությունը:

«Մեր խորին համոզմամբ՝ նոր օրինագիծը շատ հակասահմանադրական կետեր ունի, որովհետև իշխանությունները փորձել են պարտադիր կուտակային բաղադրիչը փորձել համաձայնեցնել և բերել Սահմանադրության 31-րդ հոդվածին համապատասխանեցնել, բայց մոռացել են, որ հարկատեսակը ևս համաչափ է և չի կարող կիարռվել այս կամ այն խտրականությամբ հասարակության շերտերի բաժանման արդյունքում»,- ասաց Ղազարյանը:

Արսեն Մանուկյանը հավելում է, որ հույսեր չեն կապում դատարանի հետ, բայց դա պայքարի իրավական ուղղությունն է, որը պետք է առաջ տանել: «Դ!եմ եմ» շարժումը խոստանում է կանգնել օրենսդրական այս փոփոխությունների առաջին հասցեատերերի կողքին, եթե նրանք ինքնակազմակերպվեն, փողոց դուրս գան:

«Բառախաղի շնորհիվ իշխանությունը մտցրեց մի օրինագիծ, որով թալանում է սեփական աշխատակցին: Առանձին զրույցների ընթացքում բոլորն էլ խոստովանում են, որ ցանկացած նմանատիպ ակցիային մասնակցելու դեպքում իրենց սպառնում են, որ գործից կազատեն»,- հավելեց Մանուկյանը:

XS
SM
MD
LG