Մատչելիության հղումներ

Նախարար. Երևանը չի դիմում ՀԱՊԿ-ի օգնությանը, որովհետև դրա կարիքը չկա


Հայաստանի սահմանամերձ շրջանների գնդակոծությունների հետ կապված Երևանը չի դիմում ՀԱՊԿ-ի օգնությանը, որովհետև դրա կարիքը չկա, և հայկական զինված ուժերը ինքնուրույն են լռեցնում հակառակորդին: Այսօր Երևանում մեկնարկած անվտանգության միջազգային համաժողովում լրագրողներին այս մասին հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Միայն հունիս ամսվա ընթացքում, ըստ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունների, ադրբեջանական կողմի հարձակումների հետևանքով հայկական զինված ուժերը տվել են 4 զոհ, բազմիցս գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը: Նույն ժամանակահատվածում միայն ղարաբաղյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը Ադրբեջանը խախտել է ավելի քան 2000 անգամ:

Չդադարող այդ լարվածությունը լրատվամիջոցներում, սոցցանցերում քննարկման պատճառ հանդիսացավ, թե Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, ինչու չի դիմում կազմակերպության աջակցությանը: ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն, այն պարտավոր է ռազմական, քաղաքական աջակցություն ցուցաբերել ագրեսիայի ենթարկված անդամներին:

«ՀԱՊԿ-ին դիմելու և ՀԱՊԿ-ի ուժերի աջակցությունը ստանալու համար կան ընթացակարգեր. երբ երկրի ներսում գնահատվում է իրադրությունը, և երբ պատերազմի սկսումը անխուսափելի է, գերատեսչությունների կողմից աշխատանքային ալգորիթմների շրջանում համապատասխան առաջարկություն է արվում երկրի նախագահին, ովէլ դիմում է ՀԱՊԿ-ի ղեկավարությանը։ Չեմ կարծում, որ այսօր իրավիճակն այնպիսին է, որ մենք պետք է դիմենք ՀԱՊԿ-ին»,- ասաց նախարարը։

«Եթե այսպիսի հրաձգությունների, փոքր, մանր խախտումների դեպքում հայկական բանակը չպետք է կարողանա արձագանքել, ապա այդ բանակը ինչի՞ է հարկավոր: Այսօր հայկական բանակը օրըստօրե ավելի մարտունակ է դառնում, ի վիճակի է ինքնուրույն այդ խնդիրները լուծել»,- ասաց Օհանյանը:

«Երկրագնդի վրա չկա որևիցե մի հակամարտության գոտի, որտեղ առանց երրորդ ուժի կարողանան ուժերի հավասարակշռության շնորհիվ պահպանել հարաբերական հրադադարը։ Այսօր մենք և մեր սահմաններում, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ԼՂ պաշտպանության բանակի ուժերով՝ առանց երրորդ ուժի, ուժերի հավասարակշռության շնորհիվ պահպանում ենք իրադրությունը»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով.- «Այլ բան է, որ ասենք ցույց տալ և տեղեկացնել, որ նրանք համապատասխան հայտարարություն անեն։ Այդ մասին իմ հանդիպման ժամանակ Նիկոլայ Նիկոլայևիչ Բորդյուժային ասվել է, որպեսզի հավասարակշռված մոտեցում ցուցաբերեն խախտումների նկատմամբ և անպայման փորձեն շեշտել, թե որ կողմից է խախտումը իրականացվել։ Միանգամից ասեմ, որ երբևիցե ի սկզբանե մեր կողմից խախտումներ չեն եղել»։

Երևանյան համաժողովում ներկա էր նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ով լրագրողներին փոխանցեց, թե հայ-ադրբեջանական սահմանին առկա լարված իրադրության հարցը Հայաստանի նախագահն ու ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը բազմիցս բարձրացրել են կազմակերպությունում, սակայն հարցը ընդամենը եղել է քննարկումների առարկա, որը «անպայման չի նշանակում որևէ բանաձևի, հայտարարության ընդունում, և նշանակում է հետևել իրավիճակի զարգացմանն ու առաջարկներ պատրաստել վերադաս մարմինններին՝ որոշումների կայացման համար»:

Սեմերիկովը մանրամասնեց՝ եթե առաջանում է ճգնաժամային իրավիճակ, արտաքին ագրեսիայի վտանգ, ըստ կարգի, ՀԱՊԿ անդամ-պետության ղեկավարը պետք է դիմի կազմակերպության խորհրդին, և վերջինս է որոշում աջակցություն ցուցաբերե՞լ, թե՝ ոչ:

«Լեռնային Ղարաբաղը գտնվում է ՀԱՊԿ տեսադաշտում»,- հայտարարեց Բորդյուժայի տեղակալը:

«Ազատության» այն հարցին՝ արդյոք այդ խոսքերը նշանակու՞մ են, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում ՀԱՊԿ-ն ներգրավվելու է, Վալերի Սեմերիկովը արձագանքեց.- «Այդ հարցը կարգավորված է ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածով՝ սպառնալիքը կազմակերպության անդամ-երկրի նկատմամբ հանդիսանում է սպառնալիք ողջ կազմակերպության համար: Այնուհետև, որոշումները կայացվում են ոչ թե ՀԱՊԿ քարտուղարության, ոչ թե գլխավոր քարտուղարի տեղակալի կողմից, այլ՝ կազմակերպության խորհրդի կողմից»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG