Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվեց նախագահի թեկնածու


Թուրքիայի գործող նախագահ Աբդուլա Գյուլը ասել է, որ օգոստոսի 10-ի ընտրություններին չի առաջադրվելու:

Երեքշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվեց նախագահի թեկնածու:

Անկարայում «Արդարություն և զարգացում» կուսակցության բազմամարդ՝ ավելի քան չորս հազար անդամների մասնակցությամբ տեղի ունեցած հավաքում Էրդողանի թեկնածությունը առաջադրեց կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը:

Նախագահական ընտրությունները անցկացվելու են օգոստոսի 10-ին: Սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիայի նախագահը առաջին անգամ ընտրվելու է ժողովրդի կողմից՝ ուղիղ քվեարկության միջոցով, 5 տարի ժամկետով: Մինչ այժմ նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից:

Գործող նախագահ Աբդուլա Գյուլը, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվում է օգոստոսի 28-ին, ասել է, որ առաջիկա ընտրություններին չի առաջադրվելու:

Էրդողանը, ով 11 տարի երկրի վարչապետն է, շարունակում է մեծ հեղինակություն ունենալ, չնայած նա ու նրա կառավարության անդամներից մի քանիսը և նրանց ընտանիքի անդամները մեղադրվում էին կոռուպցիոն վերջին սկանդալային գործարքներին առնչություն ունենալու մեջ:

Էրդողանի վարչապետության տարիներին Թուրքիայի տնտեսությունը վերելք է ապրել, բայց նա քննադատվում է ավտորիտար կառավարման, մարդու իրավունքների ու խոսքի ազատության սահմանափակումների և բռանաճնշումների համար:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին մասնակցող քաղաքական մյուս ուժերին՝ հիշեցնենք, որ Թուրքիայի երկու խոշոր ընդդիմադիր կուսակցությունները՝ Ժողովրդա-հանրապետականն ու Ազգային շարժումը միասնական թեկնածու են առաջադրել Էքմելլեդին Իսհանօղլուին: Նա «Իսլամական համաժողով» կազմակերպության նախկին գլխավոր քարտուղարն է: Իսկ քրդական կազմակերպությունը նախագահի թեկնածու է հռչակել Սալահադին Դեմիրթաշին:

Առաջին փուլում հաղթելու համար պահանջվում է հավաքել ընտրողների 50 տոկոսից ավելիի ձայները: Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չկարողանա հաղթանակի հասնել, ապա երկրորդ փուլը անցկացվելու է օգոստոսի 24-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG