Մատչելիության հղումներ

Մոսկվան մտադիր է զարգացնել տնտեսական համագործակցությունը Բաքվի հետ


Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Ուլյուկաև, արխիվ

Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Ուլյուկաև, արխիվ

Ռուսաստանի արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթ նպատակներից է Հարավային Կովկասի ամենադինամիկ զարգացող երկիր՝ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունը։ Այս մասին «Российская газета» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, ով վերջերս Բաքու էր այցելել։

Նախարարը թերթին հիշեցրել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործում է ազատ առևտրի ռեժիմը, ստորագրված են միջպետական և միջկառավարական մի շարք պայմանագրեր և համաձայնագրեր։ Նրա խոսքով՝ իրավական և տրանսպորտային սահմանափակումներն այն հիմնական խոչընդոտններն են, որ խանգարում են ներդրումներին ու թույլ չեն տալիս է՛լ ավելի զարգացնել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները։

Ռուսաստանը մտադիր է է՛լ ավելի զարգացնել տնտեսական համագործակցությունը Ադրբեջանի հետ մասնավորապես Կասպից ծովում։ Բացի այդ, Բաքուն ու Մոսկվան մտադիր են բարելավել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորող իրավական դաշտը։ Այս նպատակով պատրաստվում են մի շարք նոր պայմանագրեր, որոնք կմեծացնեն փոխադարձ ներդրումների ծավալը, ընդ որում՝ խոսքը բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության ոլորտներին առնչվող նախագծերի մասին է։

Ուլյուկաևը համարում է, որ փոխադարձ ներդրումների ծավալը կարող է հասնել միլիարդների։ Ռուսաստանը, օրինակ, ուսումնասիրում է Ադրբեջանում երկաթգծերի և էներգետիկ սարքավորումների արտադրության համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը։

Իսկ, օրինակ, ընթացիկ տարվա վեց ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 800 միլիոն դոլար, ընդ որում՝ ռուսական արտահանումը կազմել է 500 միլիոն։ Հայտնի է, որ այս գումարի հսկայական մասն առաջացել է զենքի առևտրից։

XS
SM
MD
LG