Մատչելիության հղումներ

Նյու Յորքի փողոցներից մեկը կարող է շուտով անվանակոչվել գրող Սերգեյ Դովլաթովի անունով: Քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել Քուինս թաղամասի փողոցներից մեկը, որտեղ ավելի քան տասը տարի ապրել է Դովլաթովը, Dovlatov Way անվանելու որոշումը: Այժմ հերթը քաղաքապետ Բիլ դե Բլասիոյինն է, ով պետք է արդեն ընդունված օրինագծին իր ստորագրությամբ օրենքի ուժ տա:

Դեռ դեկտեմբերին Դովլաթովի գրական ժառանգության գնահատողները Change.org կայքում ստորագրահավաք էին սկսել, նպատակն էր 20 հազար ստորագրություն հավաքել ի աջակցություն գաղափարի իրագործման: Այս պահին ստորագրությունների թիվը 18 հազարից մի փոքր է անցնում, սակայն դա չի խանգարել, որ Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանության արժանացնի որոշումը:

Փողոցն անվանակոչելու գաղափարը սկիզբ է առել հուշատախտակի տեղադրումից, նշում են նախաձեռնության հեղինակները: 2013 թվականին ստորագրահավաքի միջոցով մի հուշատախտակ բացվեց այն շենքի վրա, որտեղ ապրել է Դովլաթովը, դրանից հետո արդեն փողոցի այդ հատվածը գրողի անունով անվանակոչելու գաղափար ծնվեց:

«Ազատություն» ռադիոկայանն այս առիթով զրուցել է Դովլաթովի դստեր` Կատերինայի հետ, ով ասում է, որ շատ հպարտ կլինի, եթե քաղաքապետ Բիլ դե Բլասիոն ստորագրի այդ որոշումը:

«Կարծում եմ, եթե իմ հայրը ողջ լիներ, նա նույնպես թերևս դա կընկալեր որպես արտակարգ պատիվ», - ասում է Դովլաթովի դուստրը` նշելով, որ անվանակոչել ցանկանում են հենց այն փողոցը, որում երկար տարիներ ապրել է իր հայրը․ - «Դա այն տեղն է, որտեղ մեր ընտանիքն էր ապրում` Ֆորեսթ Հիլում, և այս փողոցում այժմ էլ մինչ օրս ապրում է մայրս: Եվ այնտեղ է, որ նա ապրել է 12 տարի` Նյու Յորք գալուց հետո, և որտեղ գրել է իր գործերի մեծ մասը, որ հրատարակվել են Միացյալ Նահանգներում իր կենդանության օրոք»:

Ինքը Կատերինան ևս թարգմանում է իր հոր գործերը: Ասում է, որ անընդհատ վերադառնում է դրանց, քանի որ կարծես դեռ մի անավարտ զրույց ունի նրա հետ, և անընդհատ իր կյանքի ամեն մի փուլում հոր գործերը իրեն ասելիք ունեն:

Սերգեյ Դովլաթովի դուստրը կարծում է, որ փողոցի այս անվանակոչման շնորհիվ շատ ավելի շատ մարդիկ կիմանան նրա անունը և կառնչվեն նրա գրքերին նաև թարգմանությունների միջոցով:

XS
SM
MD
LG