Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի թանկացման լուրն ահուսարսափ է դարձել շատերի համար


Հայաստանում, ուր ըստ պաշտոնական տվյալների, յուրաքանչյուր երրորդն աղքատ է, շատերն են ահուսարսափով սպասում էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացմանը:

Մեր այցելած ընտանիքներից մեկի միակ եկամուտը 67-ամյա Օվսաննա Սարգսյանի 40 հազար դրամ թոշակն է: «Ազատության» հետ զրույցում Օվսաննան ասաց, որ որդին երիտասարդ տարիքում մահացել է, կրտսեր թոռն այժմ բանակում է, ավագ թոռը երկարամյա գործազրկությունից հետո ստիպված մեկնել է արտերկիր, սակայն այնտեղ էլ դեռ աշխատանք չի գտել: Ընտանիքի հինգ անդամներից այս պահին երեքն են Հայաստանում՝ Օվսաննան, հարսն ու չափահաս թոռնուհին:

Հսկայական ճեղքերով տան պատերն ու հատակը, թույլ չեն տալիս, որպեսզի ընդամենը 21 քառակուսի մետր տարածքում ձմռանը չցրտահարվելու համար գոնե մի փոքր տաքություն մնա: Փորձում են հոսանք խնայել, բայց քանի որ տանը պատուհաններ չկան, ստիպված են գիշեր-ցերեկ լույսը միացնել: 45-ամա Մարգարիտա Թամոյանի միակ խնդիրն է ճանապարհ գտնել ինչ-որ կերպ հոսանքը խնայելու ու ցրտից չսառչելու համար։

Ընտանիքի միակ եկամուտից՝ սկեսուրի 40 հազար դրամ թոշակից 11 հազարը ծախսվում է էլեկտրաէներգիայի վրա և սա դեռ ամռանը: Զրուցակիցս մտահոգված է՝ ինչպե՞ս են ապրելու թանկանալուց հետո։

«Կարող է նենց ամիս լինի, ընդհանրապես հոսանքազրկվեմ, չկարողանամ տակից դուրս գամ»,- ասում է Մարգարիտան։

Թեման հիմա ողջ շենքով են քննարկում, հարևանուհին՝ Անահիտ Չիլոյանն արցունքն աչքերին պատմում է, որ արդեն 300 հազար դրամ էլեկտրաէներգիայի պարտք են կուտակել, չեն կարողանում մուծել, տան միակ աշխատողն ինքն է: Ընտանիքի՝ ընդամենը 60 հազար դրամ ընդհանուր եկամուտը չի բավականացնում տան պատերի նորոգման, պատուհաններն ապակիներով ապահովելու, փոքրիկ թոռնիկի, երկու աղջիկների ու կալանավայրում գտնվող որդու կարիքները հոգալու համար: Կիսավեր տան տիրուհին անգամ այսօր չի կարողանում վճարել հոսանքի վարձը, չի պատկերացնում, թե օգոստոսից հետո ի՞նչ է անելու։

«Լույսը չեմ կարում մուծեմ, հո զոռով չի, եթե հնարավոր է, թող օգնեն։ Էդ թանկացումն էլ եղավ, ո՞նց եմ տալու... ուրեմն պիտի ոչ լույս միացնեմ, ոչ հեռուստացույց, ոչ սառնարան։ Միանգամից թող քոռ դանակով մորթեն, պրծնենք»,- ասում է նա։

Էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա բարձրացումը գույժ է անգամ միջին խավի ընտանիքների համար: Մեզ հետ զրույցներում անցորդներից մի քանիսն ասացին, որ աշխատանք ունեն, միջին աշխատավարձ են ստանում, բայց անգամ այդ դեպքում ակնկալվող շուրջ 4 դրամ թանկացման դեպքում մեծ դժվարությամբ են մուծելու էլեկտրաէներգիայի վճարը:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է թանկացնել էլեկտրաէներգիան և ներկայիս 38 դրամ սակագինը բարձրացնել մոտ 4 դրամով: Վաղը սպասվում է հանձնաժողովի որոշիչ նիստը:

XS
SM
MD
LG