Մատչելիության հղումներ

70-ամյա թոշակառուին ազատազրկում է սպառնում


70-ամյա Կարո Մարությանը նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար՝ 2009 թվականին վաճառած իր 2 մեքենաների համար:

Մարությանի նկատմամբ նաև վարչական վարույթ է սկսվել՝ վաճառքից հետո հարկային հաշվետվություն չներկայացնելու համար, և հուլիսի 15-ին նշանակված է դատական նիստը:

Կամո Մարությանն ասում է, որ ինքը տեղյակ չի եղել, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում 2009 թվականին փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն ինքը մեկ տարվա ընթացքում կարող էր վաճառել միայն մեկ մեքենա, հակառակ դեպքում՝ պարտավորված պետք է լիներ երկրորդ և մնացյալ մեքենաների վաճառքից ստացված գումարի 20 տոկոսը վճարել որպես ԱԱՀ:

Մարությանի խոսքով՝ ինքը 2009-ին 5 միլիոն դրամով վաճառել է երկրորդ մեքենան, սակայն իրեն ծանուցում չի եկել չվճարված հարկի մասին և միայն 2011-ին է իմացել, որ 1 միլիոն դրամի հարկը երկու տարվա ընթացքում կուտակված տույժ և տուգանքների հետևանքով եռապատկվել է՝ դառնալով 3 միլիոն: Նա նշում է, որ եթե իմանար փոփոխության մասին և իսկապես ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվեր, իր անունով չէր գրանցի երկրորդ մեքենան, ինչպես շատերն են անում։

«Եթե զբաղվեի, ես կիմանայի ոնց շրջանցել օրենքը, ոնց որ բոլորն են շրջանցում՝ իրենց հոպարի, հորքուրի, մորքուրի անունով, հավատարմագրով բերում են ու ամեն ինչ լինում է տեղը տեղին: Բայց ես ավտոներկրող չեմ, ես ոնց որ ընկել եմ ծուղակը: Չգիտեմ հարկային տեռոր ասեմ, ինչ ասեմ», - պատմում էր Մարությանը:

Թոշակառուի խոսքով, իմանալով տուգանքի և քրեական գործի մասին, հենց հարկայինում կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց․ սրտի կաթված է ստացել և 4 միլիոն դրամի վիրահատություն տարել։ Նա ասում է, որ վերջերս նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանին է նամակ ուղղել, սակայն դեռևս ոչ մի արձագանք չի ստացել:

Իրավաբան Մկրտիչ Մուրադյանի խոսքով, օրենսդրական փոփոխություններից հետո պետական մարմինները պետք է հետամուտ լինեն՝ տեղեկացնելու շահառուներին դրանց մասին: Քաղաքացին անտեղյակ է եղել ամիսներ առաջ կատարված փոփոխության մասին և կանգնել է փաստի առջև: Բացի այդ, եթե վաճառքից հետո քաղաքացին տեղեկանար մեկ միլիոն դրամ հարկի մասին, գուցե հենց այդ ժամանակ վճարեր և այն երկու տարվա տույժ ու տուգանքների պատճառով չէր եռապատկվի։

«Դուք պատկերացրեք էսօրվա սոցիալական վիճակում մարդ պետք է 3 միլիոն դրամ վճարի միայն այն բանի համար, որ չի իմացել, որ հարկային փոփոխություն կա», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավաբանը:

Նրա խոսքով 3 միլիոնը չվճարելու դեպքում տարեց մարդուն ազատազրկում է սպառնում․ - «Էս դեպքում իրեն կսպառնա մինչև 3 տարի կալանք, կամ էլ տուն-տեղը պիտի վաճառի, որ բյուջեի նկատմամբ ունեցած պարտք ու պահանջը կատարի»:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ իրականում Մարությանը ապօրինի ձեռնարկատիրությամբ է զբաղվել․ առանց պետական գրանցման և հարկային հաշվառման 2 մեքենա է ներկրել և վաճառել, ինչը զուգորդվել է պետությանն առանձնակի մեծ վնաս պատճառելով: Արդյունքում քրեական գործ է հարուցվել:

Կամո Մարությանը սակայն նշում է, որ մեղավոր չէ և չի պատրաստվում վճարել 3 միլիոն դրամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG