Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում ընդունվել է Հայաստանի պատվիրակության առաջարկը


Հայաստանի պատվիրակությունը առաջարկել էր, որ հավասարապես ներկայացվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները։

Բաքվում անցկացվող ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում ընդունվել է Հայաստանի պատվիրակության առաջարկը։ Այս նստաշրջանում հռչակագիր է ընդունվելու, որը կոչվում է «Հելսինկի գումարած 40. հանուն յուրաքանչյուր անհատի անվտանգության»։

Քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում մի քանի տասնյակ առաջարկներ հնչեցին։ Հայաստանի պատվիրակությունը ևս առաջարկեց լրացում կատարել բանաձևում։ Առաջարկի իմաստն այն է, որ հավասարապես ներկայացվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները։

Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ասել է, որ լրացումը հիմնված է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունների վրա, Հայաստանի նախագահը հավանություն է տվել դրան։

Գեղամյանը հույս է հայտնել, որ մյուս պատվիրակությունները ևս կողմ կքվեարկեն իր առաջարկին, քանի որ այն հիմնված է նրանց նախագահների հայտարարությունների վրա։ Հայաստանի պատվիրակության առաջարկը քվեարկությամբ ընդունվեց։

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը առաջին անգամ է անցկացվում Բաքվում, արդեն երրորդ օրն է՝ նիստերը շարունակվում են։

Մշտական հանձնաժողովում շաբաթ օրը անցկացված նիստում Արտաշես Գեղամյանը իր ելույթում նախ արձագանքել է մինչ այդ հնչած որոշ պատգամավորների ելույթներին՝ նշելով, որ լսելով գործընկերներին՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հելսինկյան եզրափակիչ ակտը կազմված է ոչ թե իրավահավասար տասը սկզբունքներից, այլ ընդամենը մեկ սկզբունքից, որը պաշտպանում է տարածքային ամբողջականությունը:

Իսկ ո՞ւ ր է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը, շեշտել է Գեղամյանը՝ նշելով, որ ինքնորոշման սկզբունքը ամրագրված է նաև ՄԱԿ-ի կանոնադրությունում:

Հիշեցնելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ Գեղամյանը այնուհետև սկսել է պաշտպանել Ռուսաստանի ներկայացուցչի դիրքորոշումը, ով առաջարկել էր օրակարգից հանել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի քննարկումները:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը ասել է, թե նախկին Խորհրդային Միության, իսկ հիմա՝ ԱՊՀ-ի բոլոր քաղաքացիների համար դա շատ ցավալի հարց է, հայերի համար դժվար է առանձնացնել ուկրաինացիներին ռուսաստանցիներից, դա մեծ քաղաքակրթություն է, որի ակունքները գալիս են Կիևյան Ռուսիայից:

Հայաստանի պատվիրակության ղեկավարի կարծիքով՝ ուկրաինական ճգնաժամին անդրադառնալը կարող է խանգարել բանակցային գործընթացին, նկատելի դրական տեղաշարժին, նա հիշեցրել է Հիպոկրատի խորհուրդը՝ «մի՛ վնասիր»:

Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Արտաշես Գեղամյանը իր ելույթում խոսել է արձագանքելով մինչ այդ հնչած կարծիքներից մեկին, թե Միացյալ Նահանգները հզոր երկիր է և կարող է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:

Գեղամյանը ասել է, թե նման պնդումները վտանգավոր են, քանի որ անտեսվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, և ընդհանրապես՝ ինչի՞ է պետք ԵԱՀԿ-ն, եթե միջազգային դատավոր կա՝ ի դեմս Միացյալ Նահանգների:

«Հավասարապես հարգանքով ենք վերաբերվում Մինսկի խմբի համանախագահող միջնորդ երկրներին՝ Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Ռուսաստանին»,- ասել է նա։

«Մեր նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի շուրթերով բազմիցս հայտարարվել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղության համաձայնագրի համար հիմք կա, որը հիմնված է համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների նախագահների համատեղ հայտարարությունների վրա»:

Եվ վերջում, նորից անդրադառնալով Ուկրաինայի ճգնաժամին, Գեղամյանը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի հարցով բանաձևի ընդունումը կխորացնի ռազմական հակամարտությունը։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում անդրադարձ կա Հայաստանի պատվիրակության մասնակցությանը Բաքվում անցկացվող վեհաժողովի տարեկան նիստին: Նշվում է, որ Հայաստանի պատվիրակության ղեկավարը նիստերի ընդմիջմանը առանց վախի ու անվստահության շփվում է ադրբեջանացիների հետ. որքան էլ տարաձայնությունները խորը լինեն, այնուամենայնիվ հանդուրժողականությունը հնարավոր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG