Մատչելիության հղումներ

Նախագահը շնորհավորանքներ է ստանում պետությունների ղեկավարներից


Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում, 8-ը մայիսի, 2014թ․

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում, 8-ը մայիսի, 2014թ․

Ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սարգսյանին 60-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Պուտինի ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ձեր գործունեությունը Նախագահի պաշտոնում և ավելի վաղ այլ պատասխանատու պետական պաշտոններում Ձեզ արդարացիորեն արժանացրել է հայրենակիցների հարգանքին և միջազգային ասպարեզում բարձր հեղինակության: Դուք անձնական մեծ ներդրում եք կատարում մեր երկրների միջև դաշնակցային գործընկերության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ ռուս - հայկական փոխշահավետ կապերի ամբողջ համալիրի հետագա զարգացմանը կնպաստի եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի առաջիկա լիամասշտաբ միացումը: Անկեղծորեն թանկ եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը: Ուրախ կլինեմ Ձեզ հետ շփումը և համատեղ սերտ աշխատանքը շարունակելու՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների»:

Չինաստանի նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ես բարձր եմ գնահատում այն մեծ ջանքերը, որ Դուք ներդնում եք հայ - չինական հարաբերությունների զարգացման գործում՝ ուղղված համակողմանի համագործակցության ակտիվ առաջխաղացմանը: Հայ - չինական հարաբերությունների զարգացմանը մեծ ուշադրություն հատկացնելով՝ ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին մեծ ջանքեր ներդնել երկկողմ քաղաքական գործակցության խորացման, ավանդական բարեկամության ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների»:

Ռուսաստանի նախագահը Սերժ Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքները փոխանցել է նաև այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ: Կրեմլի մամլո ծառայությունը փոխանցում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի կողմից առաջիկայում լայնածավալ մասնակցության հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG