Մատչելիության հղումներ

Պետական մարմինները կտուգանվեն հայերեն թարգմանություն չապահովելու դեպքում


Հայաստանի պետական մարմինները կտուգանվեն, եթե հրապարակային միջոցառումների ժամանակ շարունակեն չապահովել այլ լեզուներին զուգահեռ հայերեն թարգմանություն, ինչպես օրենքն է պահանջում, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

«Անկասկած, ես կարծում եմ, որ մենք առաջիկայում կգնանք այդ քայլերին, եթե այդ խախտումները պարբերական բնույթ կրեն և տիրապետող դառնան։ Այսինքն այն պատրաստակամությունը, որ տվյալ պարագայում, օրինակ, կա Ազգային ժողովից, Արտաքին գործերի նախարարությունից, մենք խոսել ենք, քննարկել ենք այդ հարցերը։ Նրանք պետք է ձգտեն, աշխատեն, որպեսզի այդպիսի օրինակներ չլինեն»,- ասաց Երիցյանը։

Երիցյանը մանրամասնեց, որ «Լեզվի մասին» օրենքի դրույթները խախտելու համար նախատեսված է 200 հազար դրամ տուգանք:

Հայաստանում հայոց լեզվի պաշտպանության հարցը հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ նախորդ շաբաթներին հայաստանյան մի քանի պետական կառույցներ հրապարակային միջոցառումները անցկացրեցին միայն ռուսերենով՝ խախտելով «Լեզվի մասին» օրենքը, որը պետական մարմիններից պահանջում է «ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանություն»:

Այն, որ Հայաստանի պետական մարմինները չեն կատարում «Լեզվի մասին» օրենքի պահանջները և չեն ապահովում զուգահեռ թարգմանությունը, օրինակները բազմաթիվ են։

Վերջին օրինակը հունիսի 23-ին էր, երբ արտգործնախարարությունում Էդվարդ Նալբանդյան - Սերգեյ Լավրով ասուլիսն անցկացվեց ռուսերենով՝ հայերեն զուգահեռ թարգմանություն չկար:

Էլ ավելի վաղ՝ հունիսի 16-ին, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կազմակերպած և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին նվիրված միջոցառումը նույնպես միայն ռուսերեն էր՝ առանց թարգմանության: Իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին փոխնախարար Գառնիկ Բադալյանից՝ ինչու՞ չկա հայերեն զուգահեռ թարգմանություն, փոխնախարարը խորհուրդ տվեց. - «[Հայոց] լեզվի մասին օրենքը գնացեք ուրիշ տեղ պաշտպանեք»:

«Լեզվի մասին» օրենքի ամենակոպիտ խախտումը գրանցվեց Ազգային ժողովում: Հունիսի 11-ին այնտեղ հյուրընկալել էին Ռուսաստանի նախագահի տեսակետները քարոզող «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին, իսկ միջոցառումը, դարձյալ, միայն ռուսերեն էր:

Լեզվի պետական տեսչության կանոնադրության համաձայն, հենց այդ կառույցը պետք է հետևի, որպեսզի օրենքի պահանջները կատարվեն և խախտողներն էլ տուգանվեն:

Սերգո Երիցյանը «Ազատությանը» փոխանցեց, որ նշված դեպքերի կապակցությամբ իրենք զրույցներ են ունեցել տվյալ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, եղել են զգուշացումներ:

«Մենք առայժմ ձեր նշած փաստերի հետ կապված, փորձեմ այսպե ասել, զրույցներ ենք ունեցել, քննարկումներ ենք ունեցել բանավոր մակարդակով։ Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում, նման իրավիճակների կրկնելու հետ կապված, նաև պետք է գործնական քայլեր կատարվեն, այսինքն դրանք կարող են նաև տուգանքներ առաջացնեն»,-ասաց Երիցյանը։

Ի դեպ, տեսչության պետը նաև նշեց, որ «Լեզվի մասին» օրենքի խախտման համար, անկասկած, պատասխանատվությունը ոչ միայն պետական մարմինը պետք է կրի, այլև այն պաշտոնյան, ում մեղքով այդ խախտումը տեղի է ունեցել:

Գրող Արքմենիկ Նիկողոսյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանություններն այսօր գործնականում քայլեր չեն ձեռնարկում «Լեզվի մասին» օրենքի պահանջները կատարելու համար:

«Եթե կիսելյովների նման մարդիկ գալիս են և նման անպատկառ կեցվածք են ընդունում մեր երկրում՝ մեր իսկ Ազգային ժողովում, և այդ տեսակ անպատկառությամբ ռուսերենի գերակայության խնդիր են դնում, մուննաթ են գալիս, նշանակում է, որ իրոք [հայոց լեզուն] պաշտպանված չէ մեր իշխանությունների կողմից,- ասաց Նիկողոսյանն ու հավելեց.-«Երբ ընդամենը հետևում ես մեր պատգամավորների, կառավարության անդամների լեզվին, ելույթներին, տեսնում ես, որ նրանք իրենց վատ, հայհոյախառն հայերենով ամեն ինչ անում են հայոց լեզուն անպաշտպան դարձնելու համար»:

XS
SM
MD
LG