Մատչելիության հղումներ

logo-print

Ունեզրկված գործարարը պահանջում է հարցաքննել Տիգրան Սարգսյանին


Ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պահանջում է, որ օֆշորային հայտնի գործով հարցաքննվի նաև նախկին վարչապետ, այժմ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը:

«Ազատության» հետ զրույցում Փայլակ Հայրապետյանը փոխանցեց, որ գործը քննող քննիչն իրեն ասել է, թե Վրաստանից Հայաստան տեղափոխված նախկին գործարար Աշոտ Սուքիասյանն այժմ հարցաքննվում է, և երբ գործը հասնի առերեսման՝ իրեն նույնպես կհրավիրեն:

Սակայն ունեցվածքն ամբողջությամբ կորցրած 78-ամյա Հայրապետյանը պահանջում է, որ Աշոտ Սուքիասյանից բացի հարցաքննվի նաև նախկին վարչապետը, քանի որ հենց նրա օգնությամբ է «Ամերիա» բանկը Աշոտ Սուքիասյանին 12 միլիոն դոլարի վարկ տվել, ինչի դիմաց էլ Հայրապետյանը գրավադրել էր իր ողջ ունեցվածքը: Բանկը բիզնես ծրագիր է կազմել, ըստ որի Աշոտ Սուքիասյանին պատկանող հանքում 10 մետր խորության վրա առկա են 10 հազար տոննա ոսկի և մոտ 10 միլիոն կարատ ադամանդ, ինչի արդյունահանման վրա էլ պետք է ծախսվեին վարկային գումարները: Սակայն Փայլակ Հայրապետյանը հետագայում հասկացել է, որ իրեն խաբել են և որ նման հանքեր անգամ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չունեն:

«Իմ պահանջը՝ որպես տուժող, բոլորը պետք է հարցաքննվեն, և ես բոլորի հետ առերեսման նստեմ։ Դեսպանին էլ թող հրավիրեն, գա, տենց դեսպաններ են գնացել ու եկել։ Ուզում եմ հարցաքննվեն, որովհետև գումար են տվել Աշոտ Սուքիասյանին, իսկ դա եղել է վարչապետի օգնությամբ, վարչապետն է ասել, որ տվել են։ Եթե վարչապետը չասեր, չերաշխավորեր, էդ գումարները չէին ստանա, մենք էլ էս օրը չէինք ընկնի»,- ասաց Հայրապետյանը։

Փայլակ Հայրապետյանն պնդում է՝ այս գործը, որում ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ, ամբողջությամբ բացահայտված է: Փաստեր կան, թե ինչպես են իր գույքի դիմաց տրված միլիոնները փոխանցվել Կիպրոսում գրանցված օֆշորային կազմակերպությանը, որի բաժնետերերը, ըստ «Հետք»-ի, Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Կճոյանն ու կալանավորված Աշոտ Սուքիասյանն են:

«Եվ ի՞նչ է արել գումարները... ուղարկել է Աշոտի, Սարգսյանի, Կճոյանի անունով՝ 9 միլիոն 200 հազար։ Ես ո՞նց չբողոքեմ։ Փաստաթուղթն էլ կա, որ օֆշորային գոտուց գումարները ետ են եկել Հայաստան։ Թե ինչ են արել էստեղ, պիտի իրենք ցուցմունք տան։ Ստեղ վարչապետը, Աշոտը, Աֆրիկայի խուլիգանները միասին 2009 թվականից են որոշել էս հանցագործությունը անել»,- ասաց Հայրապետյանը։

Նախկին միլիոնատերը վստահեցնում է՝ մինչև իր ունեցվածքը ետ չստանա, չի հանգստանալու, քանի որ իր 30-40 տարվա աշխատանքն են խաբեությամբ յուրացրել: Նա պնդում է, թե ԱՄՆ-ում դեսպան նշանակվելով Տիգրան Սարգսյանը պատասխանատվությունից չի ազատվելու: Փայլակ Հայրապետյանն ասում է, թե ԱՄՆ-ում 600 նախկին աշխատողներ ունի, ովքեր անհրաժեշտության դեպքում հենց Միացյալ Նահանգներում Տիգրան Սարգսյանի դեմ բողոքի ակցիաներ կիրականացնեն:

«Ինչի՞ց պիտի փախնեն... չեն կարող։ Էնտեղ 600 ընտանիք կա, ամեն ինչ անելու եմ, հաստատ բոլորը գնալու են բերդ։ Ոչ մեկը անպատասխան չի մնալու։ Անպայման նախկին վարչապետը պիտի բերդ գնա։ Որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վստահի այսօրվա մեր ղեկավարության, նրան հրապարակային պիտի դատեն, որ մեր ժողովուրդը էլ չփախնի»,- ասաց Հայրապետյանը։

Հավելենք, որ ունեզրկված գործարարը այս ամսվա սկզբին դիմել է նաև ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նրան ուղարկելով այս գործի բոլոր մանրամասները: 78-ամյա Հայրապետյանը խնդրել է միջոցներ ձեռնարկել իրեն պատճառված վնասները վերականգնելու հարցում: Հովիկ Աբրահամյանն առայսօր չի պատասխանել:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG