Մատչելիության հղումներ

Մինսկն ու Աստանան չեն միանում Կիևի դեմ Մոսկվայի սահմանափակումներին


Սլավոնական ժողովուրդների եղբայրության մասին գրությամբ վահանակ և Բարեկամության հուշարձանը բելառուս-ռուս-ուկրաինական սահմանին, 28-ը հունիսի, 2014թ․

Սլավոնական ժողովուրդների եղբայրության մասին գրությամբ վահանակ և Բարեկամության հուշարձանը բելառուս-ռուս-ուկրաինական սահմանին, 28-ը հունիսի, 2014թ․

«Բելառուսն ու Ղազախստանը հրաժարվել են աջակցել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ սահմանափակումներ մտցնելու հարցում», - գրել է այսօր ռուսական «Վեդոմոստի»-ն, ընդգծելով՝ Կրեմլն այժմ ստիպված է միակողմանի քայլեր ձեռնարկել եվրաինտեգրումն ընտրած Կիևին պատժելու համար:

«Դեռևս նախագահ Յանուկովիչի պաշտոնավարման օրոք էր Ռուսաստանը սպառնացել սահմանափակումներ մտցնել, եթե Կիևը ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, այս դիրքորոշումը այսօր էլ մնում է ուժի մեջ», - թերթին ասել է այս հարցով բանակցող ռուսաստանցի պաշտոնյաներից մեկը: Նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ մանրամասնել է՝ պատասխան քայլերը կձեռնարկվեն, երբ եվրոպական համաձայնագիրը մտնի ուժի մեջ:

«Խոստացված այդ սահմանափակումները մտցնելու համար, սակայն, Ռուսաստանին անհրաժեշտ է Մաքսային միության անդամ գործընկերների՝ Ղազախստանի ու Բելառուսի աջակցությունը, մինչդեռ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերջին նիստում երկու երկրներն էլ մերժել են ուկրաինական ապրանքների համար նոր ռեժիմ սահմանելու Ռուսաստանի առաջարկը», - գրում է թերթը:

Բելառուսի փոխվարչապետ Սերգեյ Ռումասը հաստատել է այս տեղեկությունը և ընդգծել, որ իրենք Կրեմլի առաջարկին կտրուկ դեմ են արտահայտվել: «Քանի որ առայժմ հնարավոր չէ գնահատել՝ ինչ ազդեցություն կունենա Ուկրաինայի եվրաինտեգրումը Մաքսային միության տնտեսության վրա, հապշտապ որոշումներ կայացնելու կարիք չկա», - պարզաբանել է Բելառուսի փոխվարչապետը:

«Եվ քանի որ Մինսկն ու Աստանան չեն համաձայնել, Ռուսաստանը, Մաքսային միության կանոնադրության համաձայն, միակողմանի որոշումներ ընդունելու իրավունք է ստացել», - պարզաբանել են «Վեդոմոստի»-ի աղբյուրներն ու մանրամասնել՝ Ռուսաստանն այժմ ուզում է վերացնել ԱՊՀ-ի համաձայնագրով Ուկրաինային տրված արտոնությունները և զրոյական մաքսատուրքի փոխարեն մինչև 7 տոկոս տուրք սահմանել ուկրաինական ապրանքների համար:

«Մենք հասկանում ենք մեր ղազախ ու բելառուս գործընկերներին», - «Վեդոմոստի»-ին ասել է Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչը, պարզաբանելով՝ Ղազախստանն այժմ բանակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ և չի ուզում դուրս գալ այդ բանակցությունների խիստ շրջանակից՝ մտավախություն ունենալով, որ Ուկրաինան կարող է արգելափակել իր անդամակցությունը, Բելառուսն էլ 600 կիլոմետրանոց սահման ունի Ուկրաինայի հետ, որը փակել տեխնիկապես շատ դժվար է, տնտեսապես՝ ոչ շահավետ:

Հարկ է նշել, սակայն, որ դաշնակիցների շահերն ու մտավախությունները հասկանալով հանդերձ՝ Կրեմլը չի հրաժարվում ի վերջո նրանց համոզելու և Ուկրաինայի դեմ միասնական ճակատ կազմելու մտքից: «Սա մի հարց է, որը վերաբերում է բոլորին՝ Ուկրաինային, Ռուսաստանին ու տնտեսական միասնական տարածքի մեր գործընկերներին», - թերթի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու ընդգծել․ - «Պատասխան քայլեր այսպես թե այնպես պետք է ձեռնարկվեն, և մենք շարունակում ենք երկխոսությունը, որպեսզի դրանք լինենք համատեղ, ոչ թե միայն Ռուսաստանի կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG