Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա»


Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում «Ժառանգության» 10-րդ համագումարում: Երևան, 28-ը հունիսի, 2014 թ.
Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում «Ժառանգության» 10-րդ համագումարում: Երևան, 28-ը հունիսի, 2014 թ.

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կուսակցության տասներորդ համագումարում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը հանուն Հայաստանի Հանրապետության պետք է հրաժարական տա։

«Հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն դրոշակի պարոն Սարգսյանը իր իշխանությամբ հանդերձ պետք է հրաժարական տա», - համագումարի ամբիոնից հայտարարեց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Մեղավոր է ոչ միայն նա` որպես գլխավոր, այլ նաև մենք. մենք կանք, և ուրիշ ոչինչ»:

«Ժառանգության» առաջնորդը շեշտեց, թե որքան արագ հեռանան Սարգսյանն ու իր թիմը, այնքան լավ, և որ «Ժառանգության» իշխանափոխության կոչը շարունակում է մնալ կուսակցության քաղաքական օրակարգում՝ անկախ այն հանգամանքից, որ ոչ իշխանական քառյակը նման պահանջ չի ներկայացրել։

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչու «Ժառանգություն»-ը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը չի ներառել ոչ իշխանական քառյակի պահանջների ցանկում, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Յուրաքանչյուր ուժ նաև ունի իր օրակարգը, և եթե «Ժառանգությանը» մնար միայնակ, մենք կունենայինք ոչ թե 12 կետ, կունենայինք 120 կետ. թե' ներքին, թե' արտաքին քաղաքականություն, իշխանափոխություն... և կասեինք հիմա: Մենք կարծում ենք, որ ուշանում ենք, որ կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, մեր սուբյեկտությունը: Մեր մարդու իրավունքների վիճակը վատթարանում է, աղքատություն, արտագաղթ և այլն: Այսինքն սրանք հարցեր են, որոնք պետք է մտահոգեն բոլորին»:

Անցած նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր գործիչը հույս ունի, որ այդուամենայնիվ, քառյակի օրակարգը ժամանակի ընթացքում կընդլյանվի՝ ներառելով նաև իշխանափոխության հարցը։ «Եթե անգամ այդպես չլինի, «Ժառանգություն»-ը պատրաստ է գնալ իշխանափոխության` հույսը դնելով նաև հանրության լայն շերտերի վրա», - ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ իրենք պատրաստ են դա անել մինչև հերթական ընտրությունները:

Հիշեցնեմ, որ իշխանական քառյակն իր պահանջները կատարելու համար մինչև աշուն ժամանակ է տվել իշխանություններին։ Այն հարցին, թե դրանցից որևէ մեկի չկատարման դեպքում ինչ գործողությունների կդիմի «Ժառանգություն»-ը, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Մենք ասում ենք, որ պետք է տեղի ունենա սահմանադրական հեղափոխություն այս չընտրված իշխանությունների փոփոխման միջոցով: Եվ ես կարծում եմ, որ խորհրդարանում մեր բոլոր գործընկերները, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնությունները գիտեն, որ այդ տեղի պետք է ունենա ավելի շուտ, քան ուշ: Մենք կողմնակից են արագ և ամբողջական գործելու մեթոդաբանության, բայց խորհրդարանական համագործակցությունը բերել է աշնան իրենց որոշման, թող խորհրդարանական համագործակցությունը դա անի: Բայց դրանից այն կողմ, ես կարծում եմ, որ պետք է նոր, գլոբալ նպատակ լինի, և այդ նպատակը, կարծում եմ, որ Սահմանադրությունը վերադարձնել ժողովրդին»:

Լրագրողներից մեկի հարցին, թե եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն ունենա քառյակի գործունեությանը, ինչ դիրքորոշում կգրավի «ժառանգություն»-ը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ Քոչարյանի առնչությունը չի տեսնում քառյակի հարցում. - «Եթե եղավ, եթե ինքը ստեղծի կուսակցություն, եթե ասի, որ` ես ներկայացնում եմ այս ուղղությունը, այն ժամանակ ես կարձագանքեմ։ Բայց ես կարծում եմ, որ շատ հարցեր կան, որ պետք է պարզվեն մինչև նման վերադարձը լինի»:

Հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ըստ էության կիսել էր քառյակի պահանջներում տեղ գտած մտահոգությունները։

ԱՄՆ-ից վերջերս վերադարձած Զարուհի Փոստանջյանն ավելի կոշտ էր Քոչարյանի հարցում։ Անդրադառնալով երկրորդ նախագահի հնարավոր համագործակցությունը քառյակի հետ, Փոստանջյանն ասաց. - «Իհարկե, տարօրինակ չէ: Որովհետև ԲՀԿ կուսակցությունը ստեղծվել է անմիջական մասնակցությամբ Ռոբերտ Քոչարյանի»:

Դիտարկմանը, թե իրենք այժմ փաստորեն համագործակցում են Քոչարյանի հետ, Փոստանջյանն արձագանքեց. - «Խորհրդարանական խմբակցության համագործակցության աշխատանք է: Բայց եթե այդտեղ արդեն Ռոբերտ Քոչարյանը գալու է ու փորձելու է չգիտեմ ինչ ձևաչափով… Եթե ձևաչափը այն լինի, որ ինքը պատրաստ է լինել որպես մեղադրյալ, այո, մենք կհամագործակցենք: Եթե ինքը պատրաստ է գալ, զղջալ, հայցել ներողամտություն, իհարկե, հասարակությունը և դատարանը պետք է որոշի` արդյո՞ք նրան ներել, թե ոչ, այդ դեպքում` միգուցե, որովհետև բոլոր մարդիկ ներման իրավունք ունեն»:

Րաֆֆի Հովհաննիսյանը համագումարի իր ելույթում նշեց, որ Հայաստանի իշխանությունները Հայաստանի անունից չեն կարող միջազգային ասպարեզում որևէ փաստաթուղթ ստորագրել։ Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը անդամակցությանը դեմ հանդես եկող կուսակցության առաջնորդը մեկ անմգամ ևս շեշտեց, որ կողմ են եվրաինտեգրմանը:

«Չորս տարի իրենք բանակցեցին, մի գիշերվա մեջ փոխեցին, և մեր պահանջը որն էր` հրապարակեք, հանրայնացրեք, թե որ է մեր շահը: Ես մինչև հիմա մեր շահը չեմ տեսնում և կոնկրետ այս իշխանության օրոք ես բացառում եմ, որ Հայաստանի ազգային շահին համապատասխան կարող է որևէ բան ստորագրվել», - ասաց նա:

«Ժառանգության» համագումարը կուսակցության վարչության նախագահ ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին։

XS
SM
MD
LG