Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 5-ի գործով մեղադրվողներից ոչ մեկը չընդունեց մեղադրանքը


Ուրբաթ օրը նախքան Շանթ Հարությունյանի և մյուս 13 անձանց գործով դատավարությունը դատարանի դահլիճում իրարանցում սկսվեց:

Նոյեմբերի 5-ի գործով դատական այսօրվա նիստից առաջ ոստիկաններից մեկը Շահեն Հարությունյանին արգելեց նստել հոր մոտ, որից հետո քաշքշուկ սկսվեց։ Նախորդ դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել էր, որ Շահեն Հարությունյանը կարող է նստել հոր կողքին, քանի որ երկուսի պաշտպանն էլ նույն փաստաբանն է՝ Ինեսա Պետրոսյանը: Այս մասին հիշեցրեց Շանթ Հարությունյանը, բայց ոստիկանները շարունակեցին քաշքշել 11-րդ դասարանի աշակերտ, նոյեմբերի 5-ին բարձրախոսով ոստիկանին ուղեղի ցնցում պատճառելու մեջ մեղադրվող Շահենին։

Մի պահ Շանթ Հարությունյանին դուրս տարան դատարանի դահլիճից, իսկ երբ դատավորը պետք է ներս մտներ, նրան կրկին բերեցին, հայտարարեց, որ դատարանի դահլիճում կա մի ոստիկան, ով մի քանի անգամ փորձել է վեճ հրահրել և նույնիսկ իրեն ասել է, որ իր նկատմամբ ևս 3-4 հոդված ավելացնելու է:

«Եթե մարդը գալիս ա ասում ա՝ խոստանում եմ Ձեր վրա հոդված, էդ մարդուն ես ի՞նչ ասեմ», - ասաց Հարությունյանը։

Շանթ Հարությունյանը բացատրեց, թե իրեն մեկուսացրել են քաղաքական նպատակներով. - «Երկրում կատարվող կամ Հայաստանի հետ առնչվող միջազգային որևէ իրավիճակում ես միշտ հայտնել եմ իմ դիրքորոշումը։ Ինձ մեկուսացրել են միայն նրա համար, որ ես դուրսը չկարողանամ դիմադրություն կազմակերպեմ էն բոլոր դավաճանական քայլերին, որը էսօր կատարում է Հայաստանի իշխանությունը Մոսկվայի հանձնարարություններով։ Ուստի ես դատական նիստերի դահլիճում ևս պետք է խոսեմ և պաշտպանեմ էն տեսակետները, որոնց համար ինձ մեկուսացրել են»։

Նա դիմեց ԱԱԾ-i աշխատակիցներին. - «Եթե Հայաստանի ԱԱԾ-ում իսկապես կան հատուկենտ հայրենասերներ, ինչին անկեղծորեն կասկածում եմ, ապա նրանց կոչ եմ անում չվախենալ ռուսական ԿԳԲ-ից ու Պուտինից և վճռական պայքար սկսել հայրենիքը դավաճանող չեկիստների դեմ։ Միաժամանակ ԱԱԾ-ի բոլոր դավաճաններին զգուշացնում եմ ռուսական ԿԳԲ-ն ձեզ չի կարողանալու փրկել խստագույն պատժից՝ լինեք պրեզիդենտ, թե վարչապետ, նախարար, թե ԿԳԲ-ի գեներալ, այնպիսի պատիժ եք կրելու, որ բանտը ձեզ դրախտ է թվալու»։

Մեղադրող Գևորգ Գևորգյանը հրապարակեց մեղադրականը, ըստ որի Շանթ Հարությունյանը որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով։ Մեղադրանքն ընդունել չընդունելու մասին դատավարի հարցին Հարությունյանը պատասածնեց ափսոսանքով.- «Եթե մի տեղ սխալվել եմ, մեղավոր չեմ ուզում ասեմ, որ նախագահականի դեմը պիտի էդ միլիցեքին տփեի»։

Ալբերտ Մարգարյանի մեղադրանքը ներկայացնելիս մեղադրող Գևորգյանն օգտագործեց «չարտոնված երթ» բառակապակցությունը։ Մարգարյանն ասաց, որ մեղադրանքը պարզ չէ, նա ևս չընդունեց մեղադրանքը։ Մարգարյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը հարցրեց, թե ի՞նչ է նշանակում «չարտոնված երթ»-ը, 2011 թվականից հետո նման հասկացություն օրենքում չկա։

Ալեք Պողոսյանն ասաց, որ երթի է դուրս եկել, քանի որ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու այլ տարբերակ չկա.- «Հայաստանի հանրապետությունում իշխանություն ժողովրդին այլ ճանապարհով հանձնել հնարավոր չի», - ասաց Պողոսյանը։

Խուլիգանության մեջ մեղադրվող Արմեն Հովհաննիսյանը ևս հերքեց իրեն առաջադրված մեղադրանքը. - «Ես խուլիգանություն չեմ կատարել, ես օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից և արտահայտել եմ իմ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետությունում տիրող իշխանական բեսպրեդելի և պռաիզվոլի նկատմամբ»։

Հայկ Հարությունյանին բացի խուլիգանությունից առաջադրվել է նաև հոգեմետ նյութ պահելու մեղադրանք։ Նա բացատրեց, որ խոսքն իրականում ոչ թե հոգեմետ նյութի մասին է, այլ շան դեղի, «որն օգտագործում են շների բուժման համար»։

«Ես որպես խուլիգան չեմ կարող մեղադրվել, ինձ շատ-շատ կարող եք մեղադրել Հայաստանի հանրապետության սրտացավ քաղաքացի լինելու համար», - հայտարարեց Հարությունյանը։

Լիպարիտ Պետրոսյանը, ոստիկանին դիմադրություն ցույց տալու զուգորդմամբ խուլիգանության մեղադրանքը լսելով, ասաց, որ օգտագործելով իր սահմանադրական իրավունքը կատարել է պատժիչ գործողություններ հայրենիքի թշնամիների նկատմամբ։

Սևակ Մնացականյանը, իր մասով մեղադրականը լսելով, հայտարարեց. - «Մենք խուլիգանությունից հեռու ենք այնքանով, ինչքան մեր կառավարությունը պետական մտածելակերպից»։

Վարդան Վարդանյանը մեղադրականի հրապարակումից հետո հարցադրումներ հնչեցրեց. - «Այսինքն, դուք ուզում եք ասեք, որ հայկական բանակի փոխգնդապետը կարա խուլիգան լինի՞, երեք անգամ վիրավորված մարդը, տասնքանի հատ մեդալ ունեցող մարդը ո՞նց կարա խուլիգան լինի։ Երկու նախագահ ինձ մեդալ ա տվել, խուլիգանների՞ն են պարգևատրում»։

11-րդ դասարանի աշակերտ Շահեն Հարությունյանը ասաց, որ միշտ եղել է հոր կողքին, եթե 2008-ին էլ մեծ լիներ, էլի կմասնակցեր տեղի ունեցած դեպքերին։ Այսպիսով ամբաստանյալներից որևէ մեկը չընդունեց մեղադրանքը։

XS
SM
MD
LG