Մատչելիության հղումներ

Երկարաձգվել են սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումները


Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումներն օրերս երկարաձգվել են առնվազն երեք ամսով:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Ազատության» հետ զրույցում ասաց` այդ ընթացքում թե' հիմնական տեքստը որոշակի կդառնա, թե' հասարակության գնահատականը. - «Առաջարկությունը նաև մեզանից էլ է գալիս: Մտածումը հետևյալն էր` որպեսզի քննարկումները տեղափոխվեն նաև մարզեր»:

Իշխանությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ծրագրում է անցկացնել մինչև 2016 թվականի սկիզբը: Հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը ներկայացվեց այս տարվա ապրիլին: Առաջարկ հնչեց անցում կատարել կառավարման մոդելի և հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

Վերջին տարիներին ընտրական համակարգի փոփոխության` մեծամասնականը վերացնելու նախաձեռնություններով բազմիցս հանդես եկած խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, սակայն, Սահմանադրությունը բարեփոխելու իշխանության բարի նպատակներին այդպես էլ չհավատացին:

Քառյակից միայն Դաշնակցությունը ողջունեց իշխանության նախաձեռնությունը: ՀԱԿ-ի առաջնորդ, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անգամ հայտարարեց` որևէ քաղաքական ուժ, որը կաջակցի սահմանադրական բարեփոխումների ձախորդ նախաձեռնությանը, կդառնա Հայաստանի գերեզմանափորի` Սերժ Սարգսյանի, ու նրա գլխավորած Հանրապետական կոչվող ավազակախմբի մեղսակիցը: Առաջին նախագահն առաջարկեց սահմանադրական հանրաքվեն վերածել համազգային անվստահության ցույցի` այդ դարձնելով իշխանափոխության վերջին հանգրվանը:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումները երկարաձգելու պատճառներն իշխանությունն անկեղծ չի ներկայացնում: Ժամկետները փոխելը, նրա կարծիքով, նախ և առաջ հասարակական հետաքրքրության պակասով, նաև քաղաքական ուժերի քննադատական կեցվածքով է պայմանավորված:

«Հասարակական վստահությունը բավականին ցածր է, և դրա հիմնավոր առիթներ կան: Ինչպիսին կուտակային համակարգի մասին օրենքն էր: Կարծում եմ, գիտակցում են, որ շուտափույթ և առանց հասարակության ներգրավվածության փակել այս էջը որպես հանրային լայն քննարկումների փուլ, թերևս կարող է վտանգավոր լինել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Սաֆարյանը կարևոր է համարում, որ ընդդիմադիրները կուլ չտան իշխանության խայծը. - «Իշխանության կողմից առաջարկված բազմաթիվ գաղափարներ կարող են ուղղակի խայծ լինել ընդդիմադիր կուսակցություններին պրոցեսի մեջ ներքաշելու համար: Ամենևին չի նշանակում, թե, օրինակ, եթե Հանրապետական կուսակցությունն ասել է, որ բարեփոխումների արդյունքում հարյուր տոկոսական համամասնական ընտրակարգի են անցնելու, դա այդպես էլ լինելու է»:

Ազգային ժողովի 131 տեղերից 41-ը զբաղեցնում են մեծամասնականով Երևանից ու մարզերից ընտրված պատգամավորները, 90-ը` համամասնական ցուցակներում ընդգրկվածները:

Սաֆարյանը խիստ կասկածում է, որ մեծամասնականով ընտրված իշխանական պատգամավորները թույլ կտան համակարգի փոփոխություն. - «Չի բացառվում, որ խավը իր լոբբինգով բերի և կանգնեցնի նրա վրա, որ կանգ առնեն ինչ-որ մի միջանկյալ թվի վրա. ասենք, 41-ը դառնա 31»:

«Ազատության» հետ զրույցում գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ) չթաքցրեց, որ ինքը դեմ է մեծամասնականը վերացնելուն. - «Տարիներ շարունակ կամաց-կամաց մեծամասնական ընտրատարածքների թիվը պակասեցրել ենք և ի վերջո եկել-հասել ենք 41-ի: Միգուցե հետագայում այդ 41-ն էլ չնչին` ասենք, մի 20 տոկոսով պակասեցվի, բայց ընդհանրապես անցնել հարյուր տոկոսանոց համամասնականին, ես դեմ եմ»:

Մանվել Բադեյանն Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 22 ընտրատարածքից (Գեղարքունիքի մարզ), բայց երևանցի է: «Համամասնական կամ մեծամասնական ընտրակարգը ոչինչ չի որոշում: Կարելի է ունենալ հարյուր տոկոսով համամասնական Ազգային ժողով` խիստ կոռումպացված, և ընդհակառակը: Այստեղ խնդիրը գլխաքանակի մեջ չի: Այնպես որ, այդ խոսակցությունները ընտրակարգի փոփոխության մասին, տանում են այն մարդիկ, ովքեր փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության անդամը:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով` միանշանակ չէ, որ փոփոխությունները կընդունվեն հանրաքվեով. - «Որքան էլ իշխանությունը ռեսուրսներ ունենա այդ հանրաքվեն կեղծիքներով կազմակերպելու, ինչպես որ դա արեց Լևոն Տեր-Պետրոսյանը 1995 թվականին, կամ Ռոբերտ Քոչարյանը 2005 թվականին, միևնույն է, դա չի տա այն ակնկալվող արդյունքը, ինչը սպասվում է»:

Հարցին, թե հնարավոր է, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվե ընդհանրապես չանցկացվի, Գալուստ Սահակյանն արձագանքեց. - «Ես կարծում եմ, դա հարված կլինի ընդհանուր այն բարեփոխումներին, որոնց պահանջագիր է ներկայացնում թե' հասարակությունը, թե' ընդդիմությունը»:

XS
SM
MD
LG