Մատչելիության հղումներ

logo-print

Ապամոնտաժված շենքերի քարերը շրջապատված են աղբով ու թափոններով


19-րդ դարավերջին կառուցված Աֆրիկյանների շենքն այժմ օրական 80-100 քար է կորցնում: Չնայած ակտիվիստների պայքարին՝ շինարարները քար առ քար քանդում են հուշարձանն ու տեղափոխում ամայի մի տարածք, որտեղ պահվում են դեռ տարիներ առաջ Երևանից ապամոնտաժված մյուս հին շենքերի բեկորները:

Տարածքը պահվում է «յոթ կողպեքի տակ»: Առանց թույլտվոթւյան այստեղ անհնար է մտնել: Մեզ այստեղ ուղեկցեց Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը: Անմիջապես աչքի զարնեց, որ խնամքով իրար կողք-կողքի շարված մշակութային բեկորներն ու քարերը շրջապատված են աղբով ու շինարարական թափոնով: Այվազյանը վստահեցրեց, սակայն, թե տարածքը աղբից մաքրվում է:

Տարածքը հսկող որևէ ոստիկան չկար: Եվ դա այն դեպքում, երբ, օրինակ, Տերյան 11-ում այս պահին էլ տասնյակ ոստիկանները աչալրջրեն հետևում են, որ ակտիվիստները հանկարծ չվնասեն հուշարձանը շրջապատող և իրենից որևէ ճարտարապետական արժեք չներկայացնող թիթեղյա պատնեշը:

«Եթե պետք լինի տեսախցիկներ կտեղադրենք», - շտապեց հավաստիացնել Այվազյանը: Իսկ հարցին, թե չեն փչանում արդյոք քարերը բաց երկնքի տակ՝ անձևից, փոշուց, քամուց, Այվազյանը պատասխանեց՝ ծածկի տեղադրման աշխատանքները կմեկարկեն հենց վաղվանից:

Աֆրիկյանների շենքից 300-350 քար արդեն իսկ ապամոնտաժվել ու այս տարածք է տեղափոխվել: Շուտով դրանց կողքին կդրվեն նաև Աֆրիկյանների պատշգամբների փայտե հատվածները: Այվազյանը փոխանցեց, որ առաջիկայում Մշակույթի նախարարության և կառուցապատող «Միլիենիում Քոնստրաքշն»-ի միջև արձանագրություն կկազմվի՝ քարերի ապամոնտաժման, տեղափոխման և պահեստավորման վերաբերյալ:

Մեր դիտարկմանը, թե որոշ քարեր արդեն հայտնվել են աղբանոցում, Այվազյանը հակադարձեց՝ եթե այդպիսի բան լիներ, ինքն առաջինը կիմանար:

Ի դեպ այս տարածքում են պահվում նաև Արամի 11, Պուշկին 28, Բյուզանդ 26 ապամոնտաժված շենքերի արժեքավոր բեկորները: Հիշեցնենք, որ «հանուն էլիտարների» քանդված այս շենքերը, ըստ իշխանությունների խոստումների, մի օր կրկին պետք է կառուցվեն «Հին Երևան» նախագծում, որը, սակայն, 8 տարուց ավելի է իրականություն չի դառնում:

Մեզ թույլ չտվեցին նկարահանել տարիներ առաջ ապամոնտաժված քարերը՝ խոստովանելով, որ դրանք այդքան էլ լավ չեն պահպանվել: Հարցին՝ մտահոգություն չկա՞, որ նույն ճակատագրին կարժանա նաև Աֆրիկյանների շենքը, հատկապես եթե ևս 8 տարով հետաձգվի «Հին Երևան» ծրագրի իրականացումը, Այվազյանը խոստովանեց՝ չի բացառվում, որ հին քարերի 20-30 տոկոսը փչանա, սակայն խոստացավ՝ դրանք կփոխարինվեն նորերով:

Ու մինչ «Հին Երևան» նախագծի իրականացումը մնում է թղթի վրա, քանդվող շենքերի փոխարեն վեր են խոյանում էլիտարները: Աֆրիկանների շենքին, օրինակ, փոխարինելու է գալու նոր հյուրանոցային համալիր:

«Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանին, սակայն, բովանդակային այդ տարբերությունը այդքան էլ չի հուզում. - «Բնական է, որ շենքը քանդվում ա, տարածք կա էնտեղ, տեղում պտի շենք իրականանա: Հո փոս չեն անելու, կանգնեն կողքը աղոթեն»:

XS
SM
MD
LG