Մատչելիության հղումներ

Ուսումնասիրություն. «Ատկատների» չափը ավելացել է


«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի փորձագետ Արտակ Մանուկյանը:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի փորձագետ Արտակ Մանուկյանը:

Վերջին երեք տարիների ընթացքում, ինչպես վկայում է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրականացրած պետական գնումների համակարգի մոնիտորինգը, «ատկատների» չափն ավելացել է:

Կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով`« ատկատները» ավելացել են, քանի որ ներկայումս գնումները կատարվում են ուղիղ կերպով՝ պետական տարբեր գերատեսչությունների կողմից: Մինչև 2011 թվականը, հիշեցնենք, գնումնեը կենտրոնացված կերպով կատարում էր մեկ մարմին՝ Պետական գնումների գործակալությունը:

«Ելնելով նրանից, որ մարմիններն ավելի շատ են, մենք կարող են պնդել, որ ատկատի ընդհանուր չափերը, ի հաշիվ հաճախականության, շատացել են», - ասաց Մանուկյանը:

Հակակոռուպցիոն կենտրոնի ուսումնասիրությունը փաստում է նաև, որ պետական գնումերի կեսը կատարվում է առանց մրցույթների: Ամենից հաճախ առանց մրցույթի գնումներ կատարում են մարզպետարանները: Այս առումով առաջին տասնյակում տարբեր տարիների հայտնվել են նաև Կրթության և գիտության, Մշակույթի, Գյուղատնտեսության նախարարությունները։

Ուսումնասիրության ուշադրության դաշտում են հայտվել նաև այն ընկերությունները, որոնցից առանց մրցույթի գնումներ են կատարվել 4 և ավելի անգամ: Պարզվել է, որ այդ ընկերությունները պատահական չեն ընտրվում: Արտակ Մանուկյանի փոխանցմամբ` Լոռու մարզպետարանը, օրինակ, գնումներ է արել «Արգիշտի 1» ընկերությունից , որը, ինչպես պարզվել է, Վանաձորի քաղաքապետի եղբորը պատկանող ընկերություն է։ Կամ Արագածոտնի մազպերատարանի կողմից 4 դպրոցների հիմնանորոգման համար հայտարարված մրցույթում շահել է մարզպետի եղբոր ընկերությունը:

«Ավելին: Նաև փորձեցինք ուսումնասիրել, թե ովքեր են այդ մարմինների հիմնադիրները: Եվ տեսանք, որ հատկապես մարզպետարաններում դրանք հիմնականում գործող մարզպետների կամ բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք են», - նշեց Մանուկյանը` հավելելով, որ ուսումնասիրել են նաև այդ ընկերությունների աշխատանքի թափանցիկությունը և արձանագրել, որ «վիճակն աղետալի է»:

Արտակ Մանուկյանը ուշագրավ է համարում նաև այն, որ մի շարք նման դեպքերի մասին հրապարակումներ են եղել մամուլում, սակայն դրանցից որևէ մեկի վերաբերյալ համապատասխան մարմինների արձագանք այդպես էլ չի եղել:

Նշենք, որ այս ուսումնասիրության ներկայացմանը հրավիրված էր նաև Ֆինանսների նախարարության ներկայացուցիչրը, որը, սակայն, հրաժարվեց մեկնաբանություններից:

XS
SM
MD
LG