Մատչելիության հղումներ

Տերյան 23-ի բնակիչները խոստանում են դիմել ինքնապաշտպանության


Տերյան 23-ի բնակիչները խոստանում են դիմել ինքնապաշտպանության
please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00

Այսօր բնակիչները շենքի դիմաց կազմակերպել էին բողոքի ցույց, որի ընթացքում հայտարարեցին, թե համաձայն չեն Կառավարության որոշման հետ, ուստի հանրային գերակա շահ ճանաչված շենքը չեն լքելու։

Պարզվում է, որ Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի հարևանությամբ մոտ 240 հազար դոլար շուկայական արժեքով 4 սենյականոց բնակարանի դիմաց կարելի է առաջարկել ընդամենը 80 հազար դոլարի փոխհատուցում։

Այդպիսի բնակարաններից մեկի տերը՝ տիկին Գայանեն կառուցապատողից բացի այլ գնորդներ չունի, քանի որ շենքը Կառավարության կողմից ճանաչվել է իրացման գոտի և հանձնվել է գործարար Սամվել Մայրապետյանին, որը բնակարանի համար շուկայականից մի քանի անգամ ցածր գին է առաջարկում։

Ծնված օրվանից այստեղ բնակվող Գայանեն չի հասկանում, թե ինչու է գործարարը արդեն մի քանի տարի փորձում տիրանալ իրենց տարածքին և այդտեղ նոր շենք կառուցել, երբ հարևանությամբ գտնվող Հյուսիսային պողոտան դատարկ է։

«Չեն ապրում, դատարկ անապատ է, ոչ ոք չի ապրում։ Այ սենց անցեք ու տեսեք՝ ինչքան պատուհան է վառվում, չբնակեցված շենքերն են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գայանեն։

Տերյան փողոցում գտնվող և «SOS» գրությամբ դրոշներով հայտնի այս շենքի բնակիչները արդեն 12 տարի է պայքարում են իրենց սեփական բնակարանում ապրելու համար։ Ոչ մի պաշտոնյա մինչև այսօր չի կարողանում բացատրել բնակիչներին, թե ինչու է շենքը ճանաչվել քանդման ենթակա։

Տարիներ առաջ այս շենքում բնակարան գնած տիկին Ֆլորայի խոսքով` այսպիսի հարմարավետ և ամուր բնակարան իրենք այլ տեղ չեն գտել։

«Շենքը նույնիսկ ճաք չունի, սա շատ ամուր տուն է։ Ուղղակի ինչ-որ մի խումբ ուզում է այս տարածքներում տուն ունենալ։ Իսկ մեզ առաջարկում են մի գին, որի մասին չեմ էլ ուզում ասել՝ էն ծայրամասերի տների գնին», - «Ազատության»-ն ասաց տիկին Ֆլորան։

Նախորդ տարվա օգոստոսին արդեն 4-րդ անգամ Կառավարությունը այս շենքը ճանաչեց իրացման գոտի։

Բնակիչների խոսքով՝ մոտ 3 տարի առաջ իրենց բակի խաղահրապարակի տարածքում սկսեցին բարձրահարկ շենք կառուցել։ Վերջերս էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, թե այն կառուցվում է բնակիչների խնդրանքով, որպեսզի նրանք տեղափոխվեն այնտեղ բնակվելու։ Բնակիչներից Վարդան Գերավետյանը հայտարարեց, որ դա բացարձակ սուտ է։

«Ուրեմն ես հայտարարում եմ, որ դա բացարձակ կեղծիք ու սուտ է։ Եթե Տարոն Մարգարյանն ունի պատիվ, թող պատիվ պահանջի ինձանից և մեր բնակիչներից», - բարձրախոսով հայտարարեց Գերավետյանը։

Բողոքի ցույցի ընթացքում բնակիչները բաց նամակ հղեցին նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին և քաղաքապետին՝ զգուշացնելով, որ պայքարելու են մինչև վերջ և վերջերս սեփական միջոցներով վերանորոգած շենքը չեն լքելու։

«Մենք դիմելու ենք ինքնապաշտպանության։ Կլինի դա Վանի, Սասունի կամ չգիտեմ ինչի, կարևորը թող ականջներին օղ անեն՝ դեռ Նժդեհներ ու Անդրանիկներ մեր ազգի մեջ կան», - ասաց Գերավետյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG