Մատչելիության հղումներ

Յուրի Վարդանյանը «չի կարողանա բարձրացնել իր առջև դրված ծանրաձողը»


«Ծանրաձողը, որը դրված է Յուրի Վարդանյանի առջև, նա չի կարող բարձրացնել»,- «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Յուրի Վարդանյանին Վրաստանում դեսպան նշանակելու փաստին:

Փորձառու դիվանագետը, ով երկար տարիներ Մերձավոր Արևելքում, Ավստրիայում և Հունգարիայում ղեկավարել է ԽՍՀՄ և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, որևէ տրամաբանություն չի գտնում ծանրամարտի օլիմպիական չեմպիոնին Հայաստանի համար խիստ կարևորություն ունեցող երկրում դեսպան նշանակելու որոշման մեջ:

«Մի բան է, ասենք, գոնե նշանակել օլիգարխ, որը առևտրական ոլորտներում փորձ ունի, այդպիսի դեպքեր կան, բոլորովին այլ է սպորտսմենը, ով շատ լավ անձնավորություն է, բայց մարդ է, ով շատ հեռու է քաղաքականությունից և դիվանագիտությունից։ Ես կարծում եմ, որ այդ ծանրաձողը, որ դրված է Յուրի Վարդանյանի առաջ, նա չի կարող բարձրացնել»,- ասաց Նավասարդյանը։

Դիվանագետը զարմանում է, թե ինչպես կարող էին ծանրամարտիկին դեսպան նշանակել մի երկրում, որն ամենակարևորներից է Հայաստանի համար. ընդհակառակը՝ Վրաստանում անհրաժեշտ ունենալ փորձառու, բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող դիվանագետ, ով հեղինակություն կվայելեր ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային դիվանագիտական կորպուսում:

Նավասարդյանն ասում է՝ կարելի է «մեգաֆոնային դիվանագիտությամբ» հայտարարել, որ մենք եղբայրական հարաբերություններ ունենք Վրաստանի հետ, բայց իրականությունն այլ է: Այնտեղ իրոք շատ մեծ խնդիրներ կան՝ վրաց-ադրբեջանական, վրաց-թուրքական հարաբերությունները, Ռուսաստանի հետ ունեցած խնդիրները, կոմունիկացիոն հարցերը և վերջապես Ջավախքի հետ կախված խնդիրը: Այս ամենը հաշվի առնելով՝ փորձառու դիվանագետը կարծում է, որ ծանրամարտիկին նման բարձր պատասխանատվության տակ դնելու որոշումը հղի է լուրջ վտանգներով:

«Ես դժվարանում եմ ասել, թե ինչու է մնան բան կատարվել։ Միգուցե ուզեցել են մարդուն փոխհատուցեն նրա ծառայությունների դիմաց... չեմ կարող ասել։ Բայց ինչ արվել է, արվել է սխալ։ Մենք սխալը սխալի ետևից ենք անում նշանակումների ժամանակ։ Ես դեռ սրանից 2-3 տարի առաջ ասացի, որ մեծ սխալ էր Շառլ Ազնավուրին դեսպան նշանակելը։ Նույնիսկ գրել եմ, որ «նախագահի ոտքերի տակ բանանի կեղև դրեցին»։ Սա արդեն երկրորդ կեղևն է, որ դրել են նախագահի ոտքերի տակ։ Չի կարելի նման բաներ անել»,- ընդգծեց Նավասարդյանը։

Նախկին արտգործնախարար, ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը նույնպես խիստ վտանգավոր է համարում Հայաստանի դիվանագիտական կորպուսը «թոշակառուների ակումբի» վերածելու քաղաքականությունը:

Նախկին դիվանագետի փոխանցմամբ՝ վերջին տասը տարիների ընթացքում այսպես կոչված պատվավոր աքսոր են ուղարկվում բոլոր այն չկայացած չինովնիկները, ովքեր չեն արդարացրել իրենց պաշտոններում և պետք աշխատանքից ազատվեն: Եվ որպեսզի ռեժիմին ծառայություններ մատուցածներին չնեղացնեն, դեսպան են նշանակում, այդ նույն սկզբունքով նախկին չինովնիկները նախագահի խորհրդականներ են դառնում: Ինչ վերաբերում է ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին, ապա նա դեսպան է նշանակվել այն նույն տրամաբանությամբ, որով և սպորտի նախարար դարձավ, ասում է Արզումանյանը։

«Յուրի Վարդանյանին շատ հարգում եմ որպես ֆանտաստիկ սպորտսմեն, ով մեր երկրի վարկը շատ բարձր է պահել և ֆենոմենալ արդյունքների է հասել։ Բայց այդ տրամաբանությամբ մենք հո չենք խոսում Հենրիկ Մխիթարյանին մշակույթի նախարար կամ դեսպան նշանակելու մասին։ Ամեն մարդ իր բնագավառում հաջողությունների է հասնում, ու կան ժողովրդի ու պետության երախտագիտությունը հայտնելու։ Այդ երախտագիտության ձևերից, չգիտես ինչու, ընտրվեց մարդուն նշանակել նախարար, որը ոչ բնագավառից էր տեղյակ, ոչ էլ կարողանում էր... և այդ փայլուն աշխատանքի շարունակությունը՝ մեզ ներկայացնելու է Վրաստանի Հանրապետությունում»,- ասաց Արզումանյանը։

Նախկին արտգործնախարարն ասում է, թե տեղյակ չէ՝ Վարդանյանը որքանով է ծանոթ հայ-վրացական հարաբերություններում առկա խնդիրներին: Բայց պետք է հաշվի առնել, որ Վրաստանը Հայաստանի համար թիվ մեկ կարևորություն ներկայացնող երկրներից է, այն միակ օդանցքն է դեպի Եվրոպական միություն, հետևաբար նման նշանակում Հայաստանը իրեն կարող էր թույլ տալ, ասենք, Ջամայկայի, բայց ոչ Վրաստանի դեպքում:

«Կարելի է Պանամա կամ Ջամայկա ուղարկել որևէ մարդու, որին ուզում ես աքսոր ուղարկել։ Մենք ունենք չորս հարևան, որոնցից երկուսի հետ գրեթե պատերազմական վիճակում ենք, երրորդ հարևանը մեկուսացված է արտաքին աշխարհի կողմից և միայն մի հարևանն է, որի միջոցով կարող ենք հարաբերվել ոչ միայն Եվրամիության հետ, այլ նաև մեր ստրատեգիական բարեկամ, եղբայրական Ռուսաստանի հետ»։

Ի դեպ, հիշեցնենք, որ Վրաստանում Հայաստանի դեսպանը անցած տարեվերջին հայտնվել էր սկանդալային պատմության մեջ: Յուրի Վարդանյանի որդին կալանավորվեց Իրանից Հայաստան խոշոր չափերի թմրանյութ տեղափոխելու համար:

Դեսպանի պաշտոնում ծանրամարտիկի նշանակումից բացի մեծ արձագանք է ստացել նաև Սերժ Սարգսյանի կողմից նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու որոշումը: Այս դեպքում էլ վերլուծաբանները ընդգծում են, թե անթույլատրելի է օֆոշորային սկանդալի մեջ հայտնված մարդուն դեսպան նշանակել: Մինչդեռ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ասում է՝ եթե պարզվի, որ նախկին վարչապետն իսկապես ներգրավված է եղել այդ ամենում, ապա պետք է կանգնի դատարանի առջև, բայց սա հայ-ամերիկյան հարաբերություններին չի առնչվում:

«Օֆշորային սկանդալը մի կողմ դնելով՝ կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգները հավանաբար շոյված են իրենց զգում, որ մենք նախկին վարչապետ ենք հավատարմագրում որպես դեսպան։ Դա լավ նշանակում է, կարծում եմ, լիովին տիրապետում է պարոն Տիգրան Սարգսյանը հայ-ամերիկյան հարաբերությունների ողջ սպեկտորին, ոչ ամենավատ ընտրությունն է կատարվել»,- ասաց Արզումանյանը։

Դեսպան Արման Նավասարդյանն էլ կարծում է, որ Միացյալ Նահանգներ պետք է ուղարկվեր այնպիսի մի դեսպան, որի անվան շուրջ նման կասկածներ չլինեին.- «Չնայած ես չգիտեմ, դա ինչքանով է իրականությանը համապատասխանում, ես խնդրի այդ մասին չեմ ուզում անդրադառնալ, պարզապես պրոֆեսիոնալ առումով եմ ասում, իհարկե, Տիգրան Սարգսյանը ունի ավելի մեծ փորձ, ավելի բարձր մակարդակ, կարծեմ, լեզու գիտի և այլն, բայց բոլոր դեպքերում նա նորից պրոֆեսիոնալ չէ»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG